Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ը, ի հեճուկս Ալիևի, ևս մեկ անգամ հստակեցնում է, որ Արցախի կարգավիճակի հարցը լուծված չէ. Արցախի ԱԳ նախարար

ԱՄՆ-ը, ի հեճուկս Ալիևի, ևս մեկ անգամ հստակեցնում է, որ Արցախի կարգավիճակի հարցը լուծված չէ. Արցախի ԱԳ նախարար
Քաղաքականություն
22:31, 23 август 2021
Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում վերջին պատերազմի հետևանքները հաղթահարված չեն, իսկ հակամարտությունը կարգավորված չէ, քանի որ դեռևս լուծված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: «Մենք աշխատելու ենք որպես Մինսկի խմբի համանախագահ՝ այդ դիրքերից ձգտելով իրավիճակի դեէսկալացիայի, միջադեպերի վերացման, որպեսզի հնարավոր լինի դիտարկել մնացյալ հարցերը՝ պատերազմի հետևանքների և մյուս խնդիրների վերջնական կարգավորումը»,- Սյունիքի մարզում լրագրողների հետ զրույցում ասել է Լին Թրեյսին: Անդրադառնալով անվտանգության և սահմանային միջադեպերի հետ կապված հարցերին՝ Թրեյսին նշել է, որ դրանց հետ կապված իր կարծիքը հայտնել է, մի քանի անգամ էլ դիրքորոշումներ են հնչել նաև ԱՄՆ պետքարտուղարությունից. «Թերևս գիտեք, որ ես հուլիսին այցելեցի Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածներից մեկը, որտեղ միջադեպեր էին գրանցվում, և ուզում եմ հստակ նշել, որ մենք կոչ ենք անում իրավիճակի դեէսկալացիայի, և որ հնարավորինս արագ վերջ տրվի բռնություններին»,- նշել է դեսպանը՝ ընդգծելով, որ այս խնդիրների լուծումը անչափ կարևոր է հատկապես այն պատճառով, որ քաղաքացիական անձինք հայտնվում են հակամարտության մեջտեղում, և նրանց անվտանգությունն ու ապահովությունն են վտանգվում, ուստի, այս ամենը հաշվի առնելով, այդ հարցերի լուծումը հրատապություն է ձեռք բերում:

Թեմայի վերաբերյալ Civic.am-ը մի քանի հարց ուղղեց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանին։

- Պարոն Բաբայան, Ձեր կարծիքով՝ ի՞նչ մեսիջ է պարունակում ԱՄՆ դեսպանի այս հայտարարությունը։  

- Դեսպանի հայտարարությունը կարևոր հայտարարություն է, ինչը խորհրդանշական է մի շարք տեսակետներից։ Նախ՝ սա ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումն է և ևս մեկ անգամ հստակեցում, որ Արցախի կարգավիճակի հարցը լուծված չէ, որ կա այդ հարցը՝ ի հեճուկս Ալիևի, որը հայտարարում է, թե Արցախի հարցը լուծված է։ Սա ևս մեկ անգամ ապացույցն է այն բանի, որ ԱՄՆ-ը, Վաշինգտոնը այդ մոտեցումը չի ընդունում և փաստում է իրականությունը։ Երկրորդը՝ մենք տեսնում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երկրները այդ կարծիքին են։ Մինչ այդ Ֆրանսիան էր ասել տարբեր խողովակներով, իսկ Ռուսաստանը պարբերաբար է  այդ հարցին անդրադառնում ամենաբարձր մակարդակով։ Նախագահ Պուտինն է դրա մասին խոսել, որ հակամարտության, կարգավիճակի հարցը բարդ է ու ապագայում կլուծվի։ Այսինքն՝ փաստել է, որ այդ հարցը կա և օրակարգում է։ Դրան անդրադարձել են այլ բարձրաստիճան ռուս պաշտոնյաներ։ Այսինքն՝ ԵԱՀԿ Մինսկի  խմբի եռանախագահող երկրների կողմից այս հարցում մենք տեսնում ենք միասնական մոտեցում։  

- Դուք ասում եք՝ այս հարցում միասնական մոտեցում կա, բայց Ռուսաստանի Դաշնությունը մշտապես ասում է, որ այս փուլում Արցախի կարգավիճակի հստակեցման ժամանակը չէ։ Արդյոք ԱՄՆ դեսպանի այդ հայտարարությունն առաջնահերթ ուղղված չէ՞ր ՌԴ-ին։  
 

- Ես բացարձակ անթույլատրելի եմ համարում, որ մենք մտնենք գերտերությունների հարաբերությունների մեջ, փորձենք տեսնել՝ ով է ճիշտ, ով է սխալ։ Մենք ինչ գործ ունենք՝  տեսնենք, թե իրենք ինչ հարաբերություն ունեն իրար հետ։ Ինչո՞ւ ենք անընդհատ մտնում այդ  հարաբերությունների մեջ։ Վա՞տ է, որ և ԱՄՆ-ն է ասում, որ հակամարտությունը կարգավորված չէ, և Ֆրանսիան, և ՌԴ-ն։ Ինչո՞ւ ենք անընդհատ ուզում պարզել՝ սա Ռուսաստանի՞ դեմ է, թե՞ ոչ։ Մի մասն էլ ուրախանում է, հրճվում է՝ չհասկանալով, որ դրանով հարվածում է մեր պետականությանը։ Հերիք է, Արցախը շահարկումներից զերծ պահեք։ Արցախը վիրավոր վիճակում է, և մենք անընդունելի, անբարոյական ենք համարում նման քննարկումները, թե ում դեմ է ուղղված այդ հայտարարությունը։  Մենք Արցախը զերծ ենք պահում բոլոր տեսակի խաղերից։

- Պետդեպը կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին առարկայական բանակցություններ սկսել։ Ի՞նչ առարկայական բանակցությունների մասին կարող է խոսք գնալ։

- Եթե դա Ադրբեջանի ու Հայաստանի միջև է, ապա Ադրբեջանն ու Հայաստանը տարբեր հարցեր ունեն իրար հետ կարգավորելու։ Իսկ ինչ վերաբերում է հակամարտության կարգավորմանը, ապա նախևառաջ բանակցությունների  մեկնարկը հնարավորություն է տալու վերականգնել  խեղաթյուրված ձևաչափը։ Մեզ մոտ առարկայական մեկ տեսլական կա, որը պարզ է, և մենք հնչեցնում ենք։ Դա այն է, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Դա երբեք չի լինի։ Եթե մեր կամքին հակառակ փորձեր ձեռնարկվեն, դա կբերի նոր պատերազմի, զոհերի ու կոտորածների, կամ Արցախը կհայաթափվի։ Ուրիշ տարբերակ չկա։

- Մակրոնն ու Պուտինը նախօրեին կրկին խոսել էին Մինսկի խմբի աշխատանքների վերականգնման մասին։ ԱՄՆ դեսպանը ևս խոսում է Մինսկի խմբի շրջանակներում իրավիճակի դեէսկալացիայի հասնելու մասին։ Այս փուլում ինչքանո՞վ է դա հնարավոր։ Ձեր կարծիքով՝ ՌԴ-ն շահագրգի՞ռ է, որ այս փուլում Մինսկի խումբը սկսի իր աշխատանքները, թե՞ միանձնյա է փորձում կարգավորել իրավիճակը։


- Ինձ համար տարակուսանք է առաջացնում, որ դուք էլի Ռուսաստանի դեմ եք գնում։ Դուք ի՞նչ եք ուզում Ռուսաստանից։

- Ամեն դեպքում ակնառու է, որ ՌԴ-ն փորձեր է  անում միանձնյա կարգավորել իրավիճակը։


- Արցախը ծանր, վիրավոր վիճակում է, իսկ դուք գերտերությունների հարաբերությունների  մեջ եք մտել։ Ինչո՞ւ է ձեզ հետաքրքրում, թե ԱՄՆ-ն ու Ռուսաստանը ինչ հարաբերություններ ունեն։ Եկեք Արցախի մասին մտածենք։ ԱՄՆ-ն ասում է, որ Մինսկի խմբի աշխատանքները պետք է վերսկսվեն, Ռուսաստանն ասում է, Ֆրանսիան ասում է։ Էլ ի՞նչ եք ուզում։ Ինչո՞ւ եք այդքանից հետո մտնում Ռուսաստան-ԱՄՆ փոխհարաբերությունների մեջ։ Մինսկի խմբի աշխատանքների վերսկսման վերաբերյալ հայտարարությունները չպետք է դիտարկել ԱՄՆ-Ռուսաստան փոխհարաբերությունների կոնտեքստում։