Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, և ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, և ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Քաղաքականություն
14:51, 20 апрель 2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ սահմանազատումն այն է, որ մեծ քարտեզներից մենք գալիս-կանգնում ենք հողի վրա, սակայն նույնիսկ ամենավերջին աշխատանքային քարտեզն ունի շեղումներ, այսինքն՝ այն քարտեզները, որ օգտագործվում են դելիմիտացիայի համար, երբ դառնում են նկարագրություն, որոշակի շեղումներ ունենում են:

«Նույն խնդիրները, որ ծագում են մեզ համար, հնարավոր է՝ ծագեն նաև Ադրբեջանի համար: Տարբերությունն այն է, որ ադրբեջանական գյուղերում մարդիկ չեն ապրում, մեր գյուղերում ապրում են: Խորհրդային Միության ժամանակ այդ գյուղերը՝ Ոսկեպարը և Աշաղը Ասկիպարան, ըստ էության իրար մեջ են եղել, Կիրանցը և Խեյրումլին շատ մոտ են եղել իրար: Նկատի ունեմ՝ բոլոր հարցերը կլուծվեն, և բոլոր հարցերը լուծելի են»,- նշել է վարչապետը՝ ընդգծելով՝ սա անվտանգային ռիսկերի նվազեցման շատ էական գործոն է:

Ինչ վերաբերում է տարածքների փոխանակման հարցին, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ դա շատ լուրջ՝ հանրաքվեի անհրաժեշտություն ունեցող հարց է, հիշեցրել՝ ոսկեպարցիների հետ հանդիպմանն է ասել, որ ոչ թե նոր սահման է ստեղծվելու, այլ վերարտադրվելու են Խորհրդային Միության ժամանակ եղած սահմանները:

«Նրանք որոշ հարցեր են բարձրացրել, և այդ որոշ հարցերի մեծ մասն առնվազն այս փուլում հասցեագրված է»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ շատ է խոսվում, թե ինչ գործառույթ է իրականացնելու բանակը:

«Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, և ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի: Այսօր արդեն Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները կապի մեջ են իրար հետ, և նրանք պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու: Իսկ ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա բոլորովին ուրիշ խնդիր է»,- նշել է վարչապետը՝ հորդորելով սադրանքների չտրվել: