Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էրդողանի քայլը պարզապես հայտարարություն է, որին ոչ մի կոնկրետ գործողություն չի հաջորդում․ Բագրատ Էստուկյան

Էրդողանի քայլը պարզապես հայտարարություն է, որին ոչ մի կոնկրետ գործողություն չի հաջորդում․ Բագրատ Էստուկյան
Քաղաքականություն
19:50, 31 август 2021
Civic.am-ի զրուցակիցն է Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» հայկական շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը:

- Պարոն Էստուկյան, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասում է, որ Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորման։ Էրդողանն ասել է, որ տարածաշրջանին կառուցողական մոտեցում է պետք։ Դուք այս փուլում նախադրյալներ տեսնո՞ւմ եք հայ-թուրքական հարաբերությունների զարգացման առումով։

- Անշուշտ նախադրյալներ կան։ Նախկինում էլ էր Թուրքիան այս ուղղությամբ քայլեր ձեռնարկում, սակայն նախկինում Թուրքիան կաշկանդված էր արցախյան հակամարտության խնդրով։ Սակայն երբ 44-օրյա պատերազմով այդ խնդիրն ինքնաբերաբար լուծված համարվեց Թուրքիայի կողմից, հետևաբար հիմա  արդեն նախադրյալներ կան, որ հարաբերությունները ավելի բնականոն դառնան։ Պարզապես ուշագրավն այն է, որ Էրդողանը հատուկ հայտարարություն չի արել այդ մասով, այլ պարզապես պատասխանել է լրագրողի հարցին։ Հետևաբար ես շատ մեծ ակնկալիքներ չունեմ։ Այնպես չէ, որ կառավարությունն է ինչ-որ ծրագիր մշակել, ճանապարհային քարտեզ կա։ Դա պարզապես հայտարարություն է, որին ոչ մի կոնկրետ գործողություն չի հաջորդում։ Հետևաբար դժվար է ասել, թե ինչ հանգրվանի կհասնեն այս զարգացումները։

- Մենք հիշում ենք, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը ևս մի փուլում Թուրքիայի հետ ակտիվ հարաբերությունների զարգացման գործընթաց էր սկսել, սակայն, ինչպես Դուք նշեցիք, այդ ժամանակ Թուրքիան առաջ էր քաշում արցախյան հարցը։ Հիմա, Ձեր կարծիքով, Թուրքիան ինչ-որ  փուլից սկսած  նախապայմաններ առաջ չի՞ քաշի։ Օրինակ՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի հետ կապված պահանջներ դնի։ Նման մտավախություն չունե՞ք։ 

- Անշուշտ, ես էլ եմ շատ ցանկանում, որ հարևան երկրները իրար հետ լավ հարաբերություններ ունենան։ Այդ հարցում ամենակարևորը պատրաստակամությունն է։ Թե Թուրքիան այդ հարցում որքանով ունի պատրաստակամություն՝ ինձ համար հստակ չէ։ Եթե հանկարծ Թուրքիան   օրակարգ բերի Հայաստանի կողմից Ցեղասպանության ճանաչումից հրաժարվելու հարցը, ապա դա կնշանակի, որ Թուրքիան բարի նպատակներ չունի Հայաստանի հետ հարաբերություններ ստեղծելու։ Ցեղասպանությունը մեզ բոլորիս համար պատմական իրողություն է, և մենք այդ պատմական իրողությունը չենք կարող ուրանալ միայն Թուրքիային հաճոյանալու համար։ Մենք չենք կարող դավաճանել մեր անցյալին։ Սա Թուրքիայի քաղաքական միտքը պետք է գիտակցի։ Ցեղասպանությունը իրենց հանցանքն է, իրենց ոճիրն է, և իրենք պետք է  առերեսվեն դրա հետ, ոչ թե մյուսներին ասեն, որ դրանից չխոսեն, այդ թեման չարծարծեն։ Ամեն հայ իր մաշկի վրա է զգացել այդ իրողությունը։ Այո, Հայաստանը ցանկանում է իր հարևանի հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալ, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է հրաժարվենք մեր պատմական իրողությունից։

- Պարոն Էստուկյան, թուրքագետները նաև կարծիք են հայտնում, որ Թուրքիան երբեք չի գնա Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման, քանի դեռ Հայաստանն Ադրբեջանի հետ չի կնքել խաղաղության համաձայնագիր և չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Արդյոք դա նախապայմա՞ն է Թուրքիայի համար։

- Ադրբեջանը այդպես էլ չի կարողանում յուրացնել նոյեմբերի 9-ի համաձայնագրի դասը։ Դրա պատճառով հայ-ադրբեջանական սահմանին  լարված վիճակ է։ Բայց այդ լարված վիճակն արհեստական է։ Ալիևն անընդունելի բաներ է անում, իսկ Հայաստանը կրկին բախումներ թույլ չտալու համար շատ զգույշ է վերաբերվում այդ վիճակին, չի ցանկանում զինված բախումների գնալ։ Արդյունքում հավասարակշռությունը լրիվ խանգարված է։ Այս վիճակում Փաշինյանի զգայունությունը հասկանալի է, բայց միևնույն ժամանակ՝ մտահոգիչ, քանի որ թշնամին ազնիվ չէ։ 

Այո, այս փուլում Ադրբեջանի ու Թուրքիայի ասածները նույնն են։ Մենք արցախյան առաջին պատերազմից հետո պետք է բոլորիս ջանքերով աշխատեինք խաղաղության  համաձայնագրի կնքման ուղղությամբ, բայց  չհաջողվեց դա մեզ։ Մենք այդ խնդիրը պետք է  լուծեինք, բայց թշնամին դժբախտաբար իր հասկացած եղանակով լուծեց խնդիրը։ Մենք կարողացանք գործընթացը ինքներս ձևավորել։ Իսկ դրա համար պետք էր փոխադարձ զիջումների մասին խոսել։ Մի բան, որ Հայաստանի ներքին քաղաքական դաշտը երբեք չարտոնեց։ Փոխադարձ զիջումների վերաբերյալ ցանկացած խոսք որակվեց որպես դավաճանություն։ Մենք երբեք չկարողացանք օրակարգ բերել 7 շրջանների հարցը՝ այն պարագայում, երբ մենք արցախյան առաջին պատերազմից հետո ասել էինք, որ այդ հողերի նկատմամբ պահանջներ չունենք։ Բայց Լևոն Տեր-Պետրոսյանին երկիրը ծախելու, հաղթանակը ծախելու մեղադրանքով պարտադրեցին  հրաժարականի գնալ։ Հետևաբար մենք այդտեղ ունեցանք պատմական սխալ ու շատ ծանր հատուցեցինք այդ սխալի համար։  

- Այսինքն՝ այս փուլում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման նախադրյալներ կան, բայց դրանք բավարար չեն։ 

- Այո, բավարար չեն։ Թուրքական կողմն ավելի կոնկրետ առաջարկների մասին պետք է խոսի, պետք է ավելի հստակ խոսի։ Օրինակ՝ սահմանների բացվելու մասին պետք է խոսի, պետք է խոսի դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին։ Երևանում և Անկարայում դեսպանատներ բացելու մասին պետք է խոսք գնա։ Բայց այս փուլում այս ամենի մասին ոչինչ չկա։