Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայ-թուրքական կարգավորման գործընթացը Հայաստանի համար ունի համակարգային նշանակություն․ Արման Բաբաջանյան

Հայ-թուրքական կարգավորման գործընթացը Հայաստանի համար ունի համակարգային նշանակություն․ Արման Բաբաջանյան
Քաղաքականություն
13:12, 03 сентябрь 2021
Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Հայ-թուրքական կարգավորման գործընթացը Հայաստանի համար ունի համակարգային նշանակություն ընդհանրապես պետականության ընթացքի առումով, քանի որ այդ հարաբերության կարգավորումը կարող է ողջ տարածաշրջանային համակարգը փոխել, որ հաստատվել է Առաջին համաշխարհային պատերազմից հետո, ԽՍՀՄ կազմավորումով և Թուրքիայի հետ բոլշևիկյան Ռուսաստանի համաձայնություններով, որոնք ըստ էության շարունակվում են ու ուժի մեջ են առ այսօր, և որոնց հիմքով են կառուցված երկու երկրների՝ Ռուսաստանի և Թուրքիայի ներկայիս քաղաքականությունները:

Հաճախ, լսելով դատողությունները հայ-թուրքական կարգավորման մասին, տպավորություն է, որ հեղինակների և ջատագովների մի զգալի մասը չեն էլ պատկերացնում այն մասշտաբները, որ ընդգրկում են այդ հարաբերությունները, այն շահերը, որ շոշափում են դրանք, հետևաբար ներգործելու շահագրգռություն ունեցող սուբյեկտների շրջանակը, որոնցից շատերի համար այդ ներգործությունն ունի ճակատագրական նշանակություն: Այդ մասշտաբների պարագայում, հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարների հանգամանալից չուսումնասիրվածությամբ տրվող որևէ մեկնարկ անխուսափելիորեն կհանգեցնի իրավիճակի ավելի բարդացման։

Ըստ այդմ` խնդիրը կարգավորումը արգելակելը չէ, խնդիրը կարևոր և մասշտաբային իրողությանը ձեռք տալուց առաջ հանրային, հասարակական-քաղաքական կոմպետենտությունը բարձրացնելն է՝ կարգավորման հեռանկարի իսկ շահերից ելնելով: