Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խաղաղության հասնելու համար կա համաձայնեցված բազիս․ բանակցությունները տորպեդահարած, ընտրությունների պատրվակով հետաձգած Ալիևին ՀՀ-ն սպասում է բանակցային սեղանի շուրջ․ Փաշինյանի ուղերձները՝ The Telegraph-ի միջոցով

Խաղաղության հասնելու համար կա համաձայնեցված բազիս․ բանակցությունները տորպեդահարած, ընտրությունների պատրվակով հետաձգած Ալիևին ՀՀ-ն սպասում է բանակցային սեղանի շուրջ․ Փաշինյանի ուղերձները՝ The Telegraph-ի միջոցով
Քաղաքականություն
22:00, 12 февраль 2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը բրիտանական The Telegraph-ին այս տարի միջազգային մամուլին տրված առաջին հարցազրույցն է (վարչապետի երկրորդ հարցազրույցը՝ Հանրային ռադիոյին տված հարցազրույցից հետո)։  Վերջին անգամ երկրի ղեկավարը, հիշեցնենք,  արտերկրի մամուլի՝ The Wall Street Journal –ի հետ այս ֆորմատով շփվել էր  տարեմուտին։  

 The Telegraph-ին տված հարցազրույցում, ընդհանուր առմամբ, որևէ արտառոց նորություն չկար՝  մասնավորապես հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն առնչվող  ասելիքի առումով, քան այն,  որ վարչապետը  նորից ու նորովի (ձևակերպումների առումով)  վերահաստատեց մի շարք հայտնի և կարևոր իրողություններ՝ արձանագրելով՝ «խաղաղության պայմանագրի ճարտարապետությունը և սկզբունքները համաձայնեցված են»։

 Հարցազրույցի  ամենակարևոր շեշտադրումը, թերևս,  այն էր, որ ՀՀ-ն ինչպես նախկինում (այդ թվում՝ ԼՂ խնդրի կարգավորման ողջ գործընթացում), այժմ նույնպես  բանակցությունների կոնստրուկտիվ կողմն է՝ հարգում է ձեռք բերված պայմանավորվածություններն ու հետամուտ է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։

Հաջորդ  շեշտադրումը՝ եթե Ալիևը մտադիր չէ հարգել երկուստեք ձեռք բերված պայմանավորվածությունները և մինչև վերջ տանել խաղաղության գործընթացը, ապա այդ մասին պետք է հրապարակավ հայտարարի, այն է՝ իր վրա վերցնի դեստրուկտիվ  բանակցողի, խաղաղության վիժեցման  պատասխանատվությունը։

Կարգավորման գործընթացում ներգրավված միջազգային դերակատարներն էլ պետք է անեն իրենց հետևություններն ու ըստ այդմ՝ ձեռնարկեն  համարժեք գործողություններ։  

 Վարչապետն այս համատեքստում նախ շեշտեց, որ   միջազգային երեք ֆորմատներում համաձայնեցված են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության սկզբունքները․ առաջինը տեղի է ունեցել 2022թ. հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում, քառակողմ հանդիպման ժամանակ՝ (Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն, Եվրամիության խորհրդի նախագահ Շարլ Միշել, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան,  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև)։  Այդ հանդիպման արդյունքներով ընդունել է համատեղ հայտարարություն, որտեղ արձանագրվել է 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա  Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելը։  Սա, ինչպես երկրի ղեկավարը նկատեց իր խոսքում, «ֆունդամենտալ պայմանավորվածություն է», և հենց այդ՝ խնդրո առարկա հռչակագիրն էլ պետք է դառնա երկու երկրների միջև սահմանների ՝ սահմանազատման և սահմանագծման հիմքը: «Սա էլ շատ կարևոր սկզբունք է, ինչն այս համատեքստում նշանակում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում ոչ թե սահման պետք է ստեղծվի, այլ Ալմա-Աթայի հռչակագրով հաստատված, վերահաստատված սահմանները պետք է արտահայտվեն գետնի վրա, քարտեզների վրա»,-հայտարարեց  Նիկոլ Փաշինյանը։ 
 
Ահա հենց այս կետի վրա է, որ  կանգ է առել բանակցային գործընթացը, քանի որ Ադրբեջանի նախագահը, ինչպես հայտնի է, տորպեդահարել է հետագա առաջընթացը՝ հրաժարվելով մասնակցել  տարբեր ֆորմատներով տեղի ունեցած բանակցություններին՝ Գրանադա (նախանշված էր հնգակողմ հանդիպում), Բրյուսել (նախանշված էր եռակողմ հանդիպում)։ Արցախում էթնիկ զտումը  նախորդ տարի սեպտեմբերին տեղի ունեցած ռազմական ագրեսիայի միջոցով  «վերջնականացրած» Ադրբեջանը, այնուհետ, «թայմ աութ» վերցրեց՝ նշանակելով արտահերթ նախագահական ընտրություններ՝ առժամանակ սառեցված բանակցությունների ֆոնին հնչեցնելով   «թեժ» հոխորտանքներ։ 
Այս համատեքստում շատ կարևոր է վարչապետի մեկ այլ՝ միջնորդավորված նկատառում՝ կապված Բաքվի բռնակալի  դեստրուկտիվ վարքագծի հետ․ հղում անելով փորձագիտական հանրության վերլուծություններին՝Փաշինյանն անուղղակի հարց հնչեցրեց՝  արդյոք Ադրբեջանը քայլ-քայլ նահանջում  և հրաժարվո՞ւմ է միջազգային հարթակներում և երկուստեք  ձեռք բերված պայմանավորվածություններից։  Եթե այո՛, ապա պետք է հրապարակավ հայտարարի այդ մասին։ «Բայց քանի դեռ Ադրբեջանը չի հայտարարել, մասնավորապես, Սոչիի և Պրահայի հայտարարություններից իր ստորագրությունը հետ վերցնելու մասին, ուրեմն շատ հստակ է, որ Հայաստանը և Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունները ճանաչում են 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա և ցանկացած հայտարարություն, որը հակասում է այս տրամաբանությանը, ապօրինի է»:

 Իսկ ի՞նչ է նշանակում հրաժարում համաձայնեցված սկզբունքներից, հետքայլ ձեռք բերված պայմանավորվածություններից։  Թերևս ոչ այլ ինչ, քան՝ դիվանագիտական գործիքները թնդանոթներով  փոխարինելու ուղերձ։

 Բնականաբար, այս համատեքստից բխող հարցը պետք է լիներ հետևյալը՝ արդյոք ՀՀ-ն վախենո՞ւմ է Ադրբեջանի հետ հավանական պատերազմից (ուշադրություն դարձնենք, որ լրագրողը գործածում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև «3-րդ պատերազմ» ձևակերպումը)։ Հարաբերությունների կարգավորման դիվանագիտական ճանապարհին հետամուտ ՀՀ ղեկավարը, բնականաբար,  դժվար թե ՀՀ վարքագծին հակասող պատասխան տար՝ տրվելով սադրանքին և զարգացնելով համարժեք ագրեսիվ հռետորաբանություն։ Հետևապես, վարչապետի պատասխանը «չե՞ք վախենում արդյոք պատերազմից» հարցին ավելի, քան կոռեկտ էր՝ ՀՀ-ն ժողովրդավարական, զարգացող պետություն է,  իրականացնում է լայնածավալ բարեփոխումներ իր երկրի դիմակայունությունը բարձրացնելու համար։  «Եվ իմիջիայլոց, վերջին տարիներին կարծում եմ միջազգային հանրությունը տեսավ և մեր հանրությունն էլ տեսավ, որ մեր երկրի դիմակայունությունն էականորեն բարձրացել է: Մենք շարունակում ենք բարեփոխումների ճանապարհը Հայաստանի դիմակայունությունը մեծացնելու և բարձրացնելու վերաբերյալ։ Ինչ վերաբերում է տարածքաշրջանային ապակայունացմանը և դրան ուղղված քայլերին, իհարկե, ցանկացած բանական մարդու մոտ դա առաջացնում է մտավախություններ»:  Եթե ասվածը դիվանագիտական լեզվից թարգմանենք առօրյա-խոսակցականի, ապա Փաշինյանի ասածն այս է՝ ՀՀ-ն չի բացառում Ադրբեջանի կողմից  պատերազմի սանձազերծումը՝ հաշվի առնելով այդ երկրի ոչ պայմանագրայունակ լինելը, և եթե նման բան տեղի ունենա, ապա ՀՀ-ն  պատրաստ է պաշտպանել իր տարածքային ամբողջականությունն ու անկախությունը։

Այս համատեքստում պետք է հիշատակել վարչապետի մեկ այլ դիտարկում՝ կապված Ալիևի՝ վերջերս տված հարցազրույցում արած այն հայտարարության հետ, թե՝ եթե տեսնի Հայաստանը վերազինվում է՝ ռազմական գործողություն կսկսի մեր դեմ՝ միաժամանակ  բացառելով Հայաստանի տարածքից՝ ռազմավարական նշանակության բարձրունքներից իր զորքերի դուրսբերումը, քանի որ այդ տարածքներն իրեն պետք են հայկական մտադրությունները հսկողության տակ պահելու համար։ «Պիտի ևս մեկ անգամ արձանագրեմ, որ բանակ ունենալը յուրաքանչյուր պետության սուվերեն իրավունքն է, և Հայաստանի Հանրապետությունը, ինչպես ցանկացած ինքնիշխան պետություն, ունի ուժեղ և մարտունակ բանակ ունենալու իրավունք՝ այն արձանագրմամբ, որ Հայաստանի Հանրապետությունն իր տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, անկախությունը և պետականությունն ամրացնելու համար է բանակ ստեղծում»։

 Հայ-ադրբեջանական հարաբերությունների  կարգավորման մասին Նիկոլ Փաշինյանի  մեսիջների (ուղղված ոչ միայն այդ երկրին, այլ նաև միջազգային դերակատարներին) հանրագումարն այս է՝ խաղաղության հասնելու համար կա համաձայնեցված բազիս, և բանակցությունները տորպեդահարած,  ընտրությունների պատրվակով  հետաձգած Ալիևին ՀՀ-ն սպասում է խաղաղ բանակցային  սեղանի շուրջ։   
 
Հ․ Մանուկյան