Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ղարաբաղի հաշվին դոլարային միլիոնատերեր դարձած ԼՂ նախկին ղեկավարների՝ Բաքվի բանտում գտնվելու համար, պարզվում է մեղավոր է Նիկոլը. իյա, իրո՞ք

Ղարաբաղի հաշվին դոլարային միլիոնատերեր դարձած ԼՂ նախկին ղեկավարների՝ Բաքվի բանտում գտնվելու համար, պարզվում է մեղավոր է Նիկոլը. իյա, իրո՞ք
Քաղաքականություն
08:30, 21 февраль 2024
ՀՀԿ երիտասարդական միության անդամները բողոքի ակցիա իրականացրին ԱԳ նախարարության շենքի դիմաց։ Վերջիններս դժգոհում էին ԱԳՆ անգործությունից։ Ըստ նրանց, Հայաստանի ԱԳՆ-ն ոչինչ չի անում Բաքվում գտնվող Արցախի նախկին իշխանությունների ներկայացուցիչներին ազատելու հարցում։

«Այդ շենքում 2018 թվականից ի վեր ընդմիջում է։ Դուք քայլեր չեք ձեռնարկում, որպեսզի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, որը ձեր վարած քաղաքականության հետևանքով հայտնվել է Բաքվի բանտերում, վերադառնա հայրենիք»,-հայտարարել է ՀՀԿ ԵՄ նախագահ Հենրիխ Դանիելյանը։

1998 թվականին անկախ Լեռնային Ղարաբաղի խոստումով Հայաստանում պալատական հեղաշրջում իրականացրած ուժի ներկայացուցիչներն ու իրավահաջորդները գործող իշխանություններին են մեղադրում ԼՂ-ի կորստի մեջ։ Հարկ ենք համարում երիտասարդներին հիշեցնել կամ տեղեկացնել, որ 1998-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին հրաժարական պարտադրելով պալատական հեղաշրջում իրականացրած Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն ու Վազգեն Սարգսյանը իշխանության եկան անկախ կամ միավորված Արցախի խոստումներով, սակայն այդպես էլ իրենց իշխանության 20 տարիների ընթացքում չճանաչեցին Արցախի անկախությունը: Նաև խոստացան, որ սփյուռքի ներուժն օգտագործելու շնորհիվ՝ կհզորանանք։ Վազգեն Սարգսյանի սպանությունից հետո, իհարկե, հզորացան, հարստացան, բայց՝ իրենք, իսկ Ադրբեջանի հետ սպառազինությունների մրցավազքում անգամներով հետ մնացինք, անգամներով խախտվեց ռազմական բալանսը։

ՀՀԿ երիտթևի կուռք Սերժ Սարգսյանի իշխանությունը մեկումեջ միայն թեթև դժգոհում էր Ռուսաստանի իշխանությունների մոտ, որ չնայած Հայաստանը իր ստրատեգիական ողջ արսենալը հանձնել է Ռուսաստանին, միևնույնն է, ՌԴ-ն չի գնահատում դա և հարձակողական զենք է վաճառում մեր թշնամուն, որը, ինչպես ռուսները կասեին, ոզնուն էլ հասկանալի էր, որ Հայաստանի ուղղությամբ էր կրակելու։ Իսկ ՌԴ վերնախավը Սերժի իշխանությանն ասում էր՝ անհանգստանալու կարիք չկա, ձեր դեմ բան չունենք, ուղղակի բիզնես է։ Փաստորեն հայ զինվորների կյանքը ՌԴ-ի համար ընդամենը բիզնես էր։ Չնայած ի՞նչ սպասենք Ռուսաստանից․ ՌԴ-ի համար անգամ իր զինվորների մահն է «ուղղակի բիզնես»։ Օրինակները բազմաթիվ են՝ միայն երկու դեպք՝ Ադրբեջանի կողմից ռուս սահմանապահների և խաղաղապահների սպանությունները, որոնց ռուսական կողմը համարյա չտեսնելու տվեց՝ մեկը 2020-ի պատերազմի, մյուսը՝ 2023-ի Ղարաբաղի «ռազմական օպերացիայի» ժամանակ։ 


Ընդ որում՝ Քոչարյանն ու Սարգսյանը միայնակ չէին։ Ղարաբաղի իշխանությունները ևս թելում էին փոխզիջումների չգնալու թելը։ Ավելին՝ գուցե հակառակը՝ իրենք էին «ոչմիթիզականության» առաջամարտիկները, իսկ Քոչարյան-Սարգսյան զույգը թելում էր իրենց թելը։ Բայց գոնե թե այդ ուղով գնային՝ մտնեին Ադրբեջանի հետ սպառազինությունների մրցավազքի մեջ։ Անգամ դա չարեցին։ Հակառակ դեպքում Քոչարյանի և Վազգեն ու Սերժ Սարգսյանների այս մոտեցումը բացառված չէ, որ արդարացված լիներ։ Հարցն այն է, որ սպարապետի սպանությունից հետո Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը Ղարաբաղի իրենց «ընկերների» հետ լծվեցին մեկ այլ մրցավազքի՝ ով ավելի շատ կթալանի ու ավելի կհարստանա։

Եվ ահա՝ Ղարաբաղի հանքերը, ունեցվածքը իրենցով արած, Ղարաբաղում, Հայաստանում և արտերկրում խոշոր կապիտալ կուտակած, դոլարային միլիոնատերեր դարձած, ռուս խաղաղապահների ներկայությամբ Բաքվին հանձնված Բակոյի, Արկադիի ու Արայիկի՝ Բաքվի բանտում գտնվելու համար, պարզվում է՝ մեղավոր է Նիկոլը։ Իյա, իրո՞ք։

Իհարկե, ԼՂ բարձրաստիճան նախկին ղեկավարությանը Հայաստան վերադարձնելու համար հայկական կողմն ամեն ինչ պետք է փորձի անել, իրենք իրենց պատիժը պետք է Հայաստանի բանտերում կրեն, բայց Հայաստանի գործող իշխանությանը մեղադրել ԼՂ նախկին ղեկավարության՝ Բաքվի բանտերում գտնվելու մեջ, մեղմ ասած, զավեշտալի է։ Թիվ մեկ մեղավորն էլ, պատասխանատուն էլ հենց իրենք են։
 
Վովա Հակոբյան