Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ո՞ւմ կուսակցական ընկերներն էին գնում Ղարաբաղ, զինվորներին ասում՝ մի կռվեք, էս հողերը ծախած ա. Վաղարշակ Հակոբյանը՝ Գեղամ Մանուկյանին․ Տեսանյութ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը, անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթին, ասաց. «Որ կեղծ հուզմունքով ելույթ էր ունենում, միգուցե մեկնաբանի, թե ո՞ւմ կուսակցական ընկերներն էին գնում Ղարաբաղ, զինվորներին ասում՝ մի կռվեք, էս հողերը ծախած ա»:

Խոսելով Հայկ Սարգսյանի ելույթի մասին՝ նա ասաց. «Ես ավելին ասեմ. երկրի այն ղեկավարները, որոնց օրոք փողով բանակից մարդ է ազատվել, նրանք էլ են դավաճան, և այստեղ երկընտրանք չկա»:

Նա նշեց, որ ընդդիմությունը չի կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ ժողովուրդն է որոշում ամեն ինչ, ոչ թե էլիտար հագնված քաղաքական գործիչները. «Դուք մի քաղաքական ուժ եք, որը ժողովրդին անվանել է ժեխ, զոմբի: Դուք տեղը չեք բերում ժողովրդի մասին խոսելիս. ժողովուրդը կարա սրբի-տանի ամեն ինչ»:

«Դուք ուզում եք դելեգիտիմացնել ԱԺ աշխատանքները. չի ստացվելու»,- հավելեց պատգամավորը:

«Ձեր ղեկավարը Հայաստանին էր մեղադրում պատերազմի սանձազերծման մեջ. սրանից ավելի մեծ դավաճանություն կա՞»,- ասաց նա և հավելեց, որ նախկին ասելով իրենք անձանց նկատի չեն ունեցել, այլ երևույթը:

Վաղարշակ Հակոբյանը ընդգծեց, որ ժողովրդի կողմից ընտրված վարչապետի պատիվը յուրաքանչյուրի պատիվն է. «Սա ականջներիդ օղ արեք և հաշվի նստեք իրականության հետ: Մենք էստեղ ձեռնամարտի չենք եկել»:

Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 25-ին, Ազգային ժողովում շարունակվում է  Կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրին հավանություն տալու հարցի քննարկումը: