Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մինչև տարեվերջ պիտի ավարտենք Տաթև-Աղվանի ճանապարհի հիմնանորոգումը. Վարչապետը՝ Սյունիքում ճանապարհի փակման և Թուրքիայից դրական ազդակների մասին․ Տեսանյութ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ադրբեջանի կողմից Սյունիքի մարզի հարավային հատվածներ տանող հիմնական ճանապարհի փակմանը, հայտարարեց, որ այս գործողությունը հակասում է 2020թ. դեկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածությանը. «Ես հույս ունեմ, որ իրավիճակը րոպե առաջ կկարգավորվի»: 

Վարչապետի խոսքով՝ այս ակցիան կատարվել է Հայաստանի կողմից առաջ քաշված խաղաղության օրակարգին հարվածելու, այդ օրակարգը վարկաբեկելու համար. «Ադրբեջանի պահվածքը վկայում է, որ նման միջադեպեր էլի կարող են լինել: Մեր ծառայությունները պետք է զգոն և ուշադիր լինեն, բայց մյուս կողմից՝ մեզ ամուր նյարդեր են պետք, և մենք մեր ռազմավարական գիծը պետք է զարգացնենք ու առաջ տանենք»:

Նա նշեց, որ ստեղծված իրավիճակը անկանխատեսելի չէր. «Եվ մենք այս ընթացքում աշխատել ենք նոր ենթակառուցվածքների ձևավորման ուղղությամբ և շարունակելու ենք աշխատել: Մինչև տարեվերջ պիտի ավարտենք Տաթև-Աղվանի ճանապարհի հիմնանորոգումը»:

Խոսելով ադրբեջանական կողմի պատճառաբանության մասին՝ նա նշեց, որ, իրենց ունեցած տվյալներով, այդ դանակահարության հետ հայկական կողմը որևէ առնչություն չունի:

Վերադառնալով խաղաղության թեմային՝ վարչապետ Փաշինյանը նշեց, որ կգնահատեն Թուրքիայի կողմից հնչող դրական ազդակները. «Եվ դրական ազդակին դրական ազդակով կպատասխանենք»: