Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալիևին ձեռնտու չէ մտնել Սյունիքով ճանապարհ բացել և հետո ճանապարհը տալ ռուսներին. Արամ Սարգսյան

«Ժամանակն է, որ Հայաստանը Ֆրանսիայի հետ ռազմավարական փոխօգնության փաստաթուղթ ստորագրի: Բազմաթիվ անգամներ ասել եմ, որ այն, ինչ ունի Վրաստանը ԱՄՆ-ի հետ, ես հենց այդ փաստաթղթից ուզում եմ Ֆրանսիայի հետ, ԱՄՆ-ի հետ, և չեմ բացառում, որ նման եռակողմ փաստաթուղթ լինի։ Եթե նայում ենք աշխարհաքաղաքական ենթատեքստում շահերից բխող մոտեցումներին, այստեղ թե Ֆրանսիայի, թե Հնդկաստանի ու թե Հայաստանի շահերը համընկնում են»,- ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով Հայաստանի ու Ֆրանսիայի միջև հարաբերություններին։ 

Սարգսյանի խոսքով՝ Հնդկաստանին չի խոչընդոտում այն հանգամանքը, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և Հնդկաստանը պատրաստ է նման եռակողմ փաստաթուղթ ստորագրել Հայաստանի հետ. «Բայց չգիտեմ, թե Ֆրանսիան ինչքանով է պատրաստ ՀԱՊԿ անդամ Հայաստանի հետ ստորագրել նման փաստաթուղթ։ Եթե նման փաստաթուղթ կարող է ստորագրվել ՀԱՊԿ-ից դուրս գալով, ապա պետք է դուրս գալ ՀԱՊԿ-ից և Հնդկաստանի ու Ֆրանսիայի հետ ռազմավարական փոխօգնության փաստաթուղթ ստորագրել»։
Սարգսյանը նշեց. «Ռուսական կենտրոններից Ալիևին ասում են՝ ՀՀ-ին հարվածի, մի քանի հոգու սպանի, հայ ժողովուրդը զզված է իշխանությունից և ռուսների հետ է իր էությամբ։ Այ, որ մի հատ էլ հարվածես,  էնտեղ հեղաշրջում կլինի, եկած մարդը մերը կլինի ու միջանցքը կտա»։   

Ըստ Սարգսյանի՝ Ադրբեջանը Թուրքիայի հետ պարտադրված է քայլ առ քայլ մտնել արևմտյան ենթատեքստի մեջ. «Ալիևին ձեռնտու չէ մտնել Սյունիքով ճանապարհ բացել և հետո ճանապարհը տալ ռուսներին, իսկ ինքը մտնի պատժամիջոցների տակ, որովհետև ռուսները հստակ ասում են, որ ճանապարհը վերցնելուց հետո, նոյեմբերի 9-ի փաստաթղթի համաձայն, դա պետք է տրվի ռուսներին, Ալիևն էլ ասում է՝ թող նրանք ուղեկցեն առանց իմ մտնելու։ Ամբողջ Մյունխենի համաժողովը այդ ենթատեքստն ուներ, որ այլ պետության սուվերեն տարածք մտնելը դատապարտելի է ու պատժվելու է խստագույնս, ու Ալիևն էլ դա լսում էր»։

Սարգսյանի խոսքով՝ Ալիևի ու Էրդողանի վերջին հանդիպումը այն եզակիներից էր, որի ժամանակ կողմերից ոչ մեկը միջանցքի մասին չի խոսել. «Հավանաբար տեսել են, որ իրենց կոմունիկացիոն ծրագրերը իրականություն չեն դառնա։ Օ'Բրայանը ասում էր, որ ալտերնատիվ ճանապարհ  չի աշխատելու, իսկ ուժով վերցնելու դեպքում ԱՄՆ-ն կօգտագործի իր ողջ ներուժը. այդ սխեման աշխատել է»։

 
Մանրամասները՝ տեսանյութում։
Դավիթ Լևոնյան