Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երեկ դուք շշով խփեցիք ՀՀ ժողովրդին և ցույց տվեցիք ձեր քաղաքական ինքնությունը. Հայկ Կոնջորյանը՝ Սեյրան Օհանյանին․ Տեսանյութ

«Հույս եմ հայտնում, որ մենք այսուհետ հնարավորինս կկանխենք նման միջադեպերը»,- հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով երեկվա միջադեպին:

Նա հիշեցրեց իր առաջին ելույթը առ այն, որ քաղաքականությունը պատերազմ չէ. «Բայց պարոն Օհանյան, երեկ դուք խրամատավորվեցիք ձեր աթոռին նստած և շիշ նետեցիք: Անվրդովը ես եմ եղել, պարոն Օհանյան: Այս աթոռները ժամանակավոր են, միայն այս ամբիոնն է, որ անհատականացված չէ: Երեկ դուք շշով խփեցիք ոչ թե Հայկ Սարգսյանին, այլ ՀՀ ժողովրդին: Դուք երեկ ևս մեկ անգամ ցույց տվեցիք ձեր քաղաքական ինքնությունը, որը հիմնված է եղել ժողովրդին խփելու տրամաբանության վրա: Դուք ոչ միայն խփում եք, այլև պատեհ պահին լքում եք դաշտը, ինչպես որ հիմա արեցիք»:

Նրա խոսքով՝ Սեյրան Օհանյանի երեկվա պահվածքը պատասխանն էր իրենց իսկ խմբակցության պատգամավորների այն դժգոհությունների, թե ինչու է ուժեղացվել ԱԺ անվտանգությունը:

Հայկ Կոնջորյանը իր խոսքով հիմնավորեց, թե ինչպես է ընդդիմությունը հողատու, դավաճան և կապիտուլյանտ:

Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 26-ին, Ազգային ժողովում շարունակվում է  Կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրին հավանություն տալու հարցի քննարկումը: