Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ցանկանում եմ նաև ողջունել, թանկագին Նիկոլ, Ձեր անձնական խիզախությունը և հաստատակամությունն այդ ճանապարհով առաջ շարժվելու համար. Մակրոնի ելույթն՝ ամբողջությամբ

Ցանկանում եմ նաև ողջունել, թանկագին Նիկոլ, Ձեր անձնական խիզախությունը և հաստատակամությունն այդ ճանապարհով առաջ շարժվելու համար. Մակրոնի ելույթն՝ ամբողջությամբ
Քաղաքականություն
22:56, 21 февраль 2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում հանդիպումից առաջ ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով:
Ֆրանսիայի նախագահն իր խոսքում նշել է.
 
«Պարոն վարչապետ,

Տիկնայք և պարոնայք նախարարներ,

Տիկնայք և պարոնայք,
 
Շնորհակալություն թանկագին Նիկոլ այս կարևոր օրվա առիթով Փարիզում լինելու համար: 
 
Փետրվարի 21-ն այն օրն է, երբ Միսաք Մանուշյանը և դիմադրության շարժման նրա ընկերները սպանվեցին Ֆրանսիայի ազատության համար, և հայրենիքը նրանց լիովին ճանաչեց ու նրանք ամփոփվելու են պանթեոնում: Միսաք Մանուշյանն իր կնոջ՝ Մելինեի հետ կամփոփվի պանթեոնում, որտեղ Ֆրանսիան իր մեծ մարդկանց է ամփոփում: Սա նաև երախտագիտությունն է Ֆրանսիայի այն պայքարի համար, որը տրվել է ազատության համար:
 
Ձեր ներկայությունն այսօր շատ կարևոր է բոլորիս համար: Ես ևս մեկ անգամ ցանկանում եմ Ձեր առջև ասել, կրկնել, որ Դուք կարող եք ապավինել Ֆրանսիայի աջակցությանը Հայաստանին, նրա անկախությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարական ընթացքին և խաղաղության ձգտումներին:
 
Ցանկանում եմ նաև ողջունել, թանկագին Նիկոլ, Ձեր անձնական խիզախությունը և հաստատակամությունն այդ ճանապարհով առաջ շարժվելու համար: 
 
Այս հանձնառության փայլուն օրինակ է նաև Միջազգային քրեական դատարանին Հայաստանի անդամակցությունը: Այս պահին, երբ մենք նշում ենք Միսաք և Մելինե Մանուշյանների հիշատակը, պատերազմական հանցագործությունները շարունակվում են Եվրոպա մայրցամաքում, և հանուն ազատության պայքարն, առավել քան երբևէ, պահանջում է պայքար անպատժելիության դեմ:
 
Մեր հանդիպումը թույլ կտա խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քննարկումների մասին: 
 
Վերջերս Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում են, որ էսկալացիայի վտանգն իրական է մնում: Ֆրանսիան ցավում է, որ փետրվարի 12-ի կրակոցի հետևանքով վիրավորվել է ադրբեջանցի, ինչն ընդունել է նաև Հայաստանի ղեկավարությունը լիակատար թափանցիկությամբ, բայց Ֆրանսիան ափսոսանք է հայտնում Ադրբեջանի անհամաչափ պատասխան հարվածի համար, որի հետևանքով հայկական կողմն ունեցավ չորս զոհ և մեկ վիրավոր: Ֆրանսիան կշարունակի աջակցել արդար և կայուն խաղաղությանն ուղղված ջանքերին: 
 
Մենք համոզված ենք, որ դրան կարելի է հասնել միայն միջազգային իրավունքի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հարգման դեպքում:
2022 թվականին Պրահայում կայացած հանդիպման ժամանակ Դուք Ալիևի հետ վերահաստատեցիք Ձեր հանձնառությունն Ալմա-Աթայի հռչակագրին, և անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանը փարատի երկիմաստությունը: 
 
Կարծում եմ՝ առավել քան անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի տարածքային ամբողջականության առումով Ադրբեջանը փարատի երկիմաստությունը, ինչ վերաբերում է քարտեզներին, ապա բարեխիղճ աշխատանք կատարվի սահմանների սահմանազատման և սահմանագծման համար, ինչը հիմք կծառայի սահմանի երկուստեք ուժերի հետ քաշման համար:
 
Մենք նաև կոչ ենք անում ի կատար ածել Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը: Համաձայն այս որոշման՝ Ադրբեջանը պետք է ապահովի, որպեսզի այն անձինք, ովքեր լքել են Լեռնային Ղարաբաղը 2023 թվականի սեպտեմբերի 19-ից և ովքեր ցանկանում են վերադառնալ, կարողանան դա անել անվտանգ, անարգել և արագորեն:
Մենք ցանկանում ենք, որպեսզի Հարավային Կովկասը լինի խաղաղության, ինտեգրման և համագործակցության տարածաշրջան ու անհրաժեշտ է, որպեսզի հաղորդակցական ուղիները նույնպես լինեն ինտեգրման գործոններ, և ոչ թե պառակտման: Ես այցելել եմ Կենտրոնական Ասիա և ցանկանում եմ, որպեսզի Կենտրոնական Ասիայի, Հարավայի Կովկասի և Եվրամիության միջև հաղորդակցական կապերը զարգանան: Եվ ողջունում եմ այս ընդհանուր հավակնության մեջ Ձեր «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը:
 
Մենք այնուհետև կքննարկենք նաև երկկողմ համագործակցության ամրապնդմանն ուղղված հարցերը: Ֆրանսիան կշարունակի աջակցել ենթակառուցվածքների զարգացմանը Հայաստանում մեր ձեռնարկությունների մասնակցությամբ: Կշարունակենք նաև զարգացնել համագործակցությունը պաշտպանության ոլորտում: Ֆրանսիան տվել է իր համաձայնությունը պաշտպանական զինտեխնիկայի առաքման համար: Եվ Ֆրանսիան կշարունակի այդ ոլորտում իր պատասխանատվության ոգով՝ չցանկանալով որևիցե էսկալացիա:
 
Ֆրանսիան նաև շարունակում է իր մարդասիրական հանձնառությունն՝ ի նպաստ Լեռնային Ղարաբաղի փախստականների՝ 2023 թվականին տրամադրելով 29 մլն եվրոյի օգնություն:
 
Ֆրանսիան կշարունակի վճռականորեն աջակցել Եվրամիության և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացմանը: Այստեղ նույնպես արձանագրում ենք առաջընթաց՝ ի նպաստ ինքնիշխանության և մեր ընդհանուր ռազմավարական շահերի: Եվրամիության դիտորդական առաքելությունն այսուհետ ամրապնդված է: Այն նպատակ ունի նպաստել կայունությանը, միջազգային հանրության անաչառ տեղեկատվությանը և ռազմական շփման գոտիներում խոցելի բնակչության ապահովությանը: Հայաստանը նույնպես պետք է օգտվի խաղաղության եվրոպական գործիքներից: Եվրամիությունը և Հայաստանը ցանկանում են նոր գործընկերության ժամանակացույց:
Ահա, այն մի քանի ուղիները, որոնք ուզում էի հիշեցնել: Եվ գիտեք, որ բառերից այն կողմ, Ֆրանսիան Հայաստանի կողքին է, որովհետև արդարադատությունը, ազատությունը և միջազգային իրավունքը մեզ համար կարևոր են:
 
Եվս մեկ անգամ ցանկանում եմ ողջունել խիզախությունը, և այս առանձնահատուկ օրվա առիթով վերահաստատում եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին և բոլոր հայերին»: