Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայ-վրացական ռազմավարական համաձայնագիրը կարևոր փաստաթուղթ է. համատեքստը շատ լայն է. Փաշինյան

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ շնորհակալություն հայտնեց Իրակլի Ղարիբաշվիլիին Հայաստան-Վրաստան ռազմավարական հարաբերությունների մասին համաձայնագիր կնքելու համար և հավելեց. «Համոզված եմ, որ Վրաստանի նոր կառավարության հետ մենք նույն ոգով կշարունակենք»:

Կարևորելով այդ փաստաթուղթը՝ վարչապետն ասաց. «Փաստաթղթում բոլոր ուղղություններով համագործակցությունը խորացնելու մտադրություն է արտահայտված: Դա հռչակագիր է, մտադրություն է, որը դեռ պետք է իրագործվի»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ համատեքստը շատ լայն է. «Մենք արտահայտեցինք Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ մեր հստակ դիրքորոշումը: Վրաստանն իր հերթին արտահայտեց Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ իր հստակ վերաբերմունքը»: