Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գյումրու ավագանու ընտրությունների առաջադրման վերջնաժամկետին մնաց 6 օր. ո՞ր ուժերը և ի՞նչ դեմքերով կմասնակցեն առաջիկա ընտրություններին

Գյումրու ավագանու ընտրությունների առաջադրման վերջնաժամկետին մնաց 6 օր. ո՞ր ուժերը և ի՞նչ դեմքերով կմասնակցեն առաջիկա ընտրություններին
Քաղաքականություն
16:59, 06 сентябрь 2021
Հոկտեմբերի 17-ին Հայաստանի մի քանի մարզերի մի շարք համայնքներում նշանակված են Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Ընտրություններ են սպասվում նաև Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում։ Սեպտեմբերի 2-ին թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում սկսվեցին կուսակցությունների կամ դաշինքների ավագանու անդամների թեկնածուների առաջադրումները։ 

Չնայած հանգամանքին, որ փաստաթղթերի ներկայացման համար քաղաքական ուժերն ունեն ընդամենը 10 օր ժամանակ, որից 4-ն արդեն անցել է, այնուամենայնիվ հիմնական դերակատարներից գրեթե ոչ մեկը դեռ նույնիսկ վերջնական որոշում չունի՝ մասնակցելո՞ւ են ընտրություններին, թե՞ ոչ։ ԿԸՀ-ից Civic.am-ին հայտնեցին, որ այսօրվա դրությամբ տարածքային հանձնաժողովներում առայժմ առաջադրումներ չկան։

Իրենց մասնակցության մասին առայժմ հայտարարել է Գյումրու «Ազգային արժեք» ակումբի և Երևանի գործընկերների՝ «Հայք», «Նժդեհյան Ցեղակրոն», «Քրիսոտնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունների համատեղ՝ «Գյումրին կռնա» դաշինքը։ Դաշինքի քաղաքապետի թեկնածուն «Ազգային արժեք» ակումբի հիմնադիր Վարդան Սրտաշյանն է։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Շաքե Իսայանը Civic.am-ին տեղեկացրեց, որ դեռ քննարկումների փուլում են և մասնակցության մասին կհայտարարեն առաջիկա օրերին։ 

Գյումրու ԲՀԿ կառույցի պատասխանատու, նախկին պատգամավոր Վարդևան Գրիգորյանը մեզ պատասխանեց, որ ինքը չի մասնակցելու ընտրություններին, սակայն, որպես կուսակցական, իր կարողություների չափով, կուսակցության մասնակցության դեպքում, կաջակցի իր քաղաքական թիմին։ 

Հայ Հեղափոխական Դաշնակցությունից Բագրատ Եսայանը Civic.am-ին տեղեկացեց, որ քննարկումները դեռ շարունակվում են, և ՀՅԴ-ն ամենայն հավանականությամբ կմասնակցի Գյումրու ՏԻՄ ընտրություններին, սակայն դեռ պարզ չէ ձևաչափը։ Առայժմ ընթանում են քննարկումներ տարբեր քաղաքական ուժերի հետ։ 

«Լուսավոր Հայաստան»-ից Գևորգ Գորգիսյանը ասաց, որ դեռ քննարկումների փուլում են ու որոշում չունեն մասնակցության վերաբերյալ։
 
Հանրապետական կուսակցությունից Սուքիաս Ավետիսյանն ասաց, որ մասնակցելու են ընտրություններին, ունեն նաև իրենց թեկնածուն՝ Արտյոմ Ղուկասյանը։ Նա Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարազատ հորեղբոր որդին է։ Արտյոմ Ղուկասյանը նախկինում պատգամավոր է եղել Հանրապետական կուսակցությունից, դրանից առաջ աշխատել է Գյումրու քաղաքապետարանում։ Սուքիաս Ավետիսյանն ասաց, որ չնայած արդեն ունեն իրենց թեկնածուն, սակայն դեռ քննարկումներ են ընթանում ընդդիմադիր մի քանի ուժերի հետ՝ մասնավորապես «Հայրենիք» կուսակցության և խորհրդարանում «Հայաստան» դաշինքի հետ։

Մամուլում տարածվող լուրերի համաձայն՝ իշխանության թեկնածուն Շիրակի գործող մարզպետ Հովհաննես Հարությունյանն է։ 

 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի պատասխանատու Վահագն Ալեքսանյանը նշեց, որ մասնակցելու են Գյումրու ՏԻՄ ընտրություններին։ Թե ո՞վ է գլխավորելու ցուցակը՝ Ալեքսանյանն ասաց, որ կհաղորդվի լրացուցիչ։ 

Հիշեցնենք, որ Գյումրու ավագանու ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով, այսինքն՝ քաղաքական ուժերը ցուցակներով են մասնակցելու ընտրություններին, իսկ մեծամասնություն ստացած ուժը իր ցուցակից կընտրի քաղաքապետ։ Նախորդ ընտրություններին Գյումրիում 11 կուսակցություն ու դաշինք էր մասնակցել ընտրություններին։ Գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ով նախորդ անգամ ընտրվել էր «Բալասանյան» դաշինքով, որին սատարում էին Հանրապետական կուսակցությունն ու անձամբ Սերժ Սարգսյանը, այս անգամ, կարծես, չի մասնակցելու գալիք ընտրություններին։  


Վովա Հակոբյան