Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մոսկվայից ստացել են հրահանգներ ու կատարել, դա է եղել նախկինների գործելաոճը․ Հասմիկ Հակոբյան

«Պատմական Հայաստան-ՌԴ հարաբերությունները վերածվում են ինքնիշխան ու արժանապատիվ Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունների, այսինքն՝ Հայաստանը այլևս մանրադրամ չէ խոշոր պետությունների բանակցությունների սեղանին։ Փորձը ցույց է տալիս, որ ՀՀ նախկին իշխանությունները ուղղակի հրահանգներ են կատարել, այսօր էլ մենք այդ գործողությունները տեսնում ենք, բայց արդեն ընդդիմության կողմից կատարվող։ Ինչ-որ կենտրոններից ու այս դեպքում ՌԴ-ի կողմից նախկինում ստացվել են հրահանգներ ու կատարվել են, ու այդ ամենը տեսել ենք  ԼՂ-ի դեպքում նաև։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երբ ԼՂ իշխանությունները պետք  է գնային բանակցությունների Ադրբեջանի հետ եվրոպական հարթակում, ինչ-որ փուլի հրաժարվեցին, որովհետև այլ կենտրոններից զանգեր էին ստացել ու դրանցով առաջնորդվել»: Այս մասին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը՝ անդրադառնալով ՀՀ-Ռուսաստան հարաբերությունների  վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ պատմական Հայաստան-ՌԴ հարաբերություններից անցում ենք կատարում իրական Հայաստան-ՌԴ հարաբերություններին։

Ինչ վերաբերում է ընդդիմադիրների պահանջներին ու հայտարարություններին, Հակոբյանն ասաց. «Ընդդիմադիրները ինչպես առանց օրակարգ եկան ԱԺ, այնպես էլ առանց օրակարգ շարունակում են։  Իրենց ընտրողները ևս տեսնում են, որ սին են իրենց խոստումները, ու հիասթափված են իրենցից»։

Պատգամավորը խնդիր համարեց նաև այն, որ փակ քննարկումներից հետո ընդդիմությունը կեղծ տեղեկատվություններ է տարածում։
 
Դավիթ Լևոնյան