Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ -ի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը կկայանա սեպտեմբերի 1-ին

ԱՄՆ -ի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը կկայանա սեպտեմբերի 1-ին
Քաղաքականություն
21:33, 23 август 2021
Վաշինգտոնում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպումը հետաձգվել է և կկայանա սեպտեմբերի 1-ին: Այս մասին կիրակի հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչը: Որոշումն ընդունվել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, տեղեկացնում է DW-ն:
ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օկսաննա Մարկարովան տեղեկացրել է, որ Վաշինգտոնում Զելենսկին մնալու է երկու օր՝ օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 1-ին, հայտնում է analitikaua.net կայքը: ԱՄՆ մայրաքաղաքում Զելենսկին և Ուկրաինայի առաջին տիկինը լրատվամիջոցների և հանրության համար հայտարարություն են անելու, նախատեսված է նաև Ուկրաինայի տան բացումը: Այնուհետև Զելենսկին մեկնելու է Կալիֆոռնիա: 

Սկզբում բանակցությունները պետք է տեղի ունենային օգոստոսի 30-ին: Չորեքշաբթի՝ սեպտեմբերի 1 -ին, Ուկրաինայի առաջնորդը պետք է այլ հանդիպումներ ունենար ԱՄՆ-ում:

Ավելի ուշ Բայդենի հետ հանդիպումը տեղափոխվել է օգոստոսի 31: Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի խոսքով՝ այն կապված էր «այցի ծրագրի ընդլայնման» հետ:
Սակայն օգոստոսի 31-ն էլ է հետաձգվել, քանի որ այդ օրը Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման վերջնաժամկետն է: Ամերիկյան վարչակազմի ուշադրությունը, փորձագետների կարծիքով, այդ օրն ուղղված է լինելու դուրսբերման առաքելության ավարտին: 
Ըստ արևմտյան լրատվամիջոցների՝ ամենասկզբում, Ուկրաինայի առաջնորդը ցանկացել է ԱՄՆ նախագահի հետ հանդիպել մինչև հունիսի 16-ի՝ Բայդեն-Պուտին բանակցությունները: Այնուհետև Զելենսկու այցը Վաշինգտոն հուլիսի վերջից տեղափոխվել է օգոստոսի վերջ: