Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀԱՊԿ-ից խոսում են շանտաժի լեզվով․ Ադրբեջանի հետ սինխրոն աշխատելով փորձում են պահանջներ ներկայացնել․ Բաքոյան․ տեսանյութ

«ՀԱՊԿ-ը իր անգործությամբ Անտարկտիդային կարող է մեղադրել, որ Անտարկտիդայի սառույցները ազդեցություն են ունենում Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղի ունեցող կոնֆլիկտների վրա։ Այսպիսի աբսուրդի ժանրից է ՀԱՊԿ-ի այդ հայտարարությունը, որովհետև ՀԱՊԿ-ը ունի պարտավորություն՝ ապահովելու մեր երկրի տարածքային ամբողջականությունը, և չի կատարում այդ գործառույթը». այս մասին նշում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը՝ անդրադառնալով  ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անդրեյ Սերդյուկովի հայտարարությանը, ըստ որի՝ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում ռազմական անվտանգությանը սպառնացող հիմնական աղբյուրը շարունակում է մնալ ԱՄՆ-ի և Արևմուտքի երկրների ապակառուցողական գործունեությունը։  

Ըստ Բաքոյանի՝ մինչև հիմա, որ ՀՀ-ն ՀԱՊԿ-ից դուրս չի եկել, հույս է ունեցել, որ ՀԱՊԿ-ը կկատարի իր պարտավորությունները. «Երբ մենք տեսնում ենք, որ մի կառույցի անդամն ենք, որը իր պարտականությունները մեր նկատմամբ չի կատարում, ապա պետք է գտնենք այլ միջազգային մեխանիզմներ, որտեղ մեր օրինական պահանջները կներկայացնենք, և միջազգային կառույցների միջամտության կամ ճնշման ազդեցության տակ հակառակ կողմը կգնա օրինական ճանապարհով, և կկարգավորվի խնդիրը»։

Բաքոյանը նշում է, որ ՀԱՊԿ-ից արված հայտարարությունը ուղիղ կապ ունի Ադրբեջանի պաշտպանության նախարարության արած հայտարարության հետ. «Իրար հետ սինխրոն աշխատելով փորձում են ինչ-որ պահանջներ ներկայացնել ու իրենց պահանջները բավարարել։ ՀԱՊԿ-ից խոսում են շանտաժի լեզվով և հայկական կողմից փորձում են ինչ-որ բաներ կորզել, որոնք իրենց պետք են»։

 Մանրամասները՝ տեսանյութում։