Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սյունիքում՝ Գորիսի և Սիսիանի շրջանում հիմնվել են ՀՀ-ում ռուսական 102-րդ ռազմաբազայի հենակետեր

Սյունիքում՝ Գորիսի և Սիսիանի շրջանում հիմնվել են ՀՀ-ում ռուսական 102-րդ ռազմաբազայի հենակետեր
Քաղաքականություն
12:01, 24 август 2021
ՌԴ-ի հետ ռազմավարական դաշինքը մեր երկրի անվտանգության ճարտարապետության հենասյուներից է։ Այս մասին խորհրդարանում՝ կառավարության ծրագիրը ներկայացնելիս նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Վերջինս տեղեկացրեց, որ Սյունիքի մարզի՝ Գորիսի և Սիսիանի շրջանում հիմնվել են ՀՀ-ում ռուսական 102-րդ ռազմաբազայի հենակետեր։ ՀՀ պետական սահմանային մի շարք հատվածներում պահպանությանը մասնակցում են ռուսական սահմանապահները։

ՀՀ–ի և ՌԴ–ի միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի, ՀՀ–ի և ՌԴ–ի միջև ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի միացյալ խմբավորման մասին, ՀՀ–ի և ՌԴ–ի միջև հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագրերի հիման վրա շարունակում են հագեցնել Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի հնարավորությունները։

Փաշինյանը հայտարարեց, որ Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ներկայությունն Արցախում անվտանգության գործոն է ԼՂ–ի համար։

Ելույթում վարչապետը նշեց նաև, որ Ադրբեջանում ռուս խաղաղապահների նկատմամբ հուժկու հակաքարոզչություն է գեներացվում և գործողություններ են արվում.

«Կարծում եմ` ադրբեջանական դատարանների կողմից մեր գերեվարված քաղաքացիներին երկար տարիների ազատազրկման դատապարտելու փաստը նաև ՌԴ խաղաղապահ ուժերին և ՌԴ խաղաղապահ առաքելությունը վարկաբեկելու նպատակ ունի»։

Փաշինյանը հիշեցրեց, որ Ադրբեջանում տարբեր տարիների ազատազրկման ենթարկված հայորդիները գերեվարվել են նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, խաղաղապահների պատասխանատվության գոտիներում։ Իսկ Ադրբեջանը մինչ օրս դեռ չի վավերացրել խաղաղապահների մանդատը։