Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսական հեռուստաալիքները 6 տարի շարունակ հակաքարոզչություն են վարում ՀՀ ընտրված կառավարության դեմ. վարչապետ. տեսանյութ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել France 24 հեռուստաընկերությանը


France 24, Մարկ Պերելման - Լեռնային Ղարաբաղում վերջին կոնֆլիկտի ժամանակ Դուք մեղադրեցիք Մոսկվային՝  այդ հակամարտությունը ձեր դեմ ուղղելու փորձի մեջ: Արդյոք Դուք շարունակո՞ւմ եք մտածել, որ Վլադիմիր Պուտինի նպատակն է Ձեզ իշխանությունից հեռացնել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ Ռուսաստանի Դաշնության ամենաբարձրաստիճան ներկայացուցիչներն ուղիղ կոչ էին անում Հայաստանի քաղաքացիներին՝ դուրս գալ փողոցներ և տապալել ընտրված լեգիտիմ կառավարությանը: Ռուսական հեռուստաալիքները ոչ թե մի քանի օր, 6 տարի շարունակ, ըստ էության, համակարգված և հետևողական, նպատակամղված հակաքարոզչություն են մղում Հայաստանի կառավարության, ընտրված իշխանությունների և անձամբ իմ դեմ: Էլ ուրիշ ի՞նչ հետևություն անելու տեղ է մնում:


France 24, Մարկ Պերելման - Եվ այսօր դա շարունակվո՞ւմ է:


Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, անկեղծ ասած, ես հետաքրքրությունս կորցրել էլ եմ այդ թեմայի նկատմամբ: Չգիտեմ էլ՝ շարունակվում է, թե չի շարունակվում: Շարունակվում է, թե չի շարունակվում, Հայաստանի ժողովուրդը ցույց տվեց, որ չի պատրաստվում իր ինքնիշխանությունից, անկախությունից, ժողովրդավարությունից հրաժարվել և հետևողական է լինելու նաև իր տարածքային ամբողջականությունն արձանագրելու, նաև հարևանների հետ բնականոն հարաբերություններ հաստատելու, նաև խաղաղության օրակարգի գործում, նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն իրականցնելու հարցում, նաև Եվրամիության հետ հետագա հարաբերությունները խորացնելու հարցում: