Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Կարծում եմ՝ հայ-թուրքական հարաբերություններում որոշակի ոչ հրապարակային գործընթաց սկսված է». քաղաքագետ Բենիամին Պողոսյան

«Կարծում եմ՝ հայ-թուրքական հարաբերություններում որոշակի  ոչ հրապարակային գործընթաց սկսված է». քաղաքագետ Բենիամին Պողոսյան
Քաղաքականություն
18:00, 02 сентябрь 2021
«Հստակ է, որ 2020թ. արցախյան պատերազմի հետևանքով մեր կորցրած տարածքներից մեկ սանտիմետր անգամ Ադրբեջանը չի վերադարձնելու բանակցային կամ այլ խաղաղ ճանապարհով»,- այս մասին «Մեդիա» կենտրոնի կողմից կազմակերպված «Ներքաղաքական լարվածության արտաքին քաղաքական ազդեցությունը» թեմայով քննարկման ժամանակ նշեց քաղաքագետ Բենիամին Պողոսյանը:
 
«Մեր կորցրած տարածքները, այդ թվում նաև նախկին ԼՂԻՄ-ի մեջ մտնող տարածքներից, միայն ռազմական գործողությունների միջոցով է հնարավոր վերադարձնել։ Ես բացառում եմ, որ ԼՂԻՄ-ի մեջ գտնված որևէ տարածք՝ մեկ գյուղ, Ադրբեջանը կվերադարձնի Արցախին, Հայաստանին կամ նույնիսկ Ռուսաստանին»,- ասաց Պողոսյանը:
 
Նրա խոսքով՝  եթե մենք  ասել ենք, որ, այո, ցանկանում ենք Արցախի ինքնորոշում, բայց պատրաստ չենք դրա համար պատերազմել, ապա նախ պետք է  հասկանալ, թե Արցախ ասելով՝ տարածքային իմաստով ի՞նչ ենք հասկանում։
 
«Եթե մենք հասկանում ենք Արցախ՝ 2020 թվականի նոյեմբերի 
10-ից հետո մնացած 3000 քառակուսի կմ սահմաններով, դա էլ է մոտեցում։ Բայց եթե մենք դա ենք ընդունում, ինչպե՞ս է լինելու Արցախի ինքնորոշումը։ Այսինքն՝ պետք է Արցախում նորից հանրաքվե՞ անցկացվի։ Եթե 90 կամ 100 հազար մարդ, ովքեր այնտեղ ապրում են, բոլորը միաձայն քվեարկեն Արցախի անկախության օգտին, ՀՀ-ն ճանաչելո՞ւ է Արցախի անկախությունը՝ թեկուզ այս նոր սահմաններով»,- նշեց  պարոն Պողոսյանը՝ հավելելով, որ սրանք հարցեր են, որոնց պատասխանները չկան։  
 
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ Պողոսյանը նշեց, որ իր գնահատմամբ՝ որոշակի գործընթաց կա՝ ոչ հրապարակային. «Բացառված է, որ ՀՀ ղեկավարը հայտարարություն աներ, և Թուրքիայի նախագահը արձագանքեր։ Պարզ է, որ կա ոչ հրապարակային գործընթաց»։
 
Թե ինչու է Թուրքիան շահագրգռված Հայաստանի հետ հարաբերություններ ստեղծելու մեջ, ըստ պարոն Պողոսյանի՝ Թուրքիան դեռևս ԽՍՀՄ փլուզումից սկսած ցանկացել է Հարավային Կովկասում ունենալ  հնարավորինս մեծ ազդեցություն և հասկանում է, որ Հայաստանի հետ հարաբերությունների բացակայությունը խոչընդոտում է դրան։  Մյուս նպատակն այն է, որ Թուրքիան հույս ունի հարաբերությունների նորմալացման արդյունքում հասնել նաև տնտեսական հարաբերությունների հաստատման, ինչը կբերի թուրքական տնտեսության ներգրավմանը ՀՀ, ինչն էլ կստեղծի տնտեսական լծակներ, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են օգտագործվել ՀՀ-ի նկատմամբ՝ այս կամ այն կերպ  ճնշում գործադրելու համար