Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ո՞վ «կափարիչ դրեց Արցախի վրա» ու փակեց այդ հարցը. Շահրամանյանը ամնեզիա ունի՞

Ո՞վ «կափարիչ դրեց Արցախի վրա» ու փակեց այդ հարցը. Շահրամանյանը ամնեզիա ունի՞
Քաղաքականություն
20:30, 22 февраль 2024
Սամվել Շահրամանյանը ծանուցում է ստացել Հակակոռուպցիոն կոմիտեից՝ որպես վկա հարցաքննվելու համար։ Նախորդ տարի Շահրամանյանը գրություն է ուղարկել գլխավոր դատախազին և հանցագործության մասին հաղորդում ներկայացրել՝ Արցախի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ֆինանսական խախտումներ կատարելու մասին։ Կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, և այսօր Շահրամանյանը որպես վկա է հարցաքննվել։ Կոմիտե ներկայանալուց հետո Շահրամանյանը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ և անդրադարձել նաև իր թիկնապահի ձերբակալմանը, հորդորել իրավապահներին ազատ արձակել Աշոտ Դանիելյանին, քանի որ, ըստ նրա, գործը շինծու է։ Դանիելյանի ձերբակալությունը Շահրամանյանի մոտ հարցեր է առաջացրել։ 

«Էս ամեն ինչը կապ ունի նրա հետ, որ փորձ է արվում այն, ինչ կապված է Արցախի հետ, կափարիչ դնել դրա վրա և փակել այդ հարցը։ Բայց ինձ թվում է՝ պետք չի գնալ այդ ճանապարհով, պետք է գտնել լուծումներ Արցախի խնդրի լուծման համար, արցախցիների հարցերի լուծման համար։ Եվ իմ կարծիքով՝ մինչև այդ հարցը չստանա արդարացի լուծում, մենք ունենալու ենք այս բաց վերքը և միշտ արյունահոսելու ենք»,- ասում է Շահրամանյանը։ 

Ուզում ենք Սամվել Շահրամանյանին հիշեցնել, որ 2023 թվականի սեպտեմբերին հենց նա է «կափարիչ» դրել Արցախի հարցի վրա և փակել այն, երբ ստորագրեց Արցախը լուծարելու հրամանագիրը։ Ճիշտ է՝ Հայաստան գալուց հետո նա խրոխտ կերպով հայտարարեց, որ Արցախը չի կարող լուծարվել, սակայն փաստն այն է, որ նա, հանդիսանալով այդ պահին Արցախի ղեկավար, Լեռնային Ղարաբաղը լուծարելու մասին հրամանագիր է ստորագրել, որի մասին, ի դեպ, հայտարարել է Արցախի տեղեկատվական շտաբը՝ պաշտոնապես։

Հայաստանում արված Շահրամանյանի իրար հակասող հայտարարությունները, թե Արցախը լուծարված չէ, միաժամանակ չհերքելով, որ այդպիսի հրամանագիր է եղել, այլևս էական չեն։ Մի քանի օր ղեկավարած Սամվել Շահրամանյանը իշխանության եկավ գործող նախագահ Արայիկ Հարությունյանի «պարտվողական», «զիջողական» քաղաքականությանը վերջ տալու առաքելությամբ, օրեր անց, սակայն, մեկ օր տևած ռազմական գործողություններից հետո ստորագրեց ԼՂ-ն լուծարելու փաստաթուղթը։ Ընդ որում՝ այդ Սամվել Շահրամանյանն էր, որ, ինչպես հենց ինքն է խոստովանել,  մինչև վերջին պահը ապավինել է ռուս խաղաղապահներին, երբ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի հարձակումից առաջ գնացել է ռուս խաղաղապահների կենտրոնակայան, հանդիպել ղեկավարության հետ և, վերադառնալով իր աշխատասենյակ, հարձակումից հետո է միայն հասկացել, որ ռուսներն իրենց չեն օգնելու։ Ավելին՝ Շահրամանյանը որևէ քայլ չի ձեռնարկել սահմանամերձ շրջանների բնակիչների անվտանգությունն ապահովելու, նրանց տարհանելու ուղղությամբ, որի հետևանքով մարդիկ դարձել են անակնկալ հարձակման թիրախ՝ զոհվել, գերեվարվել, հագի շորերով փախչել։ Հիշեցնենք այդ օրերի՝ Արցախի տեղեկատվական շտաբի մեկ այլ հայտարարություն ևս, ըստ որի՝ դպրոցներում դասապրոցեսը բնականոն հունով ընթանում է, խուճապի կարիք չկա։ Մինչդեռ ժամեր անց Ադրբեջանը հարձակում գործեց ու անակնկալի բերեց հարձակմանը ոչ պատրաստ խաղաղ բնակչությանը։ Եվ հիմա Արցախի վրա «կափարիչ» դրած Սամվել Շահրամանյանը ուրիշներին է մեղադրում Արցախի հարցի վրա «կափարիչ» դնելու համար։ 

Հ.Գ. Հանուն արդարության պետք է նշենք, որ Շահրամանյանը հետևողականություն է ցուցաբերել ԼՂ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների կողմից թույլ տրված չարաշահումները, ֆինանսական ենթադրյալ հանցագործությունները բացահայտելու կամ դրանց բացահայտմանը օժանդակելու ուղղությամբ։ Հուսանք՝ Շահրամանյանն իր մղումներում ազնիվ է և իրոք շահագրգռված է այդ հանցագործությունների բացահայտմամբ։ 
 
Վովա Հակոբյան