Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի դիմադրողականության հարցում Ձեր ցուցաբերած աջակցության համար․ Փաշինյանը՝ Մակրոնին․ տեսանյութ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ասուլիսի ընթացքում շնորհակալություն հայտնեց Մակրոնին՝ հրավերի և Միսաք Մանուշյանի աճյունը պանթեոնում  ամփոփելու արարողության համար։

Նկատեց՝ սա ցույց է տալիս երկու երկրների և ժողովուրդների միջև առկա հարաբերությունների խորքը։ «Պետք է ընդգծեմ նաև՝ այս տարի նման մի շատ խորը կոնտեքստ ունեցող իրադարձություն ունենք։ Այս տարի լրանում է Շառլ Ազնավուրի 100-ամյակը։ Հույս ունեմ, որ սեպտեմբերին Երևանում մենք միասին կմասնակցենք Ազնավուրի 100-ամյակին նվիրված գալա համերգին և ուզում եմ, պարոն նախագահ, ևս մեկ անգամ ընդգծել իմ հրավերը՝ պետական այցով ՀՀ այցելելու», - ասաց վարչապետը։

Փաշինյանն ընդգծեց նաև Մակրոնի ներդրումը՝ Հայաստանի շուրջ բարենպաստ միջավայր ձևավորելու գործում։ Հիշատակեց Պրահայի քառակողմ հանդիպումը, որտեղ նշվել են խաղաղության և կայունության սկզբունքային անկյունաքարերը։

«Պարոն նախագա՛հ, հատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի դիմադրողականության հարցում Ձեր ցուցաբերած աջակցության համար», - ասաց վարչապետն ու նշեց, որ ՀՀ-ն ճանաչում է իր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունն ու այս առումով Հայաստանի պաշտպանական կարողությունների զարգացումը որևէ մեկի մոտ չի կարող անհանգստություն առաջացնել, որովհետև ՀՀ-ի միակ խնդիրը տարածաշրջանում բալանս ձևավորելն ու միջազգային հանրության կողմից ճանաչված իր տարածքային ամբողջականությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելն է։

 Փաշինյանը նկատեց, որ Հայաստանը ԵՄ-ի հետ հարաբերությունների դինամիկ փուլ է մտնում, և այստեղ էլ ընդգծեց Մակրոնի և Ֆրանսիայի հատուկ դերը այս գործում։