Քաղաքացիակենտրոն
լրատվություն

20 տարի խնդիրները չեն լուծվել, և 3 տարում հնարավոր չէ ջրային ռեսուրսների կառավարման նոր համակարգ կառուցել. Մերի Գալստյան

20 տարի խնդիրները չեն լուծվել, և 3 տարում հնարավոր չէ ջրային ռեսուրսների կառավարման նոր համակարգ կառուցել. Մերի Գալստյան
Քաղաքականություն
14:14, 17 август 2021
«Բոլորս էլ գիտենք, որ ջրային ռեսուրսների կառավարման համակարգում եղել են և դեռ կան խնդիրներ, որոնց լուծումը ծախսատար է և ժամանակատար: Եվ եթե այդ խնդիրները 20 տարում չեն լուծվել, հնարավոր չէ 3 տարում համակարգը հիմնովին քանդել և նորը կառուցել»,- հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը և հավելեց, որ դա չի նշանակում, որ համակարգի առողջացման ուղղությամբ չպետք է քայլեր ձեռնարկվեն:

Պատգամավորը ներկայացրեց թվեր, թե 2008-ից մինչև 2018-ը քանի խորանարդ մետր ջրառ է իրականացվել Սևանից. «Հետաքրքիր է, այն ժամանակվա կառավարությունները ջրային ռեսուրսների կառավարման խնդիրների վերաբերյալ ինչպիսի տեսլական են ունեցել և ինչպես են վերաբերվել Սևանից հավելյալ ջրառի խնդիրներին, որոնք այսօր նաև հնչեցվում են»:

Նա ընդգծեց, որ ջրային ռեսուրսներով հարուստ մեր երկրում համակարգը ճիշտ կառավարելու դեպքում կարիք չի լինի լրացուցիչ ջրառի:
Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 17-ին, Ազգային ժողովում մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստ: Օրակարգում Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու ու լուծումներ կատարելու մասին օրենքի նախագիծն է: