Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ սուվերեն իրավունքն է Ֆրանսիայի հետ համագործակցելը. դա հանուն ՀՀ-ի և որևէ մեկի դեմ չէ. Սուրեն Պապիկյան

«Ֆրանսիայի հետ մեր համագործակցությունը հակասության մեջ չի՞ մտնում ՀԱՊԿ-ի շրջանակներում մեր պարտավորություններին, և Իրանի տրամադրությունները մենք ստուգե՞լ ենք»՝ լրագրողի հարցին պատասխանելով Ֆրանսիայի պաշտպանության նախարարի հետ համատեղ ասուլիսում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ պարտավորությունները պետք է դիտարկել երկուստեք: Ես պատահաբար չանդրադարձա ՀՀ-ում 2022թ.  սեպտեմբերկան իրադարձություններին, երբ ՀՀ սուվերեն տարածքը ենթարկվեց ագրեսիայի, օկուպացվեցին Հայաստանի սուվերեն տարածքներ: Եվ դրանից հետո է, որ Հայաստանը իր ռազմական համագործակցությունը դիվերսիֆիկացնելու խնդիր դրեց իր առաջ: Դա Հայաստանի սուվերեն իրավունքն է, և ՀՀ-ն իրավասու է որոշել ում հետ և ինչ աստիճանի համագործակցություն ունենալ»:

Սուրեն Պապիկյանն ընդգծեց, որ սա բխում է Հայաստանի ժողովրդի և ՀՀ պետականության շահերից:
Ինչ վերաբերում է Հայաստանի հարևաններին, Պապիկյանն ասաց. «Հայ-ֆրանսիական համագործակցությունը հանուն Հայաստանի Հանրապետության է և որևէ մեկի դեմ չէ: Մեր իրավունքն է համագործակցել և Ֆրանսիայի հետ, և Իրանի հետ: Եվ դա ի գիտություն պետք է լինի բոլորին»: