Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախում մեկնարկել է Հայաստանի և Արցախի խորհրդարանների համատեղ հատուկ նիստը. Վիտալի Բալասանյանին սատարած «Արդարություն»-ը հրաժարվել է մասնակցել

Արցախում մեկնարկել է Հայաստանի և Արցախի խորհրդարանների համատեղ հատուկ նիստը. Վիտալի Բալասանյանին սատարած «Արդարություն»-ը հրաժարվել է մասնակցել
Քաղաքականություն
13:42, 01 сентябрь 2021
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ, մեկնել է Արցախ՝ Արցախի անկախության հռչակման 30-ամյակին նվիրված համատեղ հատուկ նիստին մասնակցելու և սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության հռչակման օրվա կապակցությամբ։ 
 
Արցախի ԱԺ-ում համատեղ նիստն արդեն մեկնարկել է ժամը 11-ին։ ՀՀ պատվիրակության կազմում կան պատգամավորներ ՀՀ ԱԺ բոլոր խմբակցություններից։ Արցախ են մեկնել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունից Արթուր Վանեցյանը՝ 3 պատգամավորների հետ, «Հայաստան» խմբակցությունից Արմեն Ռուստամյանը՝ 7 պատգամավորների հետ, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Ռուբեն Ռուբինյանը, խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, պատգամավոր Արմեն Խաչատրյանը և ովքեր ցանկություն են հայտնել։
 
Ուշագրավ է, որ Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանին սատարած «Արդարություն» խմբակցությունը, որի պատգամավորները բացահայտ ատելության խոսք են տարածում ՀՀ իշխանության դեմ,  հայտարարությամբ հրաժարվել է մասնակցել համատեղ հատուկ նիստին։

«Առաջին անգամ է, որ պատգամավորներին հրավիրում են նիստի առանց խոսքի իրավունքի: Արցախի «Արդարություն» խմբակցությունն անընդունելի է համարում մասնակցել խորհրդարանական նման նիստի, որը, համաձայն «ԱԺ կանոնակարգ» օրենքի, չի կարող համարվել հատուկ նիստ, որտեղ չես կարողանալու քո դիրքորոշումը արտահայտել, ուստի Արցախի «Արդարություն» խմբակցությունը չի մասնակցելու այս նիստին»,- ասված է նրանց տարածած հայտարարության մեջ, որի շարունակությունը կրկին ատելության խոսք է պարունակում։

Նիստից մանրամասներ կներկայացնենք ավելի ուշ։  Նշենք, որ սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության հռչակման 30-ամյակին, Հայաստանից մեկնած պատվիրակությունը մասնակցելու է անկախության միջոցառումներին, ինչպես նաև ծաղկեպսակ է դնելու եղբայրական գերեզմանոցում։