Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեկնարկել է Թրամփի երկրորդ իմպիչմենթի դատավարությունը Սենատում

Մեկնարկել է Թրամփի երկրորդ իմպիչմենթի դատավարությունը Սենատում
Քաղաքականություն
23:00, 09 февраль 2021
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի պատմական երկրորդ դատավարությունը մեկնարկում է երեքշաբթի օրը ԱՄՆ Սենատում: Թրամփին մեղադրում են մեկ ամիս առաջ անկարգություններ հրահրելու մեջ. հաղորդում է VOA-ն:

Նա ըստ մեղադրական կողմի իր կողմնակիցներին հորդորել է շարժվել դեպի ԱՄՆ Կապիտոլիում՝ օրենսդիրների վրա ճնշում գործադրելու համար, երբ վերջիններս հաստատում էին դեմոկրատ նորընտիր նախագահ Ջո Բայդենի հաղթանակը 2020 թ-ի ընտրություններին:

Բողոքի ակցիան վերածվեց անկարգությունների ու ընդհարումների, երբ Թրամփի շուրջ 800 կողմնակիցներ ներխուժեցին Կոնգրեսի շենք, կոտրեցին դռներն ու պատուհանները, կողոպտեցին Կոնգրեսի որոշ գրասենյակներ և ընդհարվեցին ոստիկանների հետ: Արդյունքում եղավ հինգ զոհ, այդ թվում ՝ Կապիտոլիումի ոստիկանության մի աշխատակից, որի մահը հետաքննվում է որպես սպանություն, և մեկ ցուցարար, ով սպանվեց ոստիկանության աշխատակցի արձակած կրակոցից:

Սենատում 100 սենատորների մանդատները հավասարապես բաշխված են հանրապետական և դեմոկրատական կուսակցությունների միջեւ: Նրանցից շատերը ականատես էին հունվարի 6-ի քաոսային վիճակին, երբ ստիպված էին հեռանալ Սենատի շենքից՝ սեփական անվտանգության ապահովման համար:

Պաշտոնազրկման համար անհրաժեշտ են ձայների երկու երրորդը, որը նշանակում է, որ 17 հանրապետական սենատորներ պետք է քվեարկեն ընդդեմ Թրամփի՝ իրենց հանրապետական գործընկերոջ: Սա այն դեպքում, երբ բոլոր 50 դեմոկրատները կքվեարկեն պաշտոնազրկման օգտին: Հակառակ դեպքում Թրամփը կարդարացվի, ճիշտ այնպես, ինչպես դա տեղի ունեցավ մեկ տարի առաջ, երբ նրան մեղադրում էին անցյալ տարվա նոյեմբերի ընտրություններից առաջ Ուկրաինայի նախագահի վրա ճնշում գործադրելու մեջ՝ Բայդենի ընտանիքի դեմ հետաքննություն իրականացնելու նպատակով:

Ինչ արդյունք էլ գրանցվի վերջում, այնուամենայնիվ, Թրամփը ԱՄՆ-ի ավելի քան երկու հարյուրամյակի պատմության միակ նախագահն է, որին երկու անգամ իմպիչմենթ է հայտարարվել, այն էլ մեկ ժամկետի ընթացքում:

Կապիտոլիումի գրոհից մեկ շաբաթ անց, Ներկայացուցիչների պալատը քվեարկեց իմպիչմենթի օգտին՝ 232 ձայն ընդդեմ 197-ի: 10 հանրապետականներ միացան 222 դեմոկրատներին՝ Թրամփին մեղադրելով «խռովություն հրահրելու» մեջ: Դրանից հետո, հունվարի 20-ին Ջո Բայդենը պաշտոնապես ստանձնեց երկրի 46-րդ նախագահի պաշտոնը, ևԹրամփը վերջին անգամ նախագահական օդանավով հեռացավ Ֆլորիդա նահանգի իր ծովափնյա առանձնատուն, որտեղ էլ շարունակում է բնակվել նախագահական մեկ ժամկետից հետո:

Թրամփը մերժել է դեմոկրատների առաջարկը՝ իմպիչմենթի դատավարության ժամանակ ցուցմունք տալու մասին: Նա հավանաբար չի մասնակցի գործընթացին: Դատավարությունը կարող է տևել մեկ շաբաթից ավել:

Դեմոկրատ ինը օրենսդիրներ գործ են հարուցել Թրամփի դեմ: Նրանցից մի քանիսը նախկին դատախազներ են, ովքեր պնդում են, որ Թրամփը, ով իր կողմնակիցներին կոչ էր արել գնալ Կապիտոլիումի մոտ, «պատասխանատու է» դրան հաջորդած անկարգությունների համար: Թրամփի թիմը հերքում է մեղադրանքները:

ԱՄՆ Սահմանադրությունը թույլ է տալիս հեռացնել պաշտոնյաներին, ովքեր մեղավոր են ճանաչվել «մեծ հանցագործություններ կատարելու մեջ»: Թրամփի երկու փորձառու փաստաբաններ՝ Դեյվիդ Շոենը և Բրյուս Կաստորը, իրենց հերթին պնդում են, որ քանի որ Թրամփն այլևս նախագահ չէ, նա չի կարող պաշտոնանկվել, ուստի իմպիչմենթի դատավարությունը հակասահմանադրական է:

Այնուամենայնիվ, նախկինում ևս եղել են իմպիչմենթի դատավարություններ նախկին պաշտոնյաների նկատմամբ: Ներկայացուցիչների պալատի իմպիչմենթի փաստաբանները պնդում են, որ Թրամփը հրահրել է խռովություն և իմպիչմենթի ենթարկվել, երբ նա դեռևս նախագահ էր:

Թրամփի կողմնակից սենատոր Ռանդ Փոլը փորձեց արգելափակել դատավարությունը նման սահմանադրական հիմքերով, բայց հինգ հանրապետականներ միացան 50 դեմոկրատներին ՝ քվեարկելով 55-45-ի դիմաց, որպեսզի շարունակեն դատավարությունը: Սակայն այդ քվեարկության արդյունքները խոսում են այն մասին, որ հանրապետականների զգալի մասը շարունակում է աջակցել Թրամփին այս հարցում, և դեմոկրատներին դժվար կլինի ստանալ բավարար ձայներ՝ դատավարությունը հաղթելու համար: Եթե Թրամփը դատապարտվի, ապա Սենատը ձայների պարզ մեծամասնությամբ կարող է նրան արգելել այլևս ստանձնել որևէ պետական պաշտոն:

Թրամփի փաստաբաններն ամեն կերպ պաշտպանում են իրենց պաշտպանյալին և պնդում, որ նախկին նախագահը պատասխանատվություն չի կրում հունվարի 6-ին տեղի ունեցած զարգացումների համար:

Երկուշաբթի օրը ներկայացված հակիրճ հայտարարության մեջ նրանք հայտնել են, որ իր դեմ հարուցված գործը «քաղաքական թատրոն է», որը առաջ են քաշել հակաթրամփյան դեմոկրատները: Թրամփի փաստաբանները ենթադրում են, որ նա պարզապես օգտվում էր իր սահմանադրորեն երաշխավորված ազատ խոսքի իրավունքից, երբ վիճարկում էր ընտրությունների արդյունքները և կոչ անում իր կողմնակիցներին սկսել բողոքի ցույցեր:

Ի պատասխան, Ներկայացուցիչների պալատի դեմոկրատներն ասել են, որ ամերիկյան հանրությունը ապրում է օրենքի գերակայության, այլ ոչ ամբոխի բռնության մթնոլորտում, որը հրահրում են նախագահները, ովքեր չեն կարող ընդունել իրենց ընտրական պարտությունը: