Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսները եկել էին հայ «փորձագետներին» ինստրուկտաժ անելու. «Ձեր նմանները խայտառակում են ռեսպուբլիկան կամ՝ Вы там держитесь» խորագրող սեմինար-քննարկում

Ռուսները եկել էին հայ «փորձագետներին» ինստրուկտաժ անելու. «Ձեր նմանները խայտառակում են ռեսպուբլիկան կամ՝ Вы там держитесь» խորագրող սեմինար-քննարկում
Քաղաքականություն
20:00, 26 февраль 2024
«Հայաստանը խաչմերուկում. ՀԱ՞ՊԿ, ՆԱՏՕ՞, թե՞ արտադաշինքային կարգավիճակ» թեմայով քննարկում տեղի ունեցավ Երևանում, որին մասնակցում էին ռուս և հայ քաղաքագետներ, վերլուծաբաններ։ Ռուսները եկել էին մեզ բացատրելու, թե որն է Հայաստանի շահը, նաև սպառնում էին՝ ինչ կլինի, եթե Հայաստանը երես թեքի Ռուսաստանից։ Դժվար է պատկերացնել, որ այս քննարկման հասցեատերը ՀՀ կառավարությունն էր, որը որոշում կայացնողն է՝ երես թեքե՞լ ՌԴ-ից, թե՞ ոչ, համագործակցե՞լ Արևմուտքի հետ, թե՞ ոչ։ Կամ դժվար է պատկերացնել, որ կառավարությունում նայելու էին այդ հանդիպումն ու փոխելու էին իրենց քաղաքականությունը... «դե որ Սուսլովն ասում ա, բերեք իր ասածով անենք, ուրեմն մի բան գիտի» սկզբունքով։  

Իսկ ի՞նչ էր ասում Սուսլովը։ Բացման իր տեքստում կանխատեսեց, որ ռուս-ուկրաինական պատերազմը դեռ երկար կշարունակվի, իսկ այդ ընթացքում և դրանից հետո ՌԴ-ի ու Արևմուտքի հակամարտությունը, առճակատումը, թշնամանքը չի թուլանա, ընդհակառակը՝ ավելի կսրվի, հետևաբար Արևմուտքը կձգտի Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող բոլոր տարածաշրջաններում պայքարել ՌԴ-ի դեմ, այդ թվում՝ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում։ Ու խորհուրդ է տալիս Սուսլովը՝ այդ տարածաշրջանի, մասնավորապես ՀԱՊԿ անդամ երկրները պետք է բալանս պահեն՝ պահպանեն գործընկերային հարաբերությունները ՌԴ-ի հետ, միևնույն ժամանակ Ուկրաինայի հարցում չանցնել ՌԴ-ի կողմը, նաև՝ չանցնել Արևմուտքի կողմը՝ ընդդեմ ՌԴ-ի, քանի որ դրա հետևանքը կլինի այն, որ այդ երկիրը առավելագույնը կկորցնի պետականությունը, նվազագույնը ՝ տարածքային ամբողջականությունը։ 


Ըստ էության, Դմիտրի Սուսլովն ասում է, որ Ռուսաստանը ռազմական ճանապարհով կպատժի այդ երկրներին։  Եվ ահա, ըստ Սուսլովի, Հայաստանը գնում է այդ ճանապարհով։ Ասում է, թե դեպի Արևմուտք գնալը թանկ գին կունենա, որը Հայաստանն արդեն իսկ վճարում է։ «Առաջին հերթին դա Ղարաբաղն է, որը ռուսական տեսանկյունից այն գնի մասն է, որը Հայաստանն արդեն վճարել է, և Ղարաբաղի ամբողջական կորուստը ուղեկցող վնաս էր, որը Հայաստանը կրում է դեպի Արևմուտք դիրքավորվելու դիմաց»,- ասում է Դմիտրի Սուսլովը։  Հարց է առաջանում՝ 2020 թվականին Ռուսաստան-Արևմուտք առճակատումը, թշնամությունը այսպիսին չէր, բացի դրանից՝ Հայաստանը որևէ քայլ չէր արել դեպի Արևմուտք, գուցե մտքին անգամ չկար, «ռուսական տեսանկյունը» ինչո՞ւ է Հայաստանին պատժել 2020-ին։ Կամ 2022 թվականի փետրվարից հետո, երբ Ռուսաստանը այլևս զենք չվաճառեց Հայաստանին, ըստ էության անարձագանք թողեց Երևանի դիմումները, երբ վերջինիս նկատմամբ ռազմական ագրեսիա էր կատարվել, ի՞նչ պետք է աներ Հայաստանը։ Նստեր սպասեր, թե ե՞րբ կավարտվի Ուկրաինայի հետ պատերազմը։ Առավել ևս, որ, ինչպես ասում է Սուսլովը, այն դեռ երկար կտևի։ Եվ հիմա նորից հարց՝ ո՞վ է վեկտոր փոխել՝ Հայաստա՞նը, թե՞ Ռուսաստանը՝ շրջվելով դեպի Թուրքիա և Ադրբեջան։ Կամ ռուս վերլուծաբանները առաջարկում են, որ Հայաստանը ի՞նչ աներ, ինչպե՞ս ապահովեր իր անվտանգությունը, երբ իր ռազմավարական գործընկերն անգամ պայմանագրով վաճառված զենքը չէր առաքում։ Ռուսաստանն է ստիպել Հայաստանին վեկտոր փոխել և հիմա պատժո՞ւմ է դրա համար։    

Պարզ է, որ հանդիպում-քննարկման նպատակը քարոզչական էր և կարծիքների համադրությունը։ Ռուսները եկել էին տեղի, այսպես կոչված, որոշ վերլուծաբաններին ինստրուկտաժ անելու, թե՝ տաղավարից տաղավար գնալով որ հարցին ինչ պատասխան պետք է տան։ Դա ակնհայտ է դառնում նաև հայ վերլուծաբանների՝ ռուսներին երկրորդելուց, ներկա գտնվող վերլուծաբաններից միայն Ալեքսանդր Իսկանդարյանն էր, որ իրոք հայկական տեսակետն էր ներկայացնում։ Ծիծաղելին (իրականում նողկալին) այն է, որ հարցերին պատասխանողի դերում էր նաև Արթուր Խաչիկյանը, որն իբր պետք է հարցերին անդրադառնար արդեն Հայաստանի տեսանկյունից, սակայն Խաչիկյանը վերցրեց ու ասաց, որ համաձայն է Սուսլովի հնչեցրած գրեթե բոլոր թեզերի հետ, որ Սուսլովը  ներկայացրեց այն, ինչ ինքն էր ուզում ասել։ Խաչիկյանը, օրինակ, «չի հասկանում», «չի տեղավորվում» ստեղծված իրավիճակում Հայաստանի դիրքավորումների հետ, բայց, օրինակ, լրիվ հաշտ է, իր համար ամբողջությամբ հասկանալի ու ընդունելի է ռուս-թուրքական համագործակցությունը։ Ձեռքի հետ էլ ցավում է, որ Թուրքիան որոշակի պայմանավորվածություններ չի կատարում ու, օրինակ, թույլ է տալիս Ֆինլանդիային ու Շվեդիային անդամակցել ՆԱՏՕ-ին։ 

Թե ինչո՞ւ է հայ վերլուծաբանը ցավում այդ կապակցությամբ՝ անհասկանալի է։  Հետո Խաչիկյանը ՀԱՊԿ-ի՝ մեր դիմումի անարձագանք թողնելը որակում է «ոչ այնքան ճիշտ քայլ», որը, ըստ Խաչիկյանի, օգտագործել են Հայաստանում գործող «պրոպագանդիստական, լավ վարձատրվող» կազմակերպություններն ու «գործող ռեժիմը»։ Խաչիկյանի համար ավելի ցավալի է ոչ թե Հայաստանի վրա հարձակումն ու ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի կողմից դրա անարձագանք թողնելը, այլ որ դա օգտագործվել է հակառուսական տրամադրությունների համար։ Հետո Խաչիկյանը խոսում է ֆրանսիական զենքից, ասում, որ այդ զրահամեքենաները «դուրս գրված» անորակ բաներ են, ապակե պատուհաններով, որ հնարավոր է ծակել ինքնաձիգով և այլն... մի խոսքով, եթե ունեք երկաթե նյարդեր, կարող եք նստել ու լսել Խաչիկյանին։ Հղի կանանց և թույլ նյարդեր ունեցողներին, սակայն, խորհուրդ չի տրվում դա անել։ 

Սուսլովն ասում է, թե Ռուսաստանը քանի դեռ պատերազմի մեջ է Ուկրաինայի հետ, և քանի դեռ ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է, ռազմական ուժ չի կիրառի, բայց Հայաստանի այս քաղաքականության շարունակության դեպքում կգտնվեն երկրներ, որ դա կանեն, ու նշում է Ադրբեջանի ու Թուրքիայի անունները։ Կրկին հարց՝ իսկ ինչո՞ւ պետք է Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի արևմտամետ քաղաքականության պատճառով ռազմական ուժ կիրառեն Հայաստանի վրա։ Գուցե որովհետև դա կարող են անել իրենց դաշնակից Ռուսաստանի՞ խնդրանքով։ Ադրբեջանը, իհարկե, կարող է նման քայլի գնալ, փակել պարտքերը Ռուսաստանի հետ, բայց Թուրքիան հազիվ թե գնա այդ քայլին։ Թուրքիան ՌԴ խամաճիկը չէ, ինքն էլ եթե նման ցանկություն ունենա, ապա հիմա էլ կարող է դա անել, ու դա բացարձակ կախված չէ Հայաստանի վարած արևմտամետ քաղաքականությունից։ Հետևաբար մեզ Թուրքիայով վախեցնելու այս դարավոր մեթոդը հնացած է, ինչը Ռուսաստանում դեռ չեն հասկացել։ Եվ ահա Սուսլովը հայտարարում է, որ Ռուսաստանում հույս ունեն, որ հայ հասարակությունը կարթնանա ու հեղափոխություն կանի։ 

«Կարծում եմ՝ Ռուսաստանում հույս ունեն, որ Հայաստանի անվտանգային իրավիճակի վատթարացմանը զուգահեռ հայ հասարակությունը եզրակացություններ կանի ու ներքաղաքական գործընթացների միջոցով կփոխի վարվող արտաքին քաղաքականությունը»,- ասում է Սուսլովը։ Սուսլովը հաջորդ «կուտն» է փորձում տալ հայերին՝ կրկին թուրքերով վախեցնելով։ Ասում է՝ եթե Հայաստանը Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունենա՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման հնարավորությունը կմոտենա զրոյի, հակառակ դեպքում այդ ռիսկերը կբարձրանան։

Եվ ահա, վերջապես, այդ քննարկման ընթացքում եզակի հայկական տեսանկյուն է հայտնվում՝ ի պատիվ Ալեքսանդր Իսկանդարյանի, որի հարցին՝ եթե Ռուսաստանը մեզ ասում է, որ մեզ հիմա զենք չի կարող վաճառել, որովհետև այդ զենքը իրեն Ուկրաինայում է պետք, ի՞նչ պետք է անի Հայաստանը, կերակրվի՝ «դուք դիմացեք, մենք մի օր կվերադառնանք» լոզունգո՞վ, ի պատասխան Սուսլովն ասում է, որ պատերազմի ավարտից հետո Ռուսաստանը շատ զենք կունենա, կմատակարարի՝ ըստ էության Հայաստանին առաջարկելով դիմանալու մասին այդ մեդվեդևյան լոզունգը։ Իսկ մյուս ռուս հյուրը՝ ռազմական փորձագետ, այլ հույս է տալիս, որ վաղ թե ուշ տեղի է ունենալու ռուս-թուրքական պատերազմ, և ահա հայերը կարող են շահել դրանից՝ ըստ էության կրկին նույն առաջարկն անելով՝ «դուք դիմացեք, մենք կվերադառնանք՝ մի օր»։ Իսկ հայ անհայտ փորձագետներից մեկն էլ ռուս փորձագետներին բողոքում է, որ Ռուսաստանում բավականին խիստ չեն Հայաստանի և Հայաստանի իշխանությունների նկատմամբ։

Պեսկովն, օրինակ, Փաշինյանի հայտարարություններին ի պատասխան ասում է, որ կսպասեն հայ գործընկերների պարզաբանումներին, ու հայ վերլուծաբանը հարցնում է ռուսներին. «Էլ ի՞նչ պետք է տեղի ունենա, որ ռուսական կողմը հայ գործընկերներից հստակեցումներ չսպասի։ Ռուսական 102-րդ բազայում պետք է գազը, հոսանքն ու ջուրը անջատե՞ն, որ ռուսական կողմի համար պարզ լինի»։  

Ահա այսպիսի ջղաձգումների մեջ են հայ վերլուծաբան/քաղաքագետ/փորձագետները։ Վերջում էլ կրկին ելույթ է ունենում տավարիշչ Խաչիկյանը, բայց որքան էլ որ ես հղի կին չեմ, այնուամենայնիվ այդքան պինդ նյարդեր էլ չունեմ մեկ օրվա ընթացքում այդքան լսել այդ մարդուն։  

Վովա Հակոբյան