Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փաշինյանը France 24-ի հետ զրույցում չի հայտարարել ռուսական բազան ՀՀ-ից հեռացնելու մասին. civilnet

Փաշինյանը France 24-ի հետ զրույցում չի հայտարարել ռուսական բազան ՀՀ-ից հեռացնելու մասին. civilnet
Քաղաքականություն
16:31, 23 февраль 2024
Civilnet.am-ը գրում է. Լրատվական կայքերում երեկվանից տարածվում է տեղեկություն, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆրանսիական France 24-ին տված հարցազրույցում իբր հայտարարել է, թե ռուսական ռազմաբազայի պահպանման հարց չկա օրակարգում։ Տեղեկությունը մեծ տարածում ստացավ տելեգրամյան ալիքներում և ռուսական մամուլում՝ մեկնաբանվելով որպես ռուսական ռազմակայանը Հայաստանից հեռացնելու որոշում։

Իրականում Փաշինյանը չի հայտարարել ռուսական բազան Հայաստանից դուրս բերելու մասին։ Ռուսական բազայի հեռացման մասին լրագրողի հարցին Փաշինյանը պատասխանել է, որ հարցը չի քննարկվել։
«Բազան Հայաստանում է գտնվում ոչ Հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակներում։ Դա բոլորովին ուրիշ պայմանագրային հարթություն է, և այդ հարթությանը անդրադարնալու առիթ չի եղել»,- ասել է Փաշինյանը։
France24-ը, մեջբերելով հատվածներ հարցազրույցից, բազայի մասին հարցի վերաբերյալ յուրովի մեկնաբանություն է արել՝ գրելով․ «Պահպանման հարց օրակարգում չկա»։ Հենց այս միտքն էլ տարածվել է մյուս լրատվամիջոցներում։

Հայաստանը չի դադարեցրել անդամակցությունը ՀԱՊԿ-ին

Արտասահմանյան լրատվամիջոցներում՝ այդ թվում ռուսական և եվրոպական թերթերում տարածվում է նաև տեղեկություն, թե Փաշինյանը իբր հայտարարել է ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության կասեցման մասին։

Տեղեկությունը տարածել է նաև ՌԴ Պետդումայի պառլամենտական թերթը
Իրականում Փաշինյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք ՀԱՊԿ-ից դուրս գալու մտադրություն կա՞, հայտնել է «գործնականում մասնակցության սառեցման» մասին։
«Գիտեք, ՀԱՊԿ-ը, մեր գնահատմամբ, չի կատարել իր անվտանգային ոլորտի պարտավորությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ, մասնավորապես, 2021-ին, 2022-ին, և դա չէր կարող մեզ համար անցնել առանց հետևանքների։ Եվ հետևանքը այսօր գործնականում նա է, որ մենք գործնականում, ըստ էության, սառեցրել ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Վաղը ինչ կլինի՝ վաղը կերևա»,- ասել է Փաշինյանը։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում