Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԻ նախարարն ընդունել է ԱՄՆ դեսպանատան Ռազմական համագործակցության գրասենյակի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

ԱԻ նախարարն ընդունել է ԱՄՆ դեսպանատան Ռազմական համագործակցության գրասենյակի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը
Քաղաքականություն
19:17, 02 сентябрь 2021
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Ռազմական համագործակցության գրասենյակի նորանշանակ ղեկավար, փոխգնդապետ Դանիել Մ. Սինգլթոնի հետ:

Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Գրեգորի Փայփսը, դեսպանատան երկկողմանի համագործակցության գծով սպա, մայոր Մայքլ Հեյզը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ռազմական ծրագրերի համակարգող Անի Մելքումյանը:

Նախարար Փիլոյանը շնորհավորելով Դանիել Մ. Սինգլթոնին և Գրեգորի Փայփսին նոր նշանակման առթիվ՝ հույս հայտնեց, որ այսուհետ ևս ոչ միայն կյանքի կկոչվեն արդեն նախանշված ծրագրերը, այլ նոր համագործակցության մեկնարկ կտրվի: Ա. Փիլոյանն, ի թիվս համագործակցության այլ ծրագրերի, շնորհակալությամբ ընդգծեց ԱՄՆ բանակի եվրոպական հրամանատարության մարդասիրական ծրագրի շրջանակներում մի շարք փրկարարական ջոկատների բազաների վերակառուցման ու արդիականցման ծրագրերը: Մասնավորապես, անդրադարձ եղավ այդ ծրագրի շրջանակներում իրականացվող ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության Գյումրի 2 նոր հրշեջ-փրկարարական շենքի կառուցման, իսկ Ախուրյանում՝ հիմնանորոգման աշխատանքներին:

ԱՄՆ դեսպանատան ռազմական կցորդ, գնդապետ Գրեգորի Փայփսն իր հերթին վստահեցրեց, որ համագործակցության ընթացիկ ծրագրերը ոչ միայն կշարունակվեն նույն արդյունավետությամբ, այլև կամրապնդվեն, «քանի որ այն լավ հիմքերի վրա է դրված»: Կողմերը քննարկեցին փոխգործակցության հնարավոր ուղղությունները և վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը դրանց արդյունավետ իրականացման համար:

 Հանդիպման ավարտին Ա. Փիլոյանը հյուրերին հրավիրեց մասնակցելու սեպտեմբերի 3-ին ԱԻՆ Լուսակերտի ուսումնական կենտրոնում կայանալիք «Ուժեղ երկրաշարժի դեպքում փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումն աղետի գոտում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժությանը: