Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինձ համար մեծ պատիվ կլինի ղեկավարել քաղաքը․ Շիրակի մարզպետը՝ Գյումրու ավագանու ընտրություններում՝ ՔՊ ցուցակը գլխավորելու մասին

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշում է կայացրել, որ ես գլխավորելու եմ համամասնական ցուցակը՝ Գյումրու ավագանու ընտրությունների ժամանակ»,- այդ մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը։

Նա նշեց, որ իրեն առաջարկվել է գլխավորել համամասնական ցուցակը և ինքը տվել է իր համաձայնությունը, որովհետև լինել թեկնածու, հետագայում էլ, եթե ժողովուրդը կատարի իր ընտրությունը և ի վերջո ավագանին էլ որոշի, որ ինքը պետք է լինի քաղաքապետը, իր համար մեծ պատիվ կլինի գլխավորել այդ կառույցը և ղեկավարել քաղաքը։

«Շիրակի մարզը մեծ պոտենցիալով և մեծ հնարավորություններով մարզ է և այդ պոտենցիալը պետք է զարգացնել, այդ պոտենցիալը պետք է բացել։ Պոտենցիալը բացելու հետ կապված մենք իրականում շատ մեծ աշխատանք ենք արել մինչև այսօր, շարունակում ենք այդ աշխատանքը կատարել՝ սկսած ենթակառուցվածքները զարգացնելով և մարդկային ռեսուրսների մասով վեր հանելով այն խնդիրները, որոնք որ կան և հող նախապատրաստում հետագա ավելի արդյունավետ կառավարման և նաև պրոցեսների արդյունավետ կառավարման համար»,-ասաց Հովհաննես Հարությունյանը