Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չեք կարող դեմ լինել՝ ուզեք-չուզեք, ծախսը ավելանալու է. մենք էլ կարող ենք դեմ լինել, բա հետո՞. Արմեն Գալջյան

Չեք կարող դեմ լինել՝ ուզեք-չուզեք, ծախսը ավելանալու է. մենք էլ կարող ենք դեմ լինել, բա հետո՞. Արմեն Գալջյան
Քաղաքականություն
15:12, 13 февраль 2024
«Մենք 2018 թվականից մինչ այսօր տառապում ենք այն հարցի շուրջ, թե ինչպես պետք է բարեփոխենք մեր տրանսպորտային համակարգը»,- Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը և հավելեց, որ սա թանկացում չէ, ինչքան էլ ընդդիմադիրները փորձեն այդպես անվանել. «Խոսքը ոչ թե թանկացման մասին է, այլ այն ապրանքի բալանսավորման, որը պետք է սպասարկի, որը պետք է ծառայություն մատուցի»:

Նրա խոսքով՝ որքան էլ որ սարքերը դրված են ավտոբուսներում, մարդիկ վճարում են վարորդին. «Մենք գիտենք, չէ՞, որ ապօրինի գործունեություն է ծավալվում: Եվ քանի դեռ ամբողջական համակարգը չկա, չնայած սարքերը դրել ենք, դա չի գործելու: Եվ եթե 100 դրամները վերցնելու համար վարորդներին ազատենք, ապա գրեթե բոլորին պիտի ազատենք, և տրանսպորտային համակարգը կկանգնի: Ժամանակին 100 դրամը գնում էր գծատերերին, հիմա՝ վարորդին, և չի գնում քաղաքային բյուջե: Եվ հետո, այդ 7 մլրդ-ի սուբսիդավորումը հետագայում դառնալու է 15 մլրդ և ավելի, որովհետև էլի ենք ավտոբուսներ բերելու»:

Դիմելով ընդդիմությանը՝ Արմեն Գալջյանը ասաց. «Երբ ասում եք՝ դեմ ենք թանկացմանը, ծախսի ավելացմանը, եթե շատ էլ ուզենաք՝ չեք կարող դեմ լինել, որովհետև ուզենք, թե չուզենք՝ այդ ծախսը ավելանալու է. ձեր ասած, քաղաքացու գրպանից եթե չենք վերցնում, ապա քաղաքային բյուջեից ենք վերցնում, որն էլի քաղաքացին է ձևավորում: Դուք մանիպուլացնում եք. դուք դեմ եք, որ ոչ թե այստեղից վերցվի, այլ էնտեղից, բայց երկուսն էլ քաղաքացունն է: Էդպես լինի, մենք էլ կարող ենք ասել, որ դեմ ենք. անձամբ մեր ինչի՞ն է պետք, որ տրանսպորտը թանկ լինի, ինձ դրանից՝ ի՞նչ, կամ Սուրեն Գրիգորյանին՝ դրանից ի՞նչ, կամ քաղաքապետին՝ ի՞նչ. ավելի լավ չի՞ ասենք՝ մեր ռեյտինգին խփող որոշում է, հանգիստ նստենք, ջհանդամը, թե 10 տարի հետո ինչ կլինի»: