Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուժեղ բանակ ունենալը մեր երկրի լեգիտիմ իրավունքն է. վարչապետը՝ ՀՀ կողմից սպառազինություն ձեռք բերելու Ադրբեջանի սպառնալից հռետորաբանության մասին

Ադրբեջանը շարունակում է սպառնալից հռետորաբանությունը մեր բանակի բարեփոխումների, ՀՀ-ի կողմից սպառազինություն և տեխնիկա ձեռք բերելու կապակցությամբ: Այդ մասին Կառավարության՝ փետրվարի 15-ի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով հունվարի 28-ի՝ Բանակի օրվա իր հայտարարությունը, այն է՝ ուժեղ և մարտունակ բանակ ունենալը յուրաքանչյուր երկրի լեգիտիմ իրավունքն է: 

«Սա որևէ մեկը չի կարող ժխտել: Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է հարևան բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը և սեփական տարածքից դուրս նպատակներ չունի: Սա, ի դեպ, մեր երկարաժամկետ ռազմավարությունն է, որովհետև կարծում ենք, որ Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար կարևորագույն կոմպոնենտ է լեգիտիմությունը: Հայաստանի Հանրապետությունը պաշտպանության ոլորտում ունի միայն լեգիտիմ նպատակներ, այն է՝ միջազգայնորեն ճանաչված իր տարածքների պաշտպանությունը: Նման նպատակ ունենալու մեջ որևէ երկիր որևէ այլ երկրի երբևէ չի կարող մեղադրել: 
 
Եզրափակելով՝ կրկին ուզում եմ ընդգծել մեր հավատարմությունը խաղաղության օրակարգին և վերահաստատել պայմանավորված սկզբունքների   շրջանակներում լուծումների գնալու, այսինքն՝ խաղաղության պայմանագիր ստորագրելու, սահմանազատում և սահմանագծում իրականացնելու մեր պատրաստակամությունը: Բացի վերը նշվածից, պիտի ընդգծեմ նաև տարածաշրջանային կոմունիկացիաները երկրների ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքով բացելու մեր պատրաստակամությունը, որն արտահայտված է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մեջ: Համոզված եմ, որ այս նախագծի իրագործումը մեր տարածաշրջանի բոլոր երկրների տնտեսական զարգացմանը նոր խթան կտա: Շնորհակալություն հարգելի գործընկերներ»: