Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մոսկվային թվում է՝ «թքում է ՀՀ-ի» երեսին, իրականում «թքեց» իր վրա. ինչու ձերբակալվեց և ազատ արձակվեց ադրբեջանցի մարզիչը. Ստյոպա Սաֆարյանը գտել է բանալի բառը

Մոսկվային թվում է՝ «թքում է ՀՀ-ի» երեսին, իրականում «թքեց» իր վրա. ինչու ձերբակալվեց և ազատ արձակվեց ադրբեջանցի մարզիչը. Ստյոպա Սաֆարյանը գտել է բանալի բառը
Քաղաքականություն
19:43, 22 февраль 2024
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը ֆեյսֆուքի իր էջում գրել է


««Կրեմլի նոր օպերացիան՝ հայասպանի դերակատարմամբ ու մյունխենյան պայմանավորվածությունները»
 
«Կարևոր էր անդրադառնալ Ռուսաստանում կատարված մի խայտառակ իրադարձության, որով, Մոսկվային թվում է, թե ինքն է «թքում Հայաստանի երեսին», իսկ իրականում «թքեց» իր վրա...

Խոսքը վերաբերում է պատերազմի հանցագործ, հայասպան ադրբեջանցու՝ քյամիլ զեյնալլիի՝ Մոսկվայի օդանավակայանում ձերբակալելուն ու նույն օրվա մեջ ազատ արձակելուն։

Ուրեմն խրոնիկան այսպիսին էր․  մարդասպանի աղեկտուր լայվից պարզ է դառնում, որ նրան ձերբակալում են մի շարք ծանր հոդվածներով Հայաստանի հայտարարած հետախուզման շրջանակներում։ 

Ռուսաստանում Բաքվի դեսպանի, Կրեմլի սիրեցյալ բյուլբյուլօղլուի ջանքերով արագ տրամադրվում է փաստաբան։

Այնուհետև Ռուսաստանում Բաքվի դեսպանությունը հայտարարում է, որ ակնկալում է, որ գոնե հայասպանին կդատեն Ռուսաստանի դատարանում, ու չեն արտահանձնի Հայաստանին․․․․

Ապա հայասպանի պաշտոնական-փաստաբանական թիմը փաստարկ է բերում, թե, իբր, Հայաստանին արտահանձնում չի կարող կատարվել, քանի որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված չէ «Խաղաղության պայմանագիր»․․․

Ահա՛ բանալի բառը։ Փաշինյանի ու Ալիևի միջև ստորագրված չէ «խաղաղության» պայմանագիրը, հետևաբար, եթե Հայաստանը ցանկանում է ստանալ ոճրագործին, թող ներկայանա իրեն ասված հասցեով և ստորագրի խաղաղության պայմանագիրը։ Իսկ Ադրբեջանին ասվում է, որ եթե ուզում է, որ ոճրագործը վերադառնա Բաքու, այլ ոչ թե արտահանձնվի Հայաստանին, ուրեմն թող բարի լինի ձախողել Արևմուտքից պարտադրվող խաղաղության պայմանագիրը, չստորագրի այն․․․․

Ու այս ամենը տեղի է ունենում մյունխենյան հանդիպումից անմիջապես հետո, որտեղ Ալիևը ընդունել է /մեջբերում եմ գրեթե բառացի իրեն հանդիպման ուղեկցած Բեռլինում Ադրբեջանի դեսպանի 4 կետերը/, որ 

1․ «Բլինքենի աջակցությամբ ու Շոլցի/ԵՄ նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպումը լավն էր՝ անցավ շատ դրական ու կառուցողական մթնոլորտում», մանավանդ որ Շոլցը ասել էր, որ ԵՄ-ն ու ինքը պետք է լինեն Հայաստան-Ադրբեջան բանակցությունների միջնորդ, իսկ Ալիևը դա ընդունել է ու չի առարկել․․․ 

2․ Համաձայն է, որ երկու երկրների ԱԳ նախարարները հանդիպեն, 

3․ Հանդիպման օրակարգը Խաղաղության պայամանագիրն է ու դե ֆակտո խաղաղությունը դե յուրե վերածելը, 

4․ Ադրբեջանը գիտակցում է, որ СՕP կոնֆերանսը իրեն տրվել է այդ ամենի դիմաց, որը համարում է այդ ճանապարհին լավ քայլ․․․․
 
Սրանք Ալիևի խոսքի ամփոփումներն են հենց իր դեսպանի՝ Հիքմեթ Հաջիևի ենթակայի շուրթերով՝ մի փոքր բացված իմ կողմից։
 
Ու Մյունխենից վերադառնալուց հետո ինձ անչափ հետաքրքրել է, թե ինչպես է Մոսկվան իր թարմ սիրեցյալին ետ պահելու մյունխենյան պայմանավորվածությունների կատարումից․․․
 
Եվ ահա, ստեղծվում է այս օպերացիան․ ձերբակալվում է հայասպան ոճրագործը, ազդարարվում, որ դա արվել է Երևանի պահանջով՝ հայտարարված հետախուզման շրջանակներում։ 
 
Մոսկվան ակնկալում է, որ Երևանը կդիմի խնդրանքով՝ արտահանձնել ոճրագործին։ Երևանը շատ ճիշտ է վարվում՝ չի խնդրում մի թեմայով, որն իրեն բացարձակ պետք չէ, առավել ևս Մոսկվայի պարտքի տակ դնելու գնով․․․
 
Այդ ընթացքում ինտենսիվ խնդրվում է Բաքուն՝ ի դեմս իր դեսպանի, ով Ալիև ընտանիքի անդամին հավասար մեկն է։
Դժվար է ասել, թե ինչ հեռախոսազրույցներ են եղել Մոսկվա-Բաքու առանցքով, իսկ միգուցե Ալիևի խնդրանքը դեսպան Բյուլբյուլօղլուն է փոխանցել, մի բան փաստ է՝ Բաքվի խնդրանքը բավարարվել է, ենթադրաբար՝ գործարքի դիմաց։
 
 
Այլևս թաքցնել հնարավոր չէ, որ Մոսկվայի գլխավոր ակնկալիքը Բաքվից այն է, որ Ալիևը հարձակվի Հայաստանի վրա։ Բայց նրան դեղին քարտ է ցույց տրված ու անգամ իր «հավաքած» 92 տոկոսը չեն օգնում․․․ 
«Փայլուն» ընտրություններից հետո Բլինքենը նրա հետ քննարկման օրակարգ է նշում Ադրբեջանում «իրավունքների ու ժողովրդավարության հարցը», Բաքվում ԱՄՆ դեսպանը ընտրություններից հետո հայտարարել էր, թե կիսում է ԵԱՀԿ դիտորդների մտահոգությունները ընտրությունների կապակցությամբ, իսկ Մյունխենում Բլինքենը Ալիևին ասել էր, որ ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների ապագան կապված է Հայաստան-Ադրբեջան նորմալացումից ու դրանում ԱՄՆ միջնորդությունից․․․ 

Ու դա նրանից հետո, երբ Բաքուն նախկինում հրաժարվել էր պատշաճ ընդունել ԱՄՆ ու ԵՄ բանագնացներ Բոնոյին ու Կլարին․․․Մյունխենում Ալիևը ոչ միայն լեզվին չտվեց, թե ով են ԱՄՆ-ն ու Գերմանիան, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների
մեջ մտնեն, այլև 4 կետանոց այդ ուղերձը հղեց բոլորին, որ պայմանները ընդունում է․․․
 
Ավելին, Մյունխենում Ալիևն ինքն է խնդրում, որ երբ ավարտվի Նիկոլ Փաշինյանի ու Շոլցի հետ եռակողմ հանդիպումը, իրենց դահլիճից չհանեն ու թողնեն երկկողմ հանդիպում լինի․ Շոլցի արարողակարգի ծառայության հետ Ալիևի արարողակարգի ու անվտանգության ծառայության միջև այդ զրույցի ակնատեսը անձամբ ես եմ եղել, որովհետև Ալիևի պատվիրակությունը մտածում էր, որ նույն տարածքում հաջորդելիք ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հանդիպումների պատճառով իրենց դուրս կհանեն սենյակից, մանավանդ որ արարողակարգերը արդեն իսկ հասցրել էին Հայաստանի ու Ադրբեջանի դրոշները փոխարինել ԱՄՆ-ի դրոշով․․․ Ու հասկանալով, որ Պուտինը կարող է շատ զայրանալ, որ Իլհամ Ալիևը համաձայնել է գերմանական ու ամերիկյան միջնորդություններով պայմաններին, Բաքվում տարածեցին, թե Փաշինյանի հետ երկկողմի նախաձեռնողը եղել է Շոլցը, այլ ոչ թե Ալիևը, որպեսզի Պուտինը իր վրա չջղայնանա․․․․

Բայց Պուտինի թիմում էլ հո կարողանում են կարդալ, թե ինչին է համաձայնել Ալիևը․․․ Ինքզինք խոսող գրառումներն ու հաղորդագրությունները Բլինկենի, Փաշինյանի, Շոլցի ու Ալիևի դեսպանի պատին են․․․ Դրա համար էլ Ալիևի թվիթերյան երկու էջերում ոչինչ չդրվեց մյունխենյան հանդիպումների մասին․․․ Բայց, կրկնում եմ, Կրեմլում հո Շոլցի, Բլինքենի գրառումները կարդացել են․․․․
 
Իսկ ի՞նչ գործարք կարող է լինել Ալիևի ու Պուտինի միջև՝ հայասպանի ձերբակալման ու Ադրբեջանին հանձնելու ակտից անդին․․․
 
Ասացի, որ Պուտինի առավելագույն պլանը պատերազմ հրահրահրելն է, դրա միջոցով Հայաստանին հպատակեցնելը, միջանցք ստանալը, Հայաստանի քառատումը ու անկենսունակ պետության վերածելը, որից հետո միակ տարբերակը Ռուսաստանի կազմ մտնելը կլինի․․․ Բայց այստեղ ԵՄ դիտորդներն են խանգարում, ու Ալիևը դրանով է արդարանում․․․
 
Ավելին, հենց այսօր Ալիևի ընդդիմադիր Ալի Քերիմլին է հայտարարել, որ Թուրքիայում էլ մտահոգ են, որ Ալիևը ռուսական խաղի մեջ է ու հորդորել են նրան չանել Ռուսաստանի ասածը՝ հարձակվել Հայաստանի վրա․․․ Սա տեսանելի էր՝ դատելով Արևուտք-Թուրքիա հարաբերությունների վերջին ելևէջներին, ինչը նշանակում է, որ Թուրքիան կախվածության մեջ է Արևմուտքից, հետևաբար՝ վտանագվոր տրիոյից առնվազն Անկարային ու Բաքվին կարող են ԵՄ ու ԱՄՆ ազդանշան հղել, թե ինչ չանել․․․ Ու դա արել են Բաքվի դեպքում Մյունխենում, իսկ Անկարայի դեպքում՝ հավանաբար այլ կերպ․․․ Այլապես ադրբեջանցի ընդդիմադիրը չէր խոսի, որ Մյունխենից Անկարայով Բաքու վերադառնալիս Էրդողանը Ալիևին հորդորել է չկատարել Պուտինի հանձնարարությունը՝ Հայաստանի վրա հարձակվելը․․․

Ու սա՝ չնայած այն հաճոյախոսությանը, որը վերջին օրերին Մոսկվան շռայլում է Արևմուտքի հետ «վերամտերմացող» Էրդողանի ու Թուրքիային՝ նրանց հռչակելով ռազմավարական առումով ամենհավատարիմ դաշնակիցը․․․
 
Եվ, ահա, Պուտինին այլևս ոչինչ չի մնացել, քան Ալիևին համոզելը, որ նա հանձնարարությունը կատարի։ Իսկ նա դա կատարել չի կարող, եթե Թուրքիան թիկունքին չէ, երբ ԵՄ դիտորդ «խաբարբզիկները» սահմանին են ու կասեն, որ պատերազմի հրահրողն ու հանցագործը ինքն է, իսկ Գերմանիան/ԵՄ ու ԱՄՆ հանձնարարել ու հորդորել են, որ «մնացած հարցերը լուծի բանակցություններով», և ոչ թե պատերազմով, ինչին համաձայնել է Մյունխենում․․․

Հետևաբար, Ալիևն այս պահին Պուտինի առավելագույն նպատակին սպասարկել չի կարող։ 
 
Մնում է նվազագույնը՝ դա արևմտյան ֆորմատի ձախողումն է տարբեր պատրվակներով․․․
Բայց այստեղ էլ փակ սենյակում տրված խոստումից հրաժարվելն է, ու արդեն՝ երրորդ անգամ․․․
Առաջինը անգամ դա 2022թ․ սեպտեմբերյան հանդիպումից հետո էր, իսկ երկրորդ անգամ՝ Պրահայի հանդիպմանը․․․
 
Եվ իզուր չէր, որ 2023թ․ սեպտեմբերի 19-ին Արցախի վրա հանդիպման օրը Գերմանիայի ԱԳ նախարությունը ուղղակի մեղադրեց Ալիևին տված խոստումը խախտելու մեջ․․․
 
Ալիևը ստիպված է երրորդ անգամ խախտել ու չկատարել փակ սենյակներում տված խոստումը, կամ մերժել Պուտինին նաև նվազագույն խնդրի դեպքում․․․ 
 
Կարծեք թե երկու դեպքում էլ պատիժն անխուսափելի կլինի։
 
Հայաստանն էլ պետք է սպասի պատժի՝ այս անգամ մյունխենյան պայմանավորվածությունների համար․․․
 
Սակայն ամենահետաքրքրականն այն է, որ Ադրբեջանն այժմ անում է այն սխալները, ինչ արել է Հայաստանը 94-ից հետո՝ փակ սենյակներում խոստանում է այլ բան, հրապարակավ ասում ու անում է այլ բան․․․ Իսկ թե ինչպես մեր դեպքում ավարտվեց դա, նկարագրելու կարիք չկա․․․
Հարց է, թե ինչպես կավարտվի այս ամենը Ադրբեջանի դեպքում․․․»։