Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ես սխալ եմ արել, որ 2018 թվականին ողջ ժառանգված բանակցային բովանդակությունը չեմ հրապարակել. Նիկոլ Փաշինյան․ Տեսանյութ

«Ես սխալ եմ արել, որ 2018 թվականին ողջ ժառանգված բանակցային բովանդակությունը չեմ հրապարակել: Բայց այս ամբիոնից այդ մասին եղել է նաև հայտարարություն Սերժ Սարգսյանի կողմից 2018թ. ապրիլի 17-ին»,- ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցի ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք մինչև վերջին վայրկյանը կռիվ ենք տվել, և ժողովուրդը այժմ մեզ դատել է. չգիտեմ՝ մե՞ղմ է վարվել, թե՞ սրանով պատժել է մեզ»,- նշեց վարչապետը և առաջարկեց չտալ հարցեր, որոնց պատասխանը ընտրություններով տրվել է. «Ես առաջարկում եմ ձևակերպել օրակարգը և գնալ առաջ: Կձևավորվի քննիչ հանձնաժողով, և ձեր տված փունջ հարցերին պատասխան կտրվի: Դուք հարցնում եք՝ մեղավոր եմ, թե ոչ. այո, մեղավոր եմ, այո, պատասխանատու եմ: Այդ պարտությունը, այո, իմ օրոք է եղել, իսկ ես էստեղ կանգնած եմ ՀՀ քաղաքացիների որոշման արդյունքում»:

Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 24-ին, Ազգային ժողովի նիստում քննարկվում է Կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրին հավանություն տալու հարցը: