Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ի՞նչ ենք անելու՝ խորացնելո՞ւ ենք թշնամանքի մթնոլորտը. Փաշինյանը՝ խաղաղության հասնելու մասին

Ի՞նչ ենք անելու՝ խորացնելո՞ւ ենք թշնամանքի մթնոլորտը. Փաշինյանը՝ խաղաղության հասնելու մասին
Քաղաքականություն
11:53, 24 август 2021
Այսօր՝ օգոստոսի 24-ին, Ազգային ժողովի նիստում քննարկվում է Կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագիրը: 

Ներկայացնելով 2021թ. հունիսի 20-ի արդյունքներով ժողովրդից ստացած մանդատի կարճ նկարագրությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց. «Օրենքի և իրավունքի դիկտատուրա և Հայաստանի ու տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջանի բացում: Կառավարության ծրագիրը ձևավորվել է հենց այս երկու հիմնական անելիքի համատեքստում»:

Վարչապետը նշեց, որ կառավարությունը անշեղորեն իրականացնելու է այս մանդատը:

Նրա խոսքով՝ խաղաղության հասնելու համար Հայաստանը կիրառելու է քաղաքական և դիվանագիտական գործիքակազմը. «Համանախագահները փաստել են, որ ԼՂ հարցը կարգավորված չէ, և այն պետք է տեղի ունենա կողմերին հայտնի սկզբունքների հիման վրա՝ ուժի բացառում, ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն»:

Փաշինյանն ընդգծեց, որ ոչ նոյեմբերի 10-ի, ոչ հունվարի 11-ի հայտարարության մեջ խոսք չկա միջանցքի մասին. «Ապաշրջափակումը պետք է լինի ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը, որը չի կարող տեղի ունենալ Հայաստանի և Արցախի անվտանգային միջավայրի հաշվին»:

Նա կարևորեց այն հանգամանքը, որ Հայաստանի շուրջ ձևավորվի տարածաշրջանային բարենպաստ միջավայր, իսկ դրա համար, նրա խոսքով, Հայաստանը պետք է դարձնել բարենպաստ միջավայր տարածաշրջանի համար՝ փոխադարձության սկզբունքով. «Սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կամ կարգավորումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է լինելու: Խոսքը ուրանալու, բարեկամանալու մասին չէ: Խոսքը մի պարզ հարցի պատասխան գտնելու մասին է. ի՞նչ ենք մենք անում կամ անելու՝ խորացնելո՞ւ ենք թշնամանքի մթնոլորտը»:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է կառավարել թշնամանքի մթնոլորտը. «Իսկ դրա համար պետք է լռեն բոլոր գոռգոռոցներն ու հայհոյանքները, պետք է խոսի փաստարկը, վերլուծությունը, ռացիոնալ դատողությունը»:

Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ Ադրբեջանի հետ պետք է օր առաջ սկսել սահմանագծման և սահմանազատման աշխատանքները: