Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Դաշնակցությունը չունի այլ անելիք»․․․․ քան՝ «ռադ լինելը»

«Դաշնակցությունը  չունի այլ անելիք»․․․․ քան՝ «ռադ լինելը»
Քաղաքականություն
20:00, 13 апрель 2024
«Պարոն Ասլանյա՛ն, ժողովրդի լեզվով ասած, գիտե՞ք ինչի եք այդքան «վառված» Դաշնակցությունից, որովհետև, գիտեք, իշխանությունից ձեր հեռացումը, երկիրը թշնամունհանձնելու ձեր ծրագրի խանգարումը Դաշնակցությունից ուԴաշնակցությունով է գալու»։ Երեկ ԱԺ-ում այսպես էր սպառնու՞մ, թե՞ զգուշացնում կառավարող ուժի՝ ՔՊ-ի խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանին «Հայաստան» խմբակցության անդամ Արմենուհի Կյուրեղյանը։  Իսկ տիկին Կյուրեղյանի սրտնեղված սպառնալիք-զգուշացման պատճառը Ասլանյանի՝ նախքան այդ հնչած ելույթն էր, դրանում ՀՅԴ-ի հետագծին առնչվող մի քանի դիտարկում․ «Մի կուսակցություն, որը բացարձակապես, երբեք չի եղել ազգային, մի կուսակցություն, որը ոչնչացրել է մեր ազգային ազատագրական պայքարը, որը ոչնչացրել է մեր ֆիդայական պայքարը, չի թողել, որ այդ պայքարը դառնա ազգային-ազատագրական պայքար, չի թողել, որ հայ ժողովուրդը պետություն ստեղծի։ Դաշնակցություն կուսակցությունը վերցրել է այդ սկզբունքը եւ մինչեւ հիմա շարունակում է»,-մասնավորապես նշեց Ասլանյանն ու բարկացկոտ տոնով հավելեց․ «Ի՞նչ եք ուզում, պարոնայք դաշնակներ, թողեք այս ժողովուրդը նորմալ ապրի, թողեք հարցերը լուծենք պատմական, թողեք հասկանանք վերջապես, որ այս ժողովորդը չի՛ ուզում ձեզ, գնացեք այնտե՛ղ, որտեղից եկել եք»։ 

Ի դեպ, ԱԺ-ում հընթացս (Արծվիկ Մինասյանի ելույթին զուգահեռ՝ ԱԺ փոխանխագահ Ռուբեն Ռուբինյանի կողմից) հղում արվեց նաեւ դաշնակցական երեւելիներից մասնավորապես Հովհաննես Քաջազնունուն, ավելի ճիշտ՝ նրա ախտորոշմանը՝ «Դաշնակցությունն այլեւս անելիք չունի»։ Առաջին Հանրապետության առաջին վարչապետը 1923-ին «դաժան իրականության» հանդիման, սթափվածահազանգել էր․ «Հայաստանն ու հայ ժողովուրդը հում նյութ չեն ՀՅ Դաշնակցությունն ապրեցնելու համար: Անորակելի ոճիր կլիներ, եթե մենք մի վայրկյան անգամ թույլ տայինք մեզ վարվել այնպես, ինչպես կվարվեր (գիտակցորեն, թե անգիտակցորեն) կուսակցական ֆանատիզմով բռնկված հիվանդը: ... Հ.Յ. Դաշնակցությունն անելիք չունի այլեւս, ոչ ներկայումս, ոչ ապագայում. նա վերջ պիտի դնի իր գոյության»: Կարճ ասած՝ «ռադ լինի»՝ ինչպես այսօր ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանն էր ասել, սակայն  «ռադ եղողների» կարգավիճակում (մանդատները վայր դնելու տեսքով), «Հայաստան» խմբակցության քարտուղարն ամենեւին էլ իրենց՝ ընդդիմությանը նկատի չուներ, այլ՝ իշխանությանը, որի «ռադ լինելը» ըստ նրա, ամենեւին էլ պայմանավորված չէ իրենց՝ ընդդիմության «ռադ լինելով»։

Ի դեպ, նախօրեին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էր այս կոնստրուկտիվ առաջարկն արել իշխանության հեռացումը փափագող իր գործընկերներին, միայն թե՝ այլ ձեւակերպմամբ․ «Արծվիկ Մինասյանն ասում է՝ հրաժարական տվեք: Պարոն Մինասյան, հարգելի գործընկերներ, էդքան օրհասակա՞ն է վիճակը, հրաժարակա՞ն է պետք, նոր բան կա՞ ասելու: Դուք բոլորով հրաժարական տվեք, և նոր ընտրություններ տեղի կունենան։ Բա խի՞ չեք հրաժարական տալիս, չե՞ք կարողանում իրար մեջ պայմանավորվել»։ Հատկանշական է, որ նույն առաջարկն ԱԺ նախագահը ընդդիմությանն արել էր նաեւ 2022-ի  ճիշտ այս օրերին, երբ ԱԺ-ի ամբիոնը դղրդացնելու փոխարեն բոյկոտում էր  ԱԺ աշխատանքները փրկչի փիլոն հագած  «դրոշատունկ» ակցիա էր իրականացնում՝ ԼՂՀ դրոշները ԱԺ-ի իրենց սեղաններին եւ այլ հնարավոր վայրերում փակցնելով։ Սիմոնյանն այդ օրերին հարց ուղղեց, թե ինչու ընդդիմությունը վայր չի դնում մանդատները, ապա համոզմունք հայտնեց՝ այդպես էլ չեն դնի:

Ի դեպ, Արծվիկ Մինասյանն էլ այսօր խոսելով  մանդատները վայր դնելու հեռանկարի մասին՝ աղաղակել է՝ ընդդիմադիրների համար դա անելը «մեկ վայրկյանի հարց է», այլ բան է, որ հանրային ընդվզում չեն տեսնում։ «Եթե այս վիճակից իշխանության պատկերացրած ելքը ընդդիմության հրաժարականն է ու այդ հրաժարականով կփրկվի երկիրը և, կոպիտ ասած, իրենք ռադ կլինեն այս բառի քաղաքական իմաստով, եւ ամբողջությամբ կմաքրվի դաշտը, մենք կգնանք այդ քայլին: Մեր օրակարգի կյանքի կոչումը կախված է մի բանից՝ հասարակական աջակցությունն ինչ ծավալի կլինի, մանդատները վայր դնելը մեկ վայրկյանի հարց է, որևէ բան չի խանգարում: Բայց եթե չկա այն հասարակական ընդվզումը, որը պետք է այս իշխանությանը հեռացնի, որին պետք է նախորդի Կառավարության նկատմամբ անվստահության հայտնումն ու հասարակության այն ընդվզումը, որը թույլ չտա այս իշխանությունը վերարտադրվել, այդ սցենարին ամբողջ ծավալով գնալու ենք: Եթե պետք եղավ անվստահության հանրաքվեի գաղափարն ենք առաջ տանելու: Եթե հանրային աջակցությունը չկա կամ մարդիկ թերահավատորեն են մոտենում այդ գործընթացին, ապա արկածախնդրություն է գնալ մի գործողության, որի հետևանքով նորից ուժեղացնում ես ազգակործան ու ազգադավ իշխանությունը»: Սա ոչ այլ ինչ է, քան պերճախոս խոստովանություն այն մասին, որ ընդդիմությունը ինչպես ՀՓՇ-ի, ապա՝ Դիմադրության շարժման օրերին եւ դրանից հետո կազմակերպված միտինգ-ակցիաների օրերին, այդպես էլ այսօր չունի, չի վաստակել ժողովրդի աջակցությունը, չի տեսնում  «հանրային լայն ընդվզման» նախադրյալները, այլապես մեկ վայրկյան անգամ չէր հապաղի ու դուրս կգար փողոցային պայքարի՝ նորից «խոդի գցելով» «այս ազգադավ իշխանությանը» հեռացնելու օրակարգը։

Մեկ անգամ խայտառակության գետը մտած զառամյալ կուսկացությունն այժմ  չունի այլ անելիք, քան արկածախնդրության դիմելու փոխարեն հրաշքի տեւողությունը երկարաձգելը․ հրաշք է, իրոք, այն փաստը, որ ՀՅԴ-ն այսքան տարի անց եւ այսքանից հետո էլ դեռ խորհրդարանում է, մանդատներ ունի, կաբինետ ու ամբիոն։ Գուցե վերջին անգամ ՀՀ խորհրդարանի պատմության մեջ, հետեւապես պետք է ամեն ինչ անի, որ չընդհատվի գործող խորհրդարանի գործունեության ժամկետը, որպեսզի ՀՅԴ—ն  «կուսակցական ֆանատիզմով» շարունակի իր լինելիությունը Հայաստանի եւ հայ ժողովրդի հաշին մինչեւ 2026 թվականը։ Ի դեպ, երբ 2022-ին ՔՊ-ն հայտնեց նիստերից բացակայող, փողոցային պայքարի ելած  ընդդիմադիր պատգամավորներին բացակայությունների հիմքով մանդատներից զրկելու գործընթացի սկսելու մտադրության  մասին, նախկին ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում նետել էր՝ «այդ մանդատները իշխանականները իրենց հոր տնից չեն բերել այստեղ, այդ մանդատները մեզ տվել է ժողովուրդը։ Նույնը կրկնեցին նաև մյուս «բոյկոտչիները», Սաղաթելյանն էլ ժամանակ անց աղիողորմ հայտարարեց՝ ընդդիմադիրներից շատերը սոցիալական խնդիրներ ունեն, նրանց  ապրուստի միջոցը պատգամավորի աշխատավարձն է։ Իսկ երբ «փրկիչները» փողոցային պայքարը տապալելուց հետո՝ ցրտերն ընկնելուն պես (նոյեմբերին)  քոռ ու փոշման ԱԺ վերադարձան, Սաղաթելյանի գործընկեր Աղվան Վարդանյանը ԱԺ նիստի սկզբում նետեց․ «Մենք այստեղ ենք, և դուք ստիպված եք համակերպվել այդ փաստի հետ։ Սա ՀՀ Ազգային ժողովն է։ Նաև մեր, մեզ այստեղ գործուղած քաղաքացիների Ազգային ժողովն է։ Ձեր սեփականությունը չէ (ծիծաղ-խմբ.): Հարգելի ժողովուրդ, երկար ժամանակ բոյկոտել ենք նիստերը, որովհետև փողոցում էինք պայքարում այս իշխանության կործանարար քաղաքականության դեմ։ Հիմա փողոցում ժամանակավոր դադար է, և մենք լիարժեք օգտագործելու ենք այս գործիքակազմը։ Մենք այստեղ ենք մեր օրակարգով»։ Փաստորեն, ի հեճուկս Քաջազնունու (որին, ի դեպ, ՀՅԴ-ն ժամանակին «հոգեկան հիվանդ» անվանեց) վերոհիշյալ կոչի, որը 100 տարի անց, էլ, կարծեք, չի կորցրել իր արդիականությունը, Դաշնակցությունն ապացուցում է, որ ունի անելիք։ Եվ այդ անելիքը ՀՅԴ-ական տիկնոջ խոստովանմամբ, ապակառուցողականություն է՝ խանգարել իշխանության ծրագրերը, հեռացնել ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը և այլ խանգարողա-խափանարար  քայլեր ու գործողություններ։  

Հ․Գ․ Ի դեպ, խափանելու և խանգարելու մասին․ ՀՅԴ—ն, ինչպես հայտնի է, միայն գործող իշխանության անողոք քննադատը չէ, որ կա։ Ու թեեւ ժամանակ առ ժամանակ կիսել է իշխանությունը ՀՀԿ-ի հետ, մեկումեջ էլ ընդդիմություն է եղել մասնավորապես  հետխորհրդային Հայաստանի խորհրդարանում։ Եւ այն շրջափուլերում, երբ ընդդիմություն էր, եւ կամ հանգամանքների բերումով ստիպված էր լքել կոալիցիան ու հռչակվել ընդդիմություն, երկու կարեւոր անելիք ուներ՝ քննադատել, բայց ՝աչքաչափով, ու պահանջել հրաժարական։ Բայց ոչ թե երկրի ղեկավարի, մասնավորապես Սերժ Սարգսյանի, այլ նրա ենթակայությամբ աշխատողների՝ Կառավարության ղեկավարի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի․․․ 
2009-ին, երբ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո ՀՅԴ-ն լքեց կոալիցիան, Արմեն Ռուստամյանը ազդարարում էր իշխանափոխություն նախապատրաստելու մասին,՝ միաժամանակ անիմաստ համարելով  Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը։«Հրաժարականը ենթադրում է, որ նա պետք է հրաժարական տա' չի տալիս: Հրաժարականի պահը հասունանում է, երբ նա ստիպված է լինում հրաժարական տալ, որովհետև ավելի վատ բան կա' պաշտոնանկությունը», - ասել էր Ռուստամյանը: 

Իսկ իշխանափոխություն ՀՅԴ-ն արեց 2018-ին, ավելի ճիշտ՝ միացավ արդեն տրամաբանական ավարտին հասցված իշխանափոխությանը, եւ լինելով կոալիցիոն  գործընկեր, փաստորեն, դավաճանեց գործընկերոջը՝ մերժեց Սերժ Սարգսյանին և կողմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը, ապաև՝ պորտֆելներ ստացավ հեղափոխական կառավարությունում, հետո էլ․․․․նորից ընդդիմություն։ 
 
Հ․Մ․