Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք կարող ենք կանխել պատերազմը՝ հասցեագրելով և բարձրաձայնելով ժողովրդավարական արժեքներին սպառնացող վտանգը. Լիլիթ Մինասյան

Մենք կարող ենք կանխել պատերազմը՝ հասցեագրելով և բարձրաձայնելով ժողովրդավարական արժեքներին սպառնացող վտանգը. Լիլիթ Մինասյան
Քաղաքականություն
13:26, 26 февраль 2024
Վիեննայում ընթացող Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի աշխատանքներին մասնակցում է կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակությունը: Վեհաժողովում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պատվիրակության անդամ Լիլիթ Մինասյանը:

Պատգամավորն ասել է.

«Հարգելի՛ գործընկերներ,
Այսօր ես կցանկանայի խոսել մեր հասարակության հիմնաքարի՝ ժողովրդավարության մասին: Ժողովրդավարությունն ավելին է, քան պարզապես քաղաքական համակարգ: Այն հույսի փարոս է, ժողովրդի իշխանության վկայություն, խաղաղության և զարգացման հիմք:
Վերջերս ավելի ու ավելի եմ մտածում, թե ինչու է միջազգային հանրությունը բախվում նման մարտահրավերների:
Դա տարբեր շահերն ու հեռանկարները կամ ուժային դինամիկան և աշխարհաքաղաքական մրցակցությունը չեն, և ոչ էլ նույնիսկ թույլ միջազգային ինստիտուտները և հակամարտությունների լուծման մեխանիզմների ձախողումը:

Ես վստահ եմ՝ հիմնական պատճառն այն է, որ մենք՝ որպես միջազգային հանրություն, ավելի ենք հեռանում մեր արժեքներից: Բռնապետությունն անտեսելը կամ դրա վրա աչք փակելը կարող են մեծ հետևանքներ ունենալ համաշխարհային խաղաղության, կայունության և մարդու իրավունքների վրա:
Ժողովրդավարական ազգերը պատերազմի չեն ձգտում: Փոխարենը նրանք ձգտում են խաղաղության, կայունության և բարգավաճման՝ իրենց քաղաքացիների ու աշխարհի համար: Ավտորիտար վարչակարգերը հաճախ հենվում են արտաքին թշնամիների ստեղծման վրա իրենց իշխանությունը և բնակչության նկատմամբ վերահսկողությունը պահպանելու նպատակով: Արտաքին սուբյեկտներին քավության նոխազ դարձնելով՝ այս ռեժիմները շեղում են ուշադրությունն իրենց ներքին խնդիրներից, ճնշում այլախոհությունը և արդարացնում ռեպրեսիվ միջոցները: Այս ռազմավարությունը, ի վերջո, խաթարում է կայունությունը և հավերժացնում հակամարտության և ճնշումների շրջանը:

Նրանք խաղաղություն չեն ցանկանում: Ինչպես տեսնում ենք, նրանք նորանոր պահանջներ են ստեղծում՝ չկորցնելու արտաքին թշնամու գաղափարը, իրենց իշխանության բռնակալությունը: Կարևոր է ընդունել, որ ժողովրդավարական երկրները զերծ չեն մնում աշխարհի ճնշումներից և բարդություններից: Նրանք վտանգի են ենթարկվում ավտորիտար ռեժիմների և այլ դերակատարների կողմից, ովքեր ձգտում են խարխլել ժողովրդավարական արժեքները և հակամարտություն հրահրել:

Եզրափակելով՝ մենք կարող ենք կանխել բռնակալությունը, ագրեսիան կամ պատերազմը՝ հասցեագրելով և բարձրաձայնելով ժողովրդավարական արժեքներին սպառնացող վտանգը:

Թույլ տվեք վերահաստատել Հայաստանում ժողովրդավարությանը և մեր տարածաշրջանում խաղաղությանը մեր հավատարմությունը: Եկեք մերժենք ժողովրդավարության և պատերազմի միջև կեղծ երկփեղկվածությունը և փոխարենը ընդունենք այն համոզմունքը, որ ժողովրդավարության միջոցով մենք կարող ենք կառուցել ավելի խաղաղ և բարգավաճ աշխարհ գալիք սերունդների համար: