Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԳՇ պետի շուրջ լարվածությունը օրերի հարց է․ օրենքում հստակ ժամկետներ կան

ԳՇ պետի շուրջ լարվածությունը օրերի հարց է․ օրենքում հստակ ժամկետներ կան
Քաղաքականություն
15:55, 26 февраль 2021
ԳՇ հայտարարությունից հետո իրավիճակի հանգուցալուծում փնտրող հանրապետությանն նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու մասին վարչապետի առաջարկը և այսօր պետք է հանդիպի նրա հետ։ Հիշեցնենք, որ Փաշինյանը երեկ Հանրապետության հրապարակում ասաց, թե զանգահարել և հարց է ուղղել, թե եթե նախագահը չի ստորագրում, նշանակում է՝ միանո՞ւմ է պետական հեղաշրջմանը։  

Սահմանադրագետ Վարդան Այվազյանը Civic.am-ի հետ զրույցում ասաց, որ ԳՇ պետի գործունեության շուրջ առաջացած խնդիրը չի կարող երկար ժամանակ ձգվել․ օրենքով հստակ ժամկետներ կան։ 

Նրա խոսքով՝  խնդիրը կարգավորվում է «Զինծառայության և զինծառայողների մասին» օրենքով, ըստ որի, բարձրագույն զինվորական հրամանատարական կազմին վարչապետի առաջարկությամբ նշանակում է նախագահը, պաշտոնից ազատելն էլ նույն ընթացակարգով է։ 
«3 օրվա ընթացքում  նախագահը պետք է վարչապետին ուղարկի իր հրամանագիրը՝ ազատման կամ նշանակման մասին։ Եթե նախագահը չի ստորագրում վարչապետի առաջարկը, վարչապետի առաջարկն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով»,-ասաց սահմանադրագետը։ 

Ըստ սահամանդրագետի՝ 3 օրվա ընթացքում նախագահն իրավունք ունի հետ ուղարկել կառավարություն վարչապետի առաջարկն՝ իր առարկություններով։  Ըստ նրա՝ նախագահը կարող է առարկել, օրինակ, վարչապետի առաջարկի չհիմնավորվածության հիմքով։ 

Վարչապետը 5 օրվա ընթացքում կամ պետք է առարկություններն ընդունի, կամ պետք է նորից հետ ուղարկի առաջարկը նախագահին։ 
Դրանից հետո նոր նախագահը 3 օրվա ընթացքում իրավունք ունի դիմելու Սահմանադրական դատարան, Սահմանդրական դարատարանն էլ պետք է 10 օրվա ընթացքում որոշում կայացնի։ 

«Դա երկար պրոցես չի կարող լինել։ Եթե վարչապետը շահագրգռված է, կարող է 5 օրը չօգտագործել, և առաջարկը միանգամից հետո ուղարկել՝ նախագահին»,- նշեց սահմանադրագետը։ 

Ասել է թե՝ մոտ 15 օր կարող է տևել ԳՇ պետի պաշտոնանկության շուրջ լարված իրավիճակը։ 

Հիշեցնենք, որ ԳՇ պետի տեղակալի պաշտոանկությունից հետո ԳՇ-ն պետ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ հայտարարություն էր տարածել՝  պահանջելով վարչապետի ու կառավարության հրաժարականը։ 

Մարինե Խառատյան