Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսական սպասարկուները փորձում են ապոկալիպտիկ խուճապ տարածել, գոռալով` «Տավուշը հանձնեցին». սա, Սերժի ասած, իրենց «վերջին շանսն է» իշխանությունը զավթելու

Ռուսական սպասարկուները փորձում են ապոկալիպտիկ խուճապ տարածել, գոռալով` «Տավուշը հանձնեցին». սա, Սերժի ասած, իրենց «վերջին շանսն է» իշխանությունը զավթելու
Քաղաքականություն
02:30, 20 апрель 2024
 «Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար, վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Հարգելի համաքաղաքացիներ, 

Վատառողջ լինելու պատճառով այս քանի օրը չեմ կարողանում հարցազրույց տալ (արտասահմանյան ուղեւորությունիցս վերադառնալիս հիվանդացա ու հասցրեցի միայն Ամերիկայի Ձայնին առցանց կարճ մեկնաբանություն տալ 3-4 օր առաջ)։ Սակայն այսօրվա իրադարձությունը՝ հայ-ադրբեջանական սահմանազատման/սահմանագծման համատեղ հանձնաժողովի որոշումը Հայաստանի հս-արեւելյան հատվածում մի քանի կիլոմետր երկարությամբ սահմանի սահմանազատման եւ Տավուշին սահմանակից նախկին ադրբեջանական 2,5 գյուղերի՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո վերադարձնելու վերաբերյալ եւ դրա շուրջ բարձրացող աղմուկը ստիպում է ինձ իմ գնահատականները հնչեցնել կատարվածի կապակցությամբ․ 

1․ Պետք է արձանագրել, որ Ադրբեջանը, փաստորեն, համաձայնել է սկսել դեմարկացիան/դելիմիտացիան որեւէ քարտեզի (տվյալ դեպքում՝ 1976թ․-ի) հենքով, մի բան, ինչին չէր համաձայնվել անգամ 2023թ․ ԱՄՆ միջնորդությամբ տեղի ունեցած վաշինգտոնյան բանակցությունների ժամանակ։ Իսկ սա նշանակում է, որ առաջին ամրանշանն է դրվում Ալմա-Աթիի հռչակագրով նախատեսված սկզբունքի կյանքի կոչման համար, որը արդեն հիմք է ունենալու շարունակական կիրառության նաեւ սահմանի այլ հատվածներում եւ Ադրբեջանին՝ Հայաստանից գրաված տարածքները վերադարձնելու։ Վերջինը չանելու Բաքվի համար միակ ձեւը մնում է հետագայում այս պրոցեսը ձգձգելը։ 

2․ Հրապարակված քարտեզից երեւում է, որ Ոսկեպար գետից հարավ ընկած, նախկինում Ադրբեջանական ԽՍՀՄ-ին պատկանած եւ այժմ ՀՀ վերահսկության տակ գտնվող «եռանկյունին», որով անցնում է նաեւ Իջեւանը Նոյեմբերյանին, իսկ Երեւանը՝ Թիֆլիսին կապող ճանապարհը, մնալու է Հայաստանի վերահսկության տակ, այսինքն թանկարժեք շրջանցիկ ճանապարհի /թունելի կառուցման անհրաժեշտություն գոնե այս պահի դրությամբ չի առաջանում։ Թեեւ դրա դիմաց Հայաստանին չի վերադարձվում Բերքաբերի ջրամբարից հյուսիսում գտնվող մի քիչ ավելի մեծ տարածք զբաղեցնող նույնանման «եռանկյունին», սակայն պետք է հասկանալ, որ դրանով անցնող ճանապարհը, որից կարող էր զրկվել Ադրբեջանը եւ որը կապում է երկու ադրբեջանական գոյւղերը Ղազախ քաղաքին ռազմավարական առումով պակաս կարեւոր է, քան Իջեւան-Նոյեմբերյան ճանապարհի Կիրանից դեպի Ոսկեպար տանող հատվածը, որի մի կտորը կարող էինք կորցնել, եթե դելիմիտացիան այս հատվածում արվեր ամբողջապես։ Արդյո՞ք այս անորոշույթունը ինքնին ռիսկեր չի պարունակում՝ այո, պարունակում է, սակայն դրանք էապես նվազ են, քանի որ այս տարածքներում բնակավայր չկա եւ դրանց դելիմիտացիան կարող է արվել փոխանակումների եւ այլ ոչ բնակեցված հատվածների դելիմիտացիայի/դեմարկացիայի շրջանակներում։ Հենց այդ նպատակով էլ, ինչպես հասկացա, Խաղաղության պայմանագրի համար տեղ է թողնված դելիմիտացիայի հանձնաժողովի Կանոնակարգում փոփոխություններ մտցնելու հարցում։ 

3․ Ակնհայտ է, որ այս հատվածում այսպիսի դելիմիտացիայի հետեւանքով Հայաստանը վերադարձնում է հարյուրավոր հեկտարների տարածք, իսկ Արդբեջանը Հայաստանին՝ կարծես ոչինչ (համենայնդեպս առաջին դիտարկմամբ)։ Բայց դա «փոխհատուցվում է» առաջին կետում նշածս ձեռքբերմամբ, որը հիմք է հանդիսանալու այլ հատվածներում Ադրբեջանի գրաված հայաստանյան տարածքների վերադարձի, որի մասին վերջերս արտահայտվել էր նաեւ ԵՄ պաշտոնական ներկայացուցիչը։ 

4․ Տոպոգրաֆիական քարտեզներ ձերքիս տակ չունեմ, որի պատճառով նաեւ չեմ կարող ասել, թե ինչ դիրքային վատթարացումներ ենք ունենալու։ Ամեն դեպքում, պետք է մինչեւ այդ հատվածներում մեր դիրքերի հետ քաշելը կառուցել եւ կահավորել նոր բնագծերը, որքան էլ որ ասվի, որ այդտեղ այսուհետ սահմանափահներ են կանգնելու՝ զինված ուժերի փոխարեն։ 

5․ Այս որոշմամբ էապես կանխվում է Ադրբեջանի կողմից ագրեսիայի ռիսկը՝ իր բնակավայրերի «ազատագրման» պատրվակով, անկախ այն բանից, թե դա ինչ հետեւանքներ կարող էր ունենալ Ադրբեջանի համար։ Իսկ որ այս պատրվակը մնում էր Կրեմլի թերեւս վերջին հույսը հայ-ադրբեջանական նոր պատերազմ սկսելու ու հետո գալու մեզ «փրկելու»՝ դիմացը Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը վերացնելով՝ իրեն թնդանոթի միս մատակարարող ծայրագավառ դարձնելու՝ ակնհայտ է։

6․ Արդյո՞ք ավելի լավ չէր լինի, եթե այդ 2․5 գյուղերը չվերադարձնեինք Ադրբեջանին, այլ ինքներս պահանջեինք նախ մեզ վերադարձնել այն շուրջ 200 քառակուսի կիլոմետր տարածքները, որը Արդբեջանը զավթել է ՀԱյաստանից 1990-ականների սկզբերին, ապա 2021-2022թթ․-ին։ Իհա՛րկե ավելի լավ կլիներ։ Ես ավելին ասեմ, ավելի լավ կլիներ Արցախն էլ թույլ չտայինք գրավել, բայց դրա համար պետք էր ոչ թե 30 տարի նիրհել հաղթանակի լավրերի վրա՝ թույլ տալով որ մի խումբ ջեբկիրներ բռնազավթեն պետական իշխանությունը ու թալանեն պետությունն ու բանակը, այլ հզոր ու ինքնիշխան պետություն կառուցել եւ պատրաստվել պատերազմի, որ Ալիեւի անգամ մտքով չանցներ մեզ հետ ուժի կամ հաղթողի դիրքերից խոսել։ Այժմ ստիպված ենք շարժվել պատերազմական ռիսկերի կառավարման եւ Հայաստանի անկախությունն ու անվտանգությունը ամրապնդելուն նպաստող քայլերի տրամաբանությամբ։  

7․ Այն, թե ինչ ապոկալիպտիկ խուճապ են փորձում տարածել հայաստանյան ռուսական սպասարկուները՝ թե բա «Տավուշը հանձնեցին» եւ այլ նման զառանցանք, ցույց է տալիս, որ սա, իրոք որ, Սերժի ասած, իրենց «վերջին շանսն է» իշխանությունը զավթելու։ Հատկանշական է, որ սա ասում են այն նույն ուժերը, որոնք 2017-ին ասում էին, որ Աղդամը մեր հայրենիքը չէ, հետո, 2018-ի հեղափոխությունից հետո սկսեցին մեղադրել Փաշինյանին, որ նա եկել է «ազատագրված տարածքները Արդբեջանին հանձնելու համար» ու երբ նաեւ այդ մթնոլորտի ճնշման ներքո Փաշինյանը անխոհեմաբար Ստեփանակերտում հայտարերեց, թե «Արցախը Հայաստան է եւ վերջ»՝ 2020թ․ պատերազմից հետո սկսեցին մեղադրել նրան, որ նա հրահրեց պատերազմը նման արտահայտությամբ, բայց հիմա եկեղեցու ջոջերի շուրթերով եւ վերջինների թիկունքում թաքնված պահանջում են Փաշինյանից մոտավորապես նույնը՝ հայտարարել, որ, օրինակ, Խեյրըմլին Հայաստան է եւ վերջ։ 

Կոչ եմ անում չտրվել անհիմն խուճապի եւ չկիսվել սադրիչ լուրերով եւ ապատեղեկատվությամբ, որոնց արմատները տանում են կա՛մ Բաքու կա՛մ Մոսկվա։»