Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ծառուկյանը Մոսկվա էր մեկնել՝ խնդրելու, որ «ՌԴ-ն ապահովի մեր երկրի անվտանգությունը և երաշխավորի արցախահայության վերադարձը»՝ «առանց ՌԴ-ի ՀՀ-ն կորած է» համոզմունքով

Ծառուկյանը Մոսկվա էր մեկնել՝ խնդրելու, որ «ՌԴ-ն ապահովի մեր երկրի անվտանգությունը և երաշխավորի արցախահայության վերադարձը»՝ «առանց ՌԴ-ի ՀՀ-ն կորած է» համոզմունքով
Քաղաքականություն
22:30, 20 февраль 2024
Օրերս անդրադարձել էինք ՌԴ իշխող կուսակցության՝ «Եդինայա Ռոսիյա»-ի կազմակերպած համաժողովին ՀՀԿ-ի մասնակցության և սույն կուսակցության գործիչների ելույթներին։

Հատկանշական է, որ Ուկրաինայի դեմ պատերազմ մղող երկրի կազմակերպած միջոցառումը կրում էր «Ընդդեմ գաղութատիրության. հանուն ազգերի ազատության» խորագիրը։

Նշել էինք նաև, որ միջոցառմանը մասնակցելու հրավեր էր ստացել նաև ՀՀԿ-ի երբեմնի կոալիցիոն գործընկերը՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորած  ԲՀԿ-ն։ Նկատենք, որ հիշյալ կուսակցության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հրավերն ընդունած ՀՀԿ-ն մասնակցել էր ԱԺ նախկին փոխնախագահ Է․ Շարմազանովի գլխավորած պատվիրակության կազմով՝ առանց Սերժ Սարգսյանի, իսկ ԲՀԿ-ն, փաստրեն, Մոսկվա էր մեկնել կուսակցության առաջին՝ Գագիկ Ծառուկյանի դեմքով՝ «անկեղծ, պարզ, ընկերական, եղբայրական, գործնական  հարցերը բարձրացնելու և լուծումները ստանալու»։  (ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արման Աբովյանը նույնպես մասնակցում էր համաժողովին ու ելույթ է ունեցել։ Ներկա էր նաև ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը՝ «Այլընտրանքային նախագծեր» խմբի ղեկավար)։

Սերժ Սարգսյանը, հավանաբար, հարկ չէր համարել ՀՀ նախկին նախագահի իր տեղը թեթևացնել ու դաշնակից երկրի ինչ-որ համաժողովի մասնակցել, կամ էլ, հավանաբար, «երեսատեղ» չուներ մասնակցելու, քանի որ, ինչպես ռուսական պրոպագանդան է պնդում, Սարգսյանը «գունավոր հեղափոխության արդյունքում» հրաժարական տալով երկիրը հանձնեց «սորոսականներին», որոնք էլ «փչացրին  հարաբերությունները ՌԴ-ի հետ», տանուլ տվեցին ԼՂ հարցի կարգավորումը, «հանձնեցին Ղարաբաղը», ՀՀ բերեցին ԵՄ դիտորդներին՝ այսպիսով անդառնալի վնաս հասցնելով  հայ-ռուսական հարաբերություններին։ Եվ եթե Սերժ Սարգսյանը այդքան «թուլակամ» չլիներ, ապա հայ-ռուսական դաշնակցությունն այժմ կշարունակեր լինել  «ամուր հիմքերի» վրա՝ դրանից բխող ակնկալիքներով։   

Կրեմլը, որը ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի հետ աշխատելու, այսպես ասած, «տառապանքի» հարուստ և երկարատև փորձ ունի, և որպես «ֆավորիտ»՝ կուսակցություններ՝ ՀՀ-ում ենթադրյալ հեղաշրջման-իշխանափոխության դեպքում, դիտարկում է այս երկու՝ իրենց պրոռուսական լինելը  գրեթե ամենօրյա ռեժիմվ ապացուցող ուժերին։  (ԲՀԿ-ի դեպքը, ի համեմատ ՀՀԿ-ի, փոքր -ինչ այլ է, քանի որ ի դեմս Գագիկ Ծառուկյանի գլխավորած ուժի, ունենք ոչ թե գաղափարական, այլ լիդերի բիզնես հետաքրքրություններով կողմնորոշվող կուսակցության հետ։  Եվ հետևապես՝   ինչպես կասի «շեֆը», որի ունեցվածքի օրինականությունը, ի դեպ,  վիճարկվում է Հակակոռուպցիոն դատարանում և վերջինս այն պինդ պահելու խնդիր ունի, այնպես էլ կկողմնորոշվի կուսակցությունը)։

Հիշեցնենք, որ 2021-ի  ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ Ծառուկյանը հանդիպել էր ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինին, ապա մեկնել Մոսկվա և  ՌԴ Պետական Դումայում հանդիպել դրա փոխնախագահ Պյոտր Տոլստոյի, ՊԴ «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավար Սերգեյ Նևերովի և ՌԴ ՊԴ ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի տեղակալ Կազբեկ Տայսաևի հետ: Կարելի էր ենթադրել, որ ընտրություններից առաջ ԲՀԿ առաջնորդը «հյուսիս» էր մեկնել՝ ՀՀ-ում իշխանությունը ստանձնելու հարցում «ռուսաց թագավորի» բարեհաճությունն ստանալու համար։ Թե ինչ պատասխանի էր արժանացել Ծառուկյանի «հայտը»՝ ասել չենք կարող, սակայն կարող ենք գլխի ընկնել՝ հղում անելով ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոստանտին Զատուլինին, որը, հիշեցնենք, 2023թ․ նոյեմբերին հայտարարել էր՝ այն բանից հետո, երբ Փաշինյանը որոշել է 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, ընդդիմությունը դիմել է ՌԴ-ին  և խնդրել ինչ-որ կերպ տեսանելիորեն աջակցել իրեն։ Սակայն ռուսական կողմը հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ եթե ընդդիմությունը գա իշխանության, ապա կարող է հրաժարվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից, որը վերջ դրեց Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին։ Փաստաթղթից հրաժարվելը կարող էր նոր պատերազմ հրահրել, կարծում էր Մոսկվան, և Մոսկվան ինքը չէր ցանկանա խառնվել դրան։   

ԲՀԿ պատվիրակության մոսկովյան այցը, ինչպես և սպասվում էր, հանգամանորեն լուսաբանվեց կուսակցությանը պատկանղ ԶԼՄ-ով, այնպիսի հնչերանգով, կարծես, տեղի ունեցածը  գրանդիոզ միջոցառում էր, որն իր ներկայությամբ պատվել է նաև Ծառւկյանը։ «Գրանդիոզ»  են նաև Ծառուկյանի արտահայտած որոշ մտքեր, որոնք, սակայն, նա բարձրաձայնել է ոչ թե ի լուր ներկաների, այլ՝ այցը լուսաբանող սեփական լրատվամիջոցի միկրոֆոնի առաջ։

Հընթացս նշենք, որ հիմնադիր համաժողովին նախորդել են պաշտոնական հանդիպումներ, պանելային քննարկումներ և  ԲՀԿ կայքում զետեղված ռեպորտաժի կադրերում երևում է, որ Ծառուկյանն ու Մեդվեդևը հանդիպել են և «քննարկել տարածաշրջանում տիրող իրավիճակի, անվտանգային սպառնալիքների, ԵԱՏՄ գործունեությանը, երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերություններին և առկա հումանիտար խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր»։

Ակնհայտ է, որ այս այցի ընթացքում Ծառուկյանը փորձել է շոշափել նաև ՀՀ-ում իր քաղաքական ապագայի  հարցը, սակայն ՌԴ-ում այդ հարցին պատասխանել կարող են միայն առաջիկա նախագահական ընտրությունների արդյունքներից հետո։

Արդ, անդրադառնանք Ծառուկյանի մտքերին, որոնք վերծանելն, անշուշտ, չափազանց դժվար է, սակայն փորձենք․ նա մասնավորապես նշել է, թե հանդիպումների ժամանակ խոսել է հայ-ռուսական հարաբերությունների և այս պահին տիրող, խորացող  հակառուսական տրամադրությունների մասին։

«Հիմնական, առաջնային  մեր առաջարկը պետք է լինի մեր գործընկերներին՝ ՌԴ-ին, որ ապահովեն մեր երկրի անվանգությունը, երկրորդը, որ կարողանան օգնեն Բաքվում գտնվող մեր ընկերներին, գերիներին, որը մեզ պատիվ չի բերում, արժանապատվության խնդիր է, պետք է դիմենք, և նրանք կարող են այդ հարցը կարգավորել»։ Երրորդ խնդիրը, որը բարձրացրել է Ծառուկյանը, ինչպես կարողացանք հասկանալ նրա խոսքից, արցախահայության վերադարձի հարցն է և այդ հարցում ՌԴ-ի երաշխավորությունը ստանալը։  

Նեոգաղութատիրության և ազգերի ազատության վերաբերյալ համաժողովին մասնակցած Ծառուկյանի ասածներից կարելի է բխեցնել, որ նա ինչպես եղել է, այնպես էլ կա և կլինի այն համոզմունքի դավանորդը, որ «առանց ՌԴ-ի ՀՀ-ն կորած է»։ Համոզմունք, որով առաջնորդվում են գաղութացվելը  փրկություն համարող քաղաքականապես  տհաս ուժերը։    

Արման Աբովյանն էլ, նկատենք, իր ելույթում մասնավորապես նշել է․ «Մեզ համար, նկատի ունեմ ՀՀ-ին և ՌԴ-ին, կա մեկ ընտրություն և այդ ընտրությունը միասին լինելն է»։  Ապա մեջբերել է «Գագիկ Ծառուկյանի մեծ հարցազրույցից»  մի հատված․ «Հայ հասարակությունը, իհարկե, հարցեր ունի ռուսական կողմին, ռուսական կողմն էլ, բնականաբար, հարցեր ունի Հայաստանին, սակայն որքան էլ հարցերը սուր լինեն, բաց և անկեղծ երկխոսության միջոցով հնարավոր է դրանք լուծել՝ հաշվի առնելով միմյանց հետաքրքրությունները»։ 

Հետաքրքիր է, թե հատկապես ո՞ւմ նկատի ունի Աբովյանը «ռուսական կողմ» ասելով։  Մոսկվա հասած Աբովյանը պետք է որ ասելիքը հստակ ու հասցեական ձևակերպած լիներ՝ Հայաստանը հարցեր ունի ոչ թե ինչ-որ «կողմի», այլ՝ կոնկրետ մեկ սուբյեկտի՝ այդ երկիրը գլխավորող անձին, որի միանձնյա որոշմամբ էլ տեղի են ունենում բոլոր խնդիրների լուծումները և նաև այդ  խնդիրների հարուցումը՝ մասնավորապես դաշնակից երկրների համար։  
 
Հ․ Մանուկյան