Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի քաղաքական էֆեկտիվությունը բարձրացնելու նվազագույն, բայց կարևոր նախադրյալը սահմանների պաշտպանության էֆեկտիվությունն անընդհատ բարձրացնելն է. քաղաքագետ

Հայաստանի քաղաքական էֆեկտիվությունը բարձրացնելու նվազագույն, բայց կարևոր նախադրյալը սահմանների պաշտպանության էֆեկտիվությունն անընդհատ բարձրացնելն է. քաղաքագետ
Քաղաքականություն
18:23, 17 август 2021
«Ստեղծված իրավիճակում առաջին հերթին Հայաստանը պետք է ուժեղացնի սահմանային պաշտպանությունը։ Այլ տարբերակ պարզապես չկա։ Ադրբեջանի գործողությունները պետք է ստանան համարժեք ռազմական պատասխան։ Միայն այդ կերպ է հնարավոր քայլ կատարել Ադրբեջանին զսպելու ուղղությամբ»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հակոբ Բադալյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում, վերջին մի քանի օրերի ընթացքում սահմանային միջադեպերին ու Ադրբեջանի գործողություններին, ինչի հետևանքով հայկական կողմը կրկին զոհեր ունի։ 

Միևնույն ժամանակ, քաղաքագետի խոսքով, պատրանք ունենալ, որ պատասխան գործողությունները Ադրբեջանին զսպելու են՝ մոլորություն է, որովհետև զոհեր ունենում է նաև Ադրբեջանը, բայց Ալիևի համար զինվորները պարզապես ռազմական շանտաժի հումք են: Ադրբեջանն ամենևին չի խորշում թեկուզ զոհերի գնով ամենօրյա լարվածություն պահել սահմանին: 

«Հայաստանի համար ռազմական համարժեք պատասխան տալու կարողությունը նաև քաղաքական գործողությունների էֆեկտիվության նախադրյալ է։ Այսինքն՝ միջազգային հանրության և միջնորդների համարժեք արձագանք ստանալու համար Երևանը առնվազն պետք է կարողանա ռազմական տիրույթում համարժեք պատասխան տալ Ադրբեջանին՝ ցույց տալով, որ Բաքուն այդ ճանապարհով չի կարող  հասնել որևէ քաղաքական նպատակի։ Մնացյալը տեղավորվում է հետպատերազմյան ռեգիոնում դիրքային պայքարով, օրակարգ թելադրելու պայքարով։ Բաքուն փորձում է այդկերպ թելադրել իր օրակարգը՝ ամեն կերպ չեզոքացնել Արցախի կարգավիճակի հարցը օրակարգ բերելու հեռանկարը և օրակարգ բերել «Զանգեզուրի միջանցքի» հարցը»,- ասաց  Բադալյանը։ 

Երևանն էլ իր կարմիր գծերն ունի՝ սակարկության հարց չդարձնել թե միջանցքի, թե Արցախի  կարգավիճակի հարցը։ Եվ քանի որ Հայաստանը գտնվում է աշխարհակարգային ստատուս քվոյի  փլուզվածության և նոր ստատուս քվոյի բացակայության պայմաններում, ապա, ըստ Բադալյանի, մենք երկար ժամանակ դեռևս կգտնվենք այս անկայունության և անընդհատ լարվածության ռեժիմում։ 
Քաղաքագետի խոսքով՝ այն, որ Բաքուն դժգոհում է Հայաստանի սպառազինման մակարդակից, դա թույլ է տալիս մտածել, որ այդ վերականգնման գործընթացն այդուամենայնիվ  տեղի է ունենում։ Այո, լայնամասշտաբ ռազմական գործողություններ այս պահին Հայաստանին պետք չեն, և առնվազն երկար, կայուն միջավայր է անհրաժեշտ այդ վերականգնման  և մեր դիմադրողունակության պրոցեսն առաջ մղելու համար, բայց առնվազն սահմանային սադրանքների փորձերին Հայաստանը պետք է կարողանա պատասխանել։ Դա անհրաժեշտություն է, քանի որ եթե դա  չկարողանանք անել, ապա մեր փոխարեն որևէ այլ սուբյեկտ՝ լինի ՌԴ-ն, թե Մինսկի խմբի որևէ այլ համանախագահող երկիր, դա չի անի, ու մեզ պարզապես կթելադրեն քաղաքական օրակարգ:

«Այո, ռազմական  որևէ գործողություն չի բխում Հայաստանի շահերից, և մենք պետք է անենք առավելագույնը դա թույլ չտալու համար։ Թույլ չտալու քայլերից մեկն էլ այն է, որ մենք սահմանին կարողանանք այդ մակարդակում Ադրբեջանին համարժեք պատասխան տալ։ Ադրբեջանն այսօր ինքն էլ սահմանափակված է ավելի մասշտաբային ռազմական  գործողությունների տեսանկյունից՝ մի շարք պատճառներով։ Դրանցից մեկն էլ այն է, որ ավելի մասշտաբային գործողությունների  դեպքում Ադրբեջանը  ուղիղ իմաստով կարող է  բախվել ռուսական ռազմական ներկայությանը, որը արդեն խնդիր է լինելու Ռուսաստանի համար։ Չարձագանքելը կարող է լուրջ քաղաքական հետևանքներ ունենալ, իսկ  արձագանքելը կարող է հետևանքներ ունենալ Բաքվի համար։ Այսինքն՝ այստեղ իրավիճակն ավելի բարդ է աշխարհաքաղաքական առումով, քան 44-օրյա պատերազմի մեկնարկին իրավիճակը Ադրբեջանի և Թուրքիայի համար։ Ավելի մասշտաբային գործողությունների հավանականությունը էապես քիչ է։ Հետևաբար այս իրավիճակում Հայաստանի համար քաղաքական էֆեկտիվությունը բարձրացնելու նվազագույն, բայց կարևոր նախադրյալը սահմանների պաշտպանության էֆեկտիվությունն անընդհատ բարձրացնելն է»,- եզրափակեց քաղաքագետը։