Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՄ-ն և ԱՄՆ-ն ՌԴ-ի դեմ սանկցիաների հարցում Հայաստանի նկատմամբ ոչ մի վերապահում չունեն. վարչապետ. տեսանյութ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել France 24 հեռուստաընկերությանը


France 24, Մարկ Պերելման - Արդյոք, արևմտյան երկրները Ձեզ պարտադրո՞ւմ են Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցներին միանալ: Արդյոք Հայաստանից ապրանքներ մտնո՞ւմ են Ռուսաստան, և արդյոք արևմտյան երկրները ճնշում են գործադրում ձեզ վրա, որպեսզի դուք ավելի լայնորեն միանաք պատժամիջոցներին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Հարաբերությունների այդպիսի ռեժիմ՝ միանալ, չմինալու մենք չունենք, բայց մյուս կողմից՝ մենք հաշվի ենք նստում առկա պատժամիջոցների հետ, որովհետև ոչ թե մեզ ճնշում են կամ մեզնից պահանջում, եթե մենք սանկցիաները չպահենք, չպահպանենք, դա կազդի մեր հարաբերությունների վրա այն երկրների հետ, որոնք այդ սանցիաները կիրառում են: Իսկ այդ երկրների հետ հարաբերությունները կարևոր են:


Շատ ուրախ եմ, որ այդ հարցը տալիս եք, որովհետև, մասնավորապես, Եվրամիությունում ժամանակ առ ժամանակ հնչում են մեղադրանքներ, թե Հայաստանը պատժամիջոցները չի պահպանում, որ Հայաստանը պատժամիջոցների ռեժիմը խախտում է, բայց կարող եմ ասել, որ մենք այս ընթացքում, վերջին անգամ 2023 թվականին մի քանի անգամ պատվիրակություններ ենք ունեցել Եվրամիությունից և Միացյալ Նահանգներից, որոնց այցելության նպատակը հետևյալն է եղել, թե ինչքանով է Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ իր միջազգային հարաբերություններին և պարտավորություններին, ինչպես է հարաբերվում այդ սանկցիաների հետ: Եվ պետք է արձանագրենք, որ ո՛չ Եվրամիությունը, ո՛չ Ամերիկայի Միացյալ Նահանգները մեր նկատմամբ որևէ վերապահում չեն ներկայացրել: Ընդհակառակը՝ պաշտոնապես արձանագրել են, որ սանկցիաների համատեքստում Հայաստանի Հանրապետության նկատմամբ ոչ մի վերապահում չունեն:


Բայց, ցավոք, քանի որ սրա մասին շատ չի խոսվում, մենք էլ այդ թեման, այսպես ասած, շատ չենք բարձրաձայնում, որովհետև դա աշխատանքային հարց է, Եվրամիության մի շարք երկրներում և նաև լրատվամիջոցներում թերևս Հայաստանի նկատմամբ գուցե որոշ շրջանակների մատուցած սխալ տեղեկությունների, հակաքարոզչություն և դեզինֆորմացիա տարածելու հիման վրա երբեմն հնչում են հայտարարություններ՝ մեղադրելու Հայաստանին: Բայց նորից եմ ասում՝ պաշտոնապես արձանագրվել է և՛ Եվրամիության, և՛ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, որ Հայաստանին այս հարցում մեղադրելու որևէ հիմք չկա:


France 24, Մարկ Պերելման - Պարոն Փաշինյան՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ, շատ շնորհակալ եմ իմ հարցերին պատասխանելու համար: Շնորհակալ եմ ձեզ այս հաղորդմանը հետևելու համար: