Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կրկին լարում ԱԺ-ում․ Սեյրան Օհանյանը շիշ շպրտեց ԱԺ ամբիոնից ելույթ ունեցող Հայկ Սարգսյանի վրա․ ԱԺ նիստն ընդմիջվեց․ Տեսանյութ

Այսօր՝ օգոստոսի 25-ին, Ազգային ժողովում շարունակվում է  Կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրին հավանություն տալու հարցի քննարկումը: 

«Էս վերջին մեկ օրվա Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի խմբակցությունների հարցերը, ելույթները լսելով՝ համ ծիծաղ է առաջանում, համ ամոթ»,- հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ այդ երկու խմբակցությունները ամբողջ պարտության բեռը փորձում են բարդել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա: Նա թվերով ներկայացրեց, թե ինչ է տեղի ունեցել վերջին 30 տարիներին, «որպեսզի սայլը տեղից շարժվի». «Երբ մենք գնում էինք 70-80-ական թվականների զենքեր, Ադրբեջանը գնում էր ժամանակակից սպառազինություն, անօդաչու սարքեր»:

Հայկ Սարգսյանը նշեց, որ պետք է քննարկել այդ ամենը, ոչ թե անընդհատ մեղադրել միմյանց. «Ինչո՞ւ չեք արձագանքում, երբ ասվում է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարման թվերին 10 անգամ ավելի շատ շատ զենք է գնվել: Դաշնակցական երգերով, պաթոսի մեջ մեր ժողովրդին պահել եք ու տպավորություն ստեղծել, որ մեր բանակն ամենաուժե՞ղն է, էն դեպքում, երբ մեր բանակում ժամկետային զինծառայողների թիվը պակասել է»:

Անդրադառնալով Արցախի գյուղերին՝ նա ասաց. «Արցախի գյուղերում մարդ է մեռել, ու մի տղամարդ չի եղել, որ փոսը փորի. բա ինչո՞ւ սրա մասին չենք խոսել, ինչո՞ւ չենք ասել, որ սահմանամերձ գյուղերը դատարկվում են: Պարոն Մանուկյան, բա բերեք ձեր ֆեյսբուքյան գրառումը ցույց տվեք, թե ինչպես էիք վիրավորում Նիկոլ Փաշինյանին ձայն տված մեր բնակիչներին, թե՞ առիթից օգտվում եք, որ վարչապետը մեզ կոչ է արել և ասել է, որ մենք պետք է մնանք կոռեկտության սահմաններում, չպետք է տանք մեկի գլուխը ջարդենք»:

Նա ընդգծեց. «Պաշտպանության բոլոր էն նախարարները, որոնց օրոք բանակից փողով կամ զանգով մարդ է ազատվել, նրանք հայրենիքի դավաճաններ են»:

Այս խոսքից հետո Սեյրան Օհանյանը  շիշ շպրտեց Հայկ Սարգսյանի վրա, որին հաջորդեց լարվածությունը, դահլիճ մտավ անվտանգությունը և հայտարարվեց ընդմիջում: