Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը, գուցե ժամանակավորապես, վերացնում է Ադրբեջանի կողմից նոր պատերազմ սկսելու հիմքը. Թաթուլ Հակոբյան

Հայաստանը, գուցե ժամանակավորապես, վերացնում է Ադրբեջանի կողմից նոր պատերազմ սկսելու հիմքը. Թաթուլ Հակոբյան
Քաղաքականություն
23:38, 19 апрель 2024
Լրագրող, հետազոտող, «Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ» հիմնադրամի ղեկավար Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը:

Եթե ժողովրդի համար հասկանալի հայերենով թարգմանենք, ապա.

ա/ Բաքուն առանց պատերազմի ստանում է Խորհրդային Ադրբեջանի Ղազախի շրջանի՝ 1990-ական թթ սկզբից ամբողջովին կամ մասամբ հայկական վերահսկողության տակ գտնվող 4 գյուղերը՝ Բաղանիս-Այրում, Ներքին Ոսկեպար՝ Աշաղը Ասկիպարա, Խեյրիմլի և Ղըզըլհաջիլի,

բ/ Բաքուն ՀՀ-ին ժամանակ է տվել, որպեսզի հայկական կողմը Կիրանցի կամրջից մոտ 200 մետր դեպի Աջարկուտ ուղղությամբ նոր կամուրջ կառուցի, որից հետո այսօրվա գործող կամուրջն անցնում է Ադրբեջանին,

գ/ Բաղանիս-Բաղանիս Այրում-Ներքին Ոսկեպար-Կիրանց հատվածում, երկու կողմերից կանգնում են սահմանապահ զորքերը, ինչպես օրինակ Շուռնուխում է,

դ/ առայժմ Ադրբեջանի վերահսկողության տակ է մնում Մազամ-ջրամբար եռանկյունին, որը Խորհրդային Հայաստանի մաս էր, բայց 90-ական թթ Ադրբեջանի վերահսկողության տակ է, իսկ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցուց մինչև Կիրանց և ճանապարհի ամենաբարձր ոլորանի (որտեղ հայկական դրոշն է ծածանվում) եռանկյունին, որը 90-ական թթ հայկական վերահսկողության տակ է, մնում է նույն վիճակում:

Մեկնաբանություն.

ա/ Ադրբեջանը առանց կրակոցի ստանում է իր պահանջած գյուղերը, որոնք 2020թ նոյեմբերի 9-ի հայտարարության նախնական տարբերակում պետք է վերադարձվեին Աղդամի շրջանի հետ , բայց չեն վերադարձվել, քանի որ, հավանաբար, հայկական կողմը կարողացել է համառել, իսկ նոր տարբերակում այդ գյուղերի անունները դուրս մնացին,

բ/ Հայաստանը, գուցե ժամանակավորապես, վերացնում է Ադրբեջանի կողմից նոր պատերազմ սկսելու հիմքը, կրկնեմ՝ ժամանակավորապես,

Ամփոփում.

Սա լավ է՞, թե՛ վատ...

Լավ չէ, իհարկե: Բայց կարող էր և կարող է ավելի վատը լինել: 

Ինչու այսպես եղավ: Որովհետև կապիտուլյացիայի ենթարկված ժամանակ դու շատ բան չես որոշում: Դու կարող էիր շատ բան որոշել, երբ հաղթած էիր: Բայց հաղթած ժամանակ քեզ թվացել էր, որ հարցը լուծել ես ու կարող ես հանգիստ կենացներ ասել: