Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Շոկ էր իմ համար՝ ո՞նց, մարդամեջ են դուրս գալի՞». Խուլիգանական արարքի հեղինակը նախորդ տարի էլ է փողոցում վիրավորել Ասլանյանին և մեկ այլ ՔՊ-ականի

«Շոկ էր իմ համար՝ ո՞նց, մարդամեջ են դուրս գալի՞». Խուլիգանական արարքի հեղինակը նախորդ տարի էլ է փողոցում վիրավորել Ասլանյանին և մեկ այլ ՔՊ-ականի
Քաղաքականություն
18:30, 17 апрель 2024
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի նկատմամբ խուլիգանական արարք թույլ տված Սամվել Վարդանյանը, պարզվում է, առաջին անգամ չէ, որ թիրախավորում է իշխանության ներկայացուցիչներին՝ նրանց հրապարակավ վիրավորելը համարելով  «քաջագործություն»։   Նա, պարզվում է, նախկինում ևս հանրային վայրերում իրեն թույլ է տվել համանման արարքներ, սակայն կարողացել է պլստալ պատասխանատվությունից։  Ընդդիմության և նրանց սպասարկող  քարոզչական «շայկայի» կողմից արդեն իսկ հերոսացված «կտրիճ Սամվելը», նկատենք,  անցյալ տարի  հյուրընկալվելով  Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ աֆիլացված կայքին և դրա հաղորդավարներ Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին (որոնք, hիշեցնենք, շաբաթներ առաջ են կալանավորվել)՝ խրոխտ պատմել է իր՝ նախորդիվ կատարած «հերոսություննների» մասին՝ արժանանալով հաղորդավարների ակնհայտ հիացմունքին ու աջակցությանը։

«Մի սովորական օր ես գնում էի աշխատանքի, ավտոբուսից իջա Չարենց-Սայաթ-Նովա կանգառում, տեսա  ոստիկանական մեքենաներ, լույսեր... քանի որ ես գիտեի՝ ինչ որջ ա գտնվում այդտեղ («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի մասին է խոսքը-խմբ.), հասկացա՝ կամ գնում ա, կամ գալիս ա (ենթադրաբար Նիկոլ Փաշինյանին  նկատի ունի-խմբ.)... քայլեցի, թեքվեցի Սայաթ-Նովա, մի 10 մետր իջա, նայում եմ ձախ՝ տեսնում եմ մեր գետադարձը դուրս եկավ  և աստիճաններով իջնում ա դեպի մեքենա։ Բնականաբար, չէի կարա չարձագանքեի, ես դե անցյալ տարի ակցիա եմ սկսել ոնց որ, շարունակական գործողությունների շղթա ա, սա էլ ոնց որ մի օղակ ա...»,- պատմել է  Վարդանյանը։ Հաղորդավարի հարցին՝ ինչ ակցիայի մասին է խոսքը,  քաղակտիվիստը  պատասխանել է. «Այսինքն՝ ՔՊ-ականներին որ տեսնում եմ՝ իշխանականներին, ես արձագանքում եմ։ ...Ես հիշում եմ՝ առաջինին որ տեսա, էդ իրանց թոշնածներից մեկին, ասեցի՝ այ հակահայ, դավաճան։  Ու սկսեց ինչ-որ բան ասել, հակադարձել, ես խոսեցի, հետո մարդիկ սկսեցին հավաքվել, մարդիկ, իմիջիայլոց, դեմքով չէին ճանաչում իրան, դա լուրջ խնդիր ա...»։ Ո՞վ էր ինքը՝ ճշտմանը՝ խուլիգանական արարքի հեղինակը պարզաբանում է. «Հակոբ Ասլանյանը... (քմծիծաղով-խմբ.):  Ու ինքը սկսեց՝ բա ես կռվել եմ երեք պատերազմներում, բան։

Ու ինքը էն մարդն ա, որ Հադրութից հենց առաջին օրը վիրավորվել, իբր շարքից դուրս ա եկել, հետ ա եկել էս վերջին՝ 20 թվի պատերազմին։ Ու խոսակցություն ծավալվեց, մարդիկ հավաքվեցին, ու ես արդեն մարդկանց լուսավորում եմ, որ սա  իշխանական պատգամավոր ա, բան... (ծիծաղում են Վարդանյանն ու  հաղորդավարները-խմբ.)։ Ու էդ պահին գալիս են պարեկները, սա միանգամից ինձ վիրավորում ա, բան, բա՝ ես պատգամավոր եմ, բան։ Մինչև էդ բանավիճում էր, ու սովորական, մեր պես մարդիկ ասում են՝ չի վիրավորել էդ տղան, էս կողմ, էն կողմ, ու էս պարեկները, քանի որ շատ կոմպետենտ են, իրանք ասում են՝ քեզ պիտի տանենք բաժին։ Ասում եմ՝ ոնց, խոսքո՞վ միայն իրա, ես էլ ես եմ ասում՝ ինքը ինձ վիրավորել ա։ Պարեկը մի երեք վայրկյան նայում ա իմ դեմքին, ասում ա՝ երկուսիդ ենք տանում, սա պարեկի թևից քաշում ա, թե՝ ես 12։30-ին  ժողովի եմ, բան, դե ես էլ ասում եմ՝ եթե իրան բաց թողեք, ինձ էլ եք բաց թողնելու, բացահայտ ապօրինություն եք դուք անում։ Բա՝ եթե բողոք չունեք, բան, դժկամությամբ բիձուկը ասում ա՝ չունեմ բողոք, ես էլ ասում եմ՝ ես էլ չունեմ բողոք, ու բաց են թողնում երկուսիս։ Սա նստում ա առաջին պատահած ավտոբուսը, գնում ա, ես, իհարկե, շարունակեցի բղավել էդտեղից, որ ավտոբուսի մեջ եթե իմ պես մեկը լինի, հասկանան՝ ով ա, ու շարունակեն։ Ինչ եղավ հետո՝ չգիտեմ»։ Այնուհետ, շարունակելով, «կտրիճ Սամոն» պատմում է իր մասնակցությամբ այլ քաջագործությունների մասին՝ նշելով ինչ-որ «օմարի կաչաղակի» մասին։ «Դրան էլ ասեցի՝ Քադաֆիից ձիգ չըլնեք, քիչ ա մնացել, որտև ես կարծում եմ, որ իրանց իշխանությանը քիչ ա մնացել... Ինքն էլ շատ հեգնական, սենց, բան արեց՝ հա, հա ապեր, ես բնական ա, էսկալացիայի չտարա, ուղղակի իմ դիրքորոշումն արտահայտեցի, իմ գնահատականը տվեցի իրան ու շարունակեցի։ Ու պարբերաբար լինում ա, փոքր ա մեր Կենտրոնը... Ես իմ ֆեյսբուքում ռուբրիկա ունեմ դեռ անցած տարվանից ու պարբերաբար լրացնում եմ օրերով՝ էսօր էսինչի օրն էր։ Ես իրականում միշտ ակտիվ եմ եղել, ուղղակի երեք օր առաջ ավելի մարդիկ տեսան...

Վերջերս տեսել եմ Ռուստամ Բաքոյանին, իմիջիայլոց, էլի աշխատանքի էի գնում։  Շատ ագրեսիվ էր, իրան Շրջանայինում տեսա, ինչ-որ մեկի հետ փողոցում կանգնած խոսում էր տենց հանգիստ, ես էլ անցնում էի, ու էն որ շոկ էր իմ համար՝ ո՞նց, մարդամեջ են դուրս գալի՞ իրանք հանգիստ, բան... ու՝ այ դավաճա՞ն, իրան ասեցի։ Ինչ ա, արա, բան, սենց ագրեսիվացավ, բան արեց ու հայհոյեց ինձ ու փորձեց առաջ գալ... Ասի՝ հըն, գալիս ես թքե՞ս, իրա հետ ինչ-որ մեկը կար, իրան պահեց, ու արդեն քաղաքացիները բան արեցին, երկու աղջիկ էին, թե՝ պտտվի գնա, պտտվի գնա,  հասկացա, որ կիսում են իմ կարծիքը...»։ Ինչն է ուշագրավ՝ հաղորդավարներից մեկը՝ Նարեկ Սամսոնյանը, ոգևորված Բաքոյանի հետ կապված սադրանքի մասին պատմությունից, հարցնում է Վարդանյանին՝ չխփեցի՞ր, ու քմծիծաղ տալիս։ Ապա շարունակելով ուրախ-զվարթ զրույցը՝  հյուրն ու հաղորդավարները եզրակացնում են՝ Սամվելի գործի գնալը ՔՊ-ականների վրա չի գալիս։ «Իմիջիայլոց, կարա տենց դեպք էլ լինի, եթե որոշեն, տենց դուրս գալ, ասեն՝ ճշտեք, տեսեք, էսօր Սամվելի սմենն ա՞, թե՞ չէ...»,- հեգնում է Սաղաթելյան ազգանունով հաղորդավարը։    

Փաստորեն, Սամվել Վարդանյան անունով քաղակտիվիստը «սմենով»՝  պարբերաբար,  թիրախավորել է տարբեր անձանց, իր գործողությունների մասին հրապարակավ հայտնել հանրային հարթակում՝   «ֆեյսբուքյան ռուբրիկաներում», և միայն վերջին՝ խուլիգանական արարքն անելուց հետո է, որ կանչվել է իրավական պատասխանատվության։ Իսկական «հերոս»։  
Ի դեպ, Վարդանյանի պաշտպանությունը ստանձնած  քաղաքական ընդդիմադիր ուժերն ու ընդդիմադիր  «իրավապաշտպանները» հատուկ շեշտում են, որ վերջինս մասնակցել է 44-օրյա պատերազմին։  Հայրենիքի պաշտպանությանը մասնակցած լինելը, փաստորեն, ըստ «պաշտպանների», հիմք է, որպեսզի ինչ-որ անձինք իրենց թույլ տան հակաօրինական քայլերի դիմել, խախտել այլոց իրավունքները։ 

Նշենք, որ Հակոբ Ասլանյանը ղարաբաղյան երեք պատերազմների մասնակից է, պարգևատրվել է «1992-1994թթ. մարտական գործողությունների մասնակից» (1997թ.,ՊՆ) և «2016թ. ապրիլյան պատերազմի մասնակից» (2019թ., Արծիվ մահապարտների միություն) կրծքանշաններով, «Վազգեն Սարգսյան» (2007թ., Արծիվ մահապարտների միություն)  և «Ասպետաց Մեծն Տիգրան» (2016թ.) շքանշաններով, «Մայրական երախտագիտություն» (2007թ., ԱՀ), «Գարեգին Նժդեհ» (2010թ., ՊՆ), «Մարտական ծառայության» (2011թ., ՀՀ), «Դրաստամատ Կանայան» (2013 թ., ՊՆ), «Զինվոր հայրենյաց» (2013թ., «Զինվոր» ՀԿ) մեդալներով, «Կրթության երախտավոր» ոսկե հուշամեդալով (2012թ.): 

Անդրադառնալով իր հետ տեղի ունեցածին՝ Ասլանյանը երեկ ԶԼՄ-ների հետ զրույցում նշել է՝ «դա էմոցիոնալ պոռթկում չէր, այլ՝ կանխամտածված մոտեցում», և հավելել՝ իր կողմից հարվածներ չեն եղել ուղղված երիտասարդին,  իրավապահներին էլ չէր դիմի, եթե միջադեպի տեսագրությունը չհայտնվեր համացանցում։   

Հ. Մ.