Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Այսօր, առավել քան երբևէ, կարևոր է նշել ԼՂՀ հռչակման օրը, քանի որ դա հատուկ ուղերձ է թշնամուն»․ ՀՀ ԱԺ պատվիրակությունն՝ Արցախում

«Այսօր, առավել քան երբևէ, կարևոր է նշել ԼՂՀ հռչակման օրը, քանի որ դա հատուկ ուղերձ է թշնամուն»․ ՀՀ ԱԺ պատվիրակությունն՝ Արցախում
Քաղաքականություն
19:48, 01 сентябрь 2021
Սեպտեմբերի 1-ին Արցախի Ազգային ժողովում կայացավ հատուկ նիստ` նվիրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման հոբելյանական 30-ամյակին:

Նիստը բացվեց Արցախի պետական օրհներգի հնչյունների ազդարարմամբ:

Հատուկ նիստին Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը մասնակցեց ընդլայնված կազմով. ընդգրկված էին պատգամավորներ 3 խմբակցություններից: Պատվիրակությունը գլխավորում է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Հայաստանի եւ Արցախի խորհրդարանականները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախի համար մղված 3 պատերազմներում նահատակված հայորդիների հիշատակը:

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի ելույթից հետո արցախցիներին դիմեցին ՀՀ ԱԺ 3 քաղաքական ուժերը ներկայացնող պատգամավորները: «Այսօր, առավել քան երբեւէ, կարեւոր է նշել ԼՂՀ հռչակման օրը, քանի որ դա հատուկ ուղերձ է թշնամուն»,-փաստեցին խորհրդարանականները՝ հավելելով, որ հայի ոգին անկոտրում է, իսկ մեր հաղթանակը միասնականության մեջ է:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նախ արցախցիներին փոխանցեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ողջույններն ու բարեմաղթանքները: Անդրադառնալով օրվա խորհրդին՝ Ռուբեն Ռուբինյանն ընդգծեց, որ անկախության հռչակագրի պահպանումն Արցախի ու արցախահայության լինելիության միակ ուղին է:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունից Արմեն Ռուստամյանն էլ ընդգծեց, որ անկախ վայրիվերումներից հայ ժողովուրդն ունի իրեն արագ վերագտնելու հզոր կամք ու կարողություն եւ հավելեց` պետք է ճիշտ գնահատել իրավիճակն ու վերականգնել կորսվածը:

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարն իր ելույթում նշեց, որ միջազգային ատյաններում կգործադրվեն բոլոր ջանքերը՝ բարձրաձայնելու Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման ու պատմական արդարության վերականգնման հարցերը: