Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ես լինեի ձեր տեղը՝ չէի ընտրի Արթուր Ղազինյանին. Գեղամ Մանուկյանը՝ Վիլեն Գաբրիելյանին․ Տեսանյութ

«Պարոն Ղազինյանը նոյեմբերի 9-ից սկսած ինձ, մեզ, բոլորիս՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներիս, բազմաթիվ վիրավորանքներ է հասցրել, անհիմն, անպատասխանատու հայտարարություններ է թույլ տվել մեր հասցերին: Դուք իմ տեղը լինեիք՝ պարոն Ղազինյանին կընտրեի՞ք»,- Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում Արթուր Ղազինյանի թեկնածությունը ներկայացնող Գեղամ Մանուկյանին հարցրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը:

Ի պատասխան Գեղամ Մանուկյանն ասաց, որ քննադատության թիրախում բոլորը չեն եղել, այլ եղել է կոնկրետ անձ, որը զբաղեցրել է վարչապետի պաշտոնը: Ինչ վերաբերում է կոնկրետ հարցին, Գեղամ Մանուկյանը պատասխանեց. «Ես լինեի ձեր տեղը՝ չէի ընտրի Արթուր Ղազինյանին»: 

«Դուք, ինչպես միշտ, անկեղծ եք»,- արձագանքեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և հավելեց, որ լավ կլիներ Դոնթի բանաձևի գիտակցումն ունենային նաև ընդդիմադիր պատգամավորները այլ հանձնաժողովների նախագահների տեղակալների հարցը քննարկելիս:

Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 31-ին, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվում է հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: