Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դուք միտումնավո՞ր շիշը նետեցիք գործադիր մարմնի ղեկավարի ուղղությամբ. Գիտակցո՞ւմ էիք, որ լարվածությունը կարող էր վերածվել այլ բանի. Անդրանիկ Քոչարյանը՝ Ղազինյանին․ Տեսանյութ

«Մենք գիտենք, որ «Հայաստան» խմբակցությունն ունի առաջնորդ՝ հանձին Ռոբերտ Քոչարյանի: Ռոբերտ Քոչարյանի հետ խորհրդակցվա՞ծ է ձեր թեկնածությունը»,- «Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու Արթուր Ղազինյանին հարցրեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Ի պատասխան Ղազինյանն ասաց, որ իր թեկնածությունը քննարկվել է իրենց դաշինքի առաջնորդի հետ, որոշումը կայացված է նրա մասնակցությամբ:

Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով այն փաստին, որ Արթուր Ղազինյանն աշխատել է Հովիկ Աբրահամյանի մոտ, հարցրեց. «Ձեր հարստությունը գիտական աշխատանքի՞, թե՞ Հովիկ Աբրահամյանի մոտ աշխատելու արդյունք է»:

Անդրանիկ Քոչարյանը խոսեց նաև վերջերս ԱԺ-ում տեղի ունեցած շշանետման դեպքի մասին և ասաց. «Դուք բավականին բոյով եք և այդ թուհուբոհի մեջ շիշը նետում էիք գործադիր մարմնի ղեկավարի ուղղությամբ. դա միտումնավո՞ր էր, թե՞ ինքնաբուխ՝ չգիտակցելով, որ պետական պահպանությունը իրականացնում է երկրի թիվ մեկ պաշտոնյայի պաշտպանության գործառույթը, և դրանից հետո լարվածությունը կարող էր վերածվել այլ բանի»:

Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 31-ին, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի օրակարգում երկու հարց է՝ աշխատակարգի հաստատում և հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրություն: