Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Այսօր մեր մանկապարտեզում օրը տոնական էր՝ լի մեծ հուզմունքով, սրտի թրթիռով...». «Քեթրինի Միհրանի» կուսակցության PR թիմում ստեղծագործական մտքի կրիզիս է

«Այսօր մեր մանկապարտեզում օրը տոնական էր՝ լի մեծ հուզմունքով, սրտի թրթիռով...». «Քեթրինի Միհրանի» կուսակցության PR թիմում ստեղծագործական մտքի կրիզիս է
Քաղաքականություն
08:30, 16 апрель 2024
Որպես  նաև «Քեթրինի Միհրան» հայտնի ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ՌԴ-ում ապաստանած Միհրան Պողոսյանը, ինչպես հայտնի է,  նոր կուսակցություն է բացել՝ Հայոց Համազգային միասնություն, և դեռ ամիսուկես առաջ իր՝ Մոսկվայում տված հարցազրույցում ազդարարել էր՝ շուտով գրասենյակներ են բացելու և սկսելու են ակտիվ պայքարը իշխանության դեմ։  Մեկ այլ մոսկովյան փրկիչ՝ գեներալ Արշակ Կարապետյանը, փաստորեն, ի դեմս Պողոսյանի,   կոնկուրենտ ունի՝ նա էլ է գեներալ ու հեռավար հայրենասեր։  Օրերս սույն կուսակցությունը, ինչպես ասում են՝ «մի ժիգուլու պասաժիրի չափ» իր անդամներով և համակիրներով տվել էր փողոցային փորձարարական պայքարի սկիզբն  ու  «թրենդային» թեմայով՝ «Տավուշի գյուղերի հանձնում», բողոքի երթ արել  Երևանում՝ պարզելով «Ոսկեպարը Հայաստան է», «Կութը Հայաստան է», «Բաղանիսը Հայաստան է», «Կիրանցը Հայաստան է», «Ազատը Հայաստան է»  պաստառներ, վանկարկելով «Նիկոլ, դավաճան», «Մեզ ծնկի իջած ղեկավար պետք չէ» և այլն, և այլն...

Փաստորեն, Պողոսյանը հարուստ է միայն դրամապանակով, իսկ այ քաղաքական պայքարի կրեատիվ իդեաներով՝ անհույս աղքատ,  քանի որ կարող էր Ռոբերտ Քոչարյանի  կուրացիայի ներքո գտնվող  ընդդիմության օրինակով մեկնել Տավուշ և  դհոլ-զուռնով, երգ ու պարով փրկչական մի օպերացիա  էլ ինքն իրականացնել Կիրանցում, Կութում, Ոսկեպարում և մնացած «հանձնվելիք» գյուղերում։   Երևի այս կուսակցությունում նոր են սովորել Հայաստանի աշխարհագրությունն ու երեկ չէ առաջին օրն են տեղեկացել Տավուշի մարզի վարչական տարածքի մեջ մտնող բնակավայրերի  տեղանունները, այլապես պաստառներին չէին գրի «Ոսկեպարը Հայաստան է»   և այլն։ Դրանք, այո, Հայաստանի տարածքներ են, և որևէ  մեկը, եթե անգամ որևէ Միհրան  և   նրա  խամաճիկավարները փափագեն, ՀՀ իշխանությունը  չի պատրաստվում հայտարարել ոչ հայաստանապատկան։ 
Սույն կուսակցությունն, ի դեպ, օրերս իր տարածքային կազմակերպության գրասենյակն է բացել Հայաստանի երկրորդ քաղաքում՝ Գյումրիում, կուսակցության փոխնախագահ, հանրությանն անհայտ  Գագիկ Մկրտչյանն էլ ներկաների համար ընթերցել է Պողոսյանի կոնդակը Մոսկվայից, ապա իր կողմից ավելացրել. «Հայրենիքը կանգնած է վտանգի եզրին, եղավ Արցախի ողբերգությունը, բոլոր միջոցառումների, դրանց միջոցառումների ձեռնարկման համար, դեմն առնելու համար ստեղծեց Հայոց համազգային միասնություն կուսակցությունը պարոն Պողոսյանի գլխավորությամբ»։ Փաստորեն, կուսակցության փոխնախագահը մեկ  նախադասության մեջ միտքը չի կարողանում հստակ ձևակերպել, բայց հավակնում է «պարոն Պողոսյանի գլխավորությամբ» «սրանց ձեռնարկների դեմն առնել»։ Ինչևէ։ Տարօրինակ է, թե ինչու է Միհրան Պողոսյանը Գյումրիում առաջինը տարածքային կառույց բացել, քանի որ «ժանրի կանոնը»  ենթադրում էր, որ առաջին այդպիսի կառույցը պետք է Տավուշում բացվեր՝ փրկության ենթակա տարածքներին հնարավորինս մոտիկ։ 

Ինչպես  տեղեկացնում է կուսակցության անունով  ֆեյսբուքյան էջը՝ կուսակցությունը    առաջիկայում գրասենյակներ  կբացի նաև ՀՀ այլ մարզերում (Տավուշում տեսնես ե՞րբ կբացեն),  ինչպես նաև արտասահմանում։ Ի դեպ, որպես  կուսակցության  ֆեյսբուքյան էջ ծառայում է Միհրան Պողոսյանի հիմնադրած «Քեթրին» ՀԿ-ի էջը, որը անվանափոխվել է օրերս՝ ապրիլի 12-ին։  

«Քեթրին» ՀԿ անունով հանրությանը հայտնի էջը ստեղծվել է   2014 թ.-ի սեպտեմբերի 24-ին, և քանի որ 8,4 հազար հետևորդ ունի, երևի կուսակցության PR պատասխանատուները որոշել են զրոյից նոր էջ ստեղծելու, «էս նեղ մաջալին»՝  օրումեջ բացվող  կուսակցությունների  ու փրկիչների մրցակցության պայմաններում, ձևականությունների հետևից չընկնել, եղած քարոզչական ռեսուրսներն օգտագործել՝ «սակայն ինչ տարբերություն» սկզբունքով։  Իմիջիայլոց, արդեն այլևս «քաղաքական կազմակերպություն»   հանդես եկող այս էջում դեռևս պահպանվել են «Քեթրին» ՀԿ-ի անունից նախկինում իրականացված միջոցառումների ֆոտոներն ու վիդեոհոլովակները։   
«Այսօր մեր մանկապարտեզում օրը տոնական էր՝ լի մեծ հուզմունքով, սրտի թրթիռով սիրելի մանկապարտեզին հրաժեշտ տվող փոքրիկների փայլուն աչուկներով։

Փոքրիկ հրաշամանուկները մեծ վարպետությամբ ներկայացրին իրենց խոսքերը՝ ուղղված հայրենիքին, ծնողներին, զինվորներին, ուսուցիչներին ու բոլոր ներկաներին: Նրանց խոսքը վարժ էր, իսկ փոխանցած տրամադրությունը՝ մանկական, պայծառ, վառ և եթերային...»,- «Քեթրին» ՀԿ-ի էջին  նշելով («թեգելով»)  2017-ին գրել է Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող մանկապարտեզներից մեկի ֆեյսբուքյան էջն ու հավելել՝  արդարադատության գեներալ-մայոր, ԱԺ պատգամավոր, այժմ էլ, փաստորեն, հետին թվով ՀՀՄ նախագահ  Միհրան Պողոսյանը  նվերներ է բաժանել մանկապարտեզի սաներին... Փաստորեն, ՀՀՄ-ի քարոզչական թիմում ոչ միան ստեղծագործական մտքի կրիզիս է, այլ նաև սոցցանցերում էջ կառավարելու գրագիտության։ Ու էս տեմպերով ու մակարդակով փորձում են երկի՞ր փրկել։  

Հ. Մ.