Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փաստացի Ռոբերտ Քոչարյանին եք դուք մեղադրում դավաճանության մեջ. Քրիստինե Պողոսյանը Արթուր Ղազինյանին հիշեցրեց 1in.am-ին տված հարցազրույցը․ Տեսանյութ

«Փաստացի դուք ուղիղ դավաճանության մեջ մեղադրում եք Ռոբերտ Քոչարյանին: Ինձ հետաքրքրում է՝ «Հայաստան» դաշինքի ղեկավարը կիսո՞ւմ է ձեր վերը նշված կարծիքները, թե՞ ոչ: Ինձ նաև հետաքրքրում է, որ եթե դուք ընտրվեք պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ինչպե՞ս եք հարաբերակցվելու ձեր կողմից դավաճան որակված դաշնակիցների հետ, ինչպե՞ս եք պաշտոնական հանդիպումներ անցկացնելու»,- ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի  պաշտոնում «Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված թեկնածու Արթուր Ղազինյանին հարցրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը՝ թեկնածուին հիշեցնելով «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցը և մեջբերումներ կարդալով այդ հարցազրույցից:

Քրիստինե Պողոսյանը հավելեց, որ արդեն 25 տարի է անցել, ինչ Արցախը դուրս է մնացել բանակցային գործընթացից. «Փաստացի դրանում մեղավոր են նախկինները»:

Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 31-ին, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի օրակարգում երկու հարց է՝ աշխատակարգի հաստատում և հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրություն: