Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդդիմությունն զբաղված է խուլիգանությամբ ու մթնոլորտ հարամելով. նրանց բովանդակային կողմն ընդհանրապես չի հետաքրքրում. քաղաքագետ

Ընդդիմությունն զբաղված է խուլիգանությամբ ու մթնոլորտ հարամելով. նրանց  բովանդակային կողմն ընդհանրապես չի հետաքրքրում. քաղաքագետ
Քաղաքականություն
19:42, 24 август 2021
Եթե մի սովորական՝ ոչ պատգամավոր քաղաքացի իրեն նման կերպ պահեր փողոցում և նման միջադեպեր հրահրեր, ապա նրան կդատեին խուլիգանության համար։ Իհարկե, մեր պատգամավորներն ըստ օրենքի անձեռմխելի են, բայց խուլիգանության հոդվածն ամբողջությամբ տարածվում է նրանց վրա»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպին ու ծեծկռտուքին։

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում էր կառավարության ծրագիրը, միջադեպ գրանցվեց, որն ավելի ուշ վերածվեց «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների պատգամավորների և ԱԺ անվտանգության աշխատակիցների միջև քաշքշուկի։

Քաղաքագետի խոսքով՝ նման դեպքերում պետք է համապատասխան քրեական գործեր հարուցվեն, քանի որ խորհրդարանը նման պահվածքի և նման հակումների դրսևորման տեղ չէ:

«Մարդիկ խորհրդարան մտնելով իրենց պետք է պահեն համապատասխան ձևով։ Այդ պահվածքը խորհրդարանին վայել պահվածք չէ»,- ասաց Մեհրաբյանը՝ հավելելով, որ ընդդիմությունն այսկերպ մեկ խնդիր է լուծում՝ խափանել կառավարման համակարգը Հայաստանում։  

«Ռոբերտ Քոչարյանն էլ էր ասում, որ պառլամենտ անցնելը լրացուցիչ լծակ է իրենց խնդիրը իրագործելու համար։ Նրանք չեն դադարեցնելու այլ ճանապարհներով պայքարը։ Այնպես որ այստեղ զարմանալու բան չկա։ Ընդդիմությունն այսօր զբաղված է միայն մթնոլորտ հարամելով, և նրանց  բովանդակային կողմն ընդհանրապես չի հետաքրքրում։ Իրենց համար կարևոր չէ, որ կառավարության ծրագիր է քննարկվում»,- եզրափակեց Ռուբեն Մեհրաբյանը։

Իրավագետ Արտաշես Խալաթյանը մեզ հետ զրույցում ասաց, որ թերևս ընդդիմությունը չի էլ կարդացել կառավարության ծրագիրը, իրենք չունեն որևէ տեսլական։ Փոխարենը փորձ են անում անընդհատ շահարկել ինչ-որ արտահայտություններ:

«Իրենք թյուր պատկերացում ունեն, որ ուղղորդվել են Ազգային ժողով նույն թեմայի վերաբերյալ հայտարարություններ անելու։ Իրենք սահմանադրորեն կոչված են որպես ընդդիմություն ներկայացնել այլընտրանքային օրակարգ և վերահսկել իշխանությանը։ Իրենք տապալում եմ իրենց այս կարգավիճակը։ Ես ուզում եմ ընդգծել, որ ընդդիմությունը իր տեղում չէ»,- ասաց Խալաթյանը՝ հավելելով, որ որևէ մեկին հարիր չէ այն դիսկուրսը, որն այսօր ընթանում է Ազգային ժողովում։  

Մեր զրուցակցի խոսքով՝ իրականում այսօր այս իրավիճակը չէր լինի, եթե իշխանությունը ժամանակին իրավաքաղաքական գնահատական տար նախկին իշխանություններին, նրանց կողմից կատարված զանգվածային իրավախախտումներին:  

«Այդ քաղաքական ռեժիմի մահվան վկայականը պետք է տրվի, իրերն անվանվեն իրենց անուններով, և դրանից հետո այս ուժերն արդեն վերջնականապես կհայտնվեն լուսանցքում և կարժանանան հանրային պարսավանքի»,- եզրափակեց Խալաթյանը։

Արփի Հարությունյան